Մատչելիության հղումներ

Բաքվից հնչող մի շարք հայտարարություններ, որոնք վերաբերում են ՀՀ բանակի բարեփոխումներին, մեզ անհանգստացնում են. Փաշինյան


Ադրբեջանից հնչող մի շարք հայտարարություններ, որոնք վերաբերում են Հայաստանի բանակի բարեփոխումներին և արդիականացմանը, մեզ անհանգստացնում են, բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե մենք տեսնենք Ադրբեջանի և Հայաստանի ռազմական բյուջեների հարաբերակցությունը, այդտեղ էական դիսբալանս կա, և այո, այդ հարաբերակցությունը ձևավորվում է նաև Ձեր նշած գործարքների միջոցով Ադրբեջանի եկամուտների շնորհիվ: Բայց մեզ ի՞նչն է անհանգստացնում, որ նույնիսկ այս դիսբալանսի պայմաններում Ադրբեջանը շատ ագրեսիվ է արձագանքում Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին և սպառազինության ու տեխնիկայի ձեռքբերումներին, չնայած, մենք բոլորս հասկանում ենք, որ այդ ձեռքբերումներն ունեն բացառապես պաշտպանական նշանակություն», - նշել է Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է՝ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը, ասելով. - «Մենք պետք է արձանագրենք, որ մարտունակ բանակ ունենալը, այո, երբեմն օգտագործվում է պատերազմի համար, բայց մարտունակ բանակ ունենալը կարևոր է նաև խաղաղության համար, ուժերի ճիշտ բալանս ձևավորելու համար»:

«Մենք Ադրբեջանին առաջարկել ենք սպառազինությունների վերահսկման փոխադարձ երկկողմ մեխանիզմ ստեղծել: Այսինքն, որպեսզի կարողանանք փոխադարձ այդ համաձայնությունների սահմաններում մեր սպառազինություններն ապահովել և մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք չսադրել: Մենք առաջարկել ենք և շարունակում ենք առաջարկել, որ զորքերի հայելային հետքաշում տեղի ունենա 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով արձանագրված սահմանից: Այդ արձանագրումը, այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ: Մենք առաջարկել ենք չհարձակման վերաբերյալ համաձայնագիր ստորագրել նույնիսկ մինչև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնություն ձեռք բերելը, որովհետև շատ պարզ համաձայնագիր է, որ մենք, նամանավանդ հիմա, երբ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը դրել ենք մեր սահմանագծման, սահմանազատման պրոցեսի հիմքում, կարող ենք, դա շատ պարզ թուղթ է, ստորագրել, որ չենք հարձակվելու իրար վրա՝ ելնելով այն իրողությունից, որ միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչել ենք և միմյանց նկատմամբ տարածքային նկրտումներ չունենք», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի կառավարության ղեկավարը հայտարարել է՝ այն համաձայնությունը, որ նախորդ ուրբաթ օրը երկու երկրների սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովները ձեռք բերեցին, նաև նման համաձայնություններն իրենք կարող են կայունությանը նպաստել:

«Մենք չենք պատրաստվում պատերազմի, մենք պատրաստվում ենք խաղաղության, բայց մյուս կողմից էլ, քանի դեռ չունենք համոզմունք, որ Հայաստանի Հանրապետությունը չի ենթարկվի հարձակման, մենք, բնականաբար, պետք է զարգացնենք մեր պաշտպանական կարողությունները: Ընդ որում, ես ասել եմ, որ 29,743 քառ. կմ տարածքից անդին Հայաստանի Հանրապետությունը հավակնություններ չունի ոչ մի ուղղությամբ՝ ո՛չ հարավային, ո՛չ արևմտյան, ո՛չ հյուսիսային, ո՛չ արևելյան: Եվ մենք կարծում ենք, որ այս հենքի վրա պետք է մեր ինքնիշխանությունը, անկախությունը կառուցենք և զարգացնենք», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է՝ հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում՝ անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից:

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին՝ վարչապետը նշել է. «Երբ սահմանները խախտվել են 2021թ. մայիսին, 2021թ. նոյեմբերին, 2022թ. սեպտեմբերին և Հայաստանը սահմանված կարգով ձեռնարկել է ճգնաժամային իրավիճակներում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արձագանքի մեխանիզմներ, այդ մեխանիզմները չեն գործարկվել այն պատճառաբանությամբ, որ սահմանները դելիմիտացված չեն: Եվ Ռուսաստանի Դաշնությունից էլ վերջերս նման հայտարարություն է հնչում, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի գործարկվել այդ պահին, որովհետև այդտեղ դելիմիտացված սահման չկար կամ սահման չկա, բայց մեր գործընկերները չեն արձանագրել մի կարևոր բան, եթե այդտեղ դելիմիտացված սահման չկա, դա նշանակո՞ւմ է արդյոք, որ չկա նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի, որովհետև սահմանը կա և բոլորը գիտեն այդ սահմանի տեղը, իսկ, ըստ էության, նրանք ասում են, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի Հայաստանի Հանրապետությունում իրենք չենք կարող ցույց տալ: Սա, կներեք, նշանակում է, որ իրենք ասում են, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն, ըստ էության, չկա, որովհետև դելիմիտացված չի, դելիմիտացված չէ նաև, օրինակ՝ սահմանը Ռուսաստանի և Ճապոնիայի միջև»:

«Մեր հանրությունը մեզ ասում է՝ դուք ինչո՞ւ եք շարունակում մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ: Եվ եթե անկեղծ ասեմ՝ ես այդ հարցի պատասխանը չունեմ», - ընդգծել է նա:

Փաշինյանը նաև նշել է. «Շատ են ասում, թե Հայաստանը ՀԱՊԿ-ի մասին այսպես ասաց, Հայաստանը ՀԱՊԿ-ի մասին այնպես ասաց, Հայաստանը ՀԱՊԿ-ում այս արեց, Հայաստանը ՀԱՊԿ-ում այն արեց, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել: Ինչ-որ ՀԱՊԿ-ին արել է՝ ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարությամբ, գործողություններով և անգործությամբ»:

Ընդգծելով, գործնականում Հայաստանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ՀՀ կառավարության ղեկավարն ասել է՝ եթե այսպես շարունակվի՝ «վերամասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում կդառնա գործնականում անհնարին»:

«ՀՀ պատրաստ է իր իրավասության շրջանակներում քայլեր ձեռնարկել, որպեսզի ադրբեջանական չորս գյուղերում ապրելը հնարավոր դառնա»

Խոսելով սահմանազատման գործընթացի մասին վարչապետն ասել է՝ «հույս ունենք, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»:

«Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն չունի: Իմիջիայլոց, կարծում եմ, որ սահմանազատման գործընթացում արդեն իսկ այսօր կայացվող որոշումներով մենք ցույց ենք տվել մեր անկեղծությունը։ Ցույց ենք տվել մեր անկեղծությունը, որովհետև մենք նաև հետևյալն ենք արել՝ արձանագրել ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է իր իրավասության շրջանակներում քայլեր ձեռնարկել, որպեսզի ադրբեջանական այն գյուղերում, մասնավորապես 4 գյուղերի մասին է՝ Ղըզըլհաջիլի, Խեյրումլի, Աշաղը Ասկիպարա, Բաղանիս-Այրում, որ այդ գյուղերում, որտեղ հիմա մարդիկ չեն ապրում, այդտեղ մարդկանց կյանքը հնարավոր դառնա, ապրելը հնարավոր դառնա, - ընդգծել է Փաշինյանը՝ շարունակելով, - բայց մենք նաև արձանագրում ենք, որ այդ նույն պրոցեսի արդյունքում պետք է նույնքան հնարավոր դառնա մարդկանց կյանքն առանց սթրեսների Հայաստանի Հանրապետության՝ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում, որ այդ մարդիկ իրենց տներում ապրեն, ընտանիքներ ձևավորեն, երեխաներ ունենան առանց անվտանգային մտավախությունների»։

«Ահա, սա այն կետն է, որի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները պետք է տեսական խաղաղության օրակարգը կարողանան վերածել կոնկրետ խաղաղ իրականության», - հայտարարել է նա։

Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են» Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։

Ըստ այդմ, Հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Կոորդինատների հստակեցումը պիտի ձևակերպվի արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024թ. մայիսի 15-ը, ինչից հետո այդ հատվածներում սահմանագիծը կհամարվի սահմանազատված։

Գործընթացն առայժմ չի վերաբերում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG