Մատչելիության հղումներ

Փաշինյանը փաստացի հաստատեց՝ ռուս սահմանապահները դուրս կգան Տավուշից


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր փաստացի հաստատեց՝ Ադրբեջանի հետ սահմանազատումից ու սահմանագծումից հետո ռուս սահմանապահները դուրս կգան Տավուշի մարզից։

«Ազատության» հարցին ի պատասխան վարչապետն ասաց՝ «ռուսական հենակետերն այնտեղ հայտնվել են մի իրադրության բերումով և այն, ինչ տեղի է ունենում հիմա, իհարկե իրադրության էական փոփոխություն է և այդ փոփոխությունը պետք է իր ազդեցությունն ունենա բոլոր ուղղություններում»։

«Դա նշանակում է, որ մենք առաջնագիծ չունենք և մենք ունենք սահման, իսկ սահմանը խաղաղության նշան է, իսկ դա նշանակելու է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահներն իրար հետ փոխգործակցելով ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանությունը», - ասաց գործադիրի ղեկավարը։

Փաշինյանը տեղեկացրեց, որ արդեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները կապի մեջ են իրար հետ և նրանք պետք է պայմանավորվեն նաև ծառայությունն իրականացնելու շուրջ։

Ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը՝ ըստ վարչապետի, «դա արդեն բոլորովին ուրիշ խնդիր է»։

«Այստեղ խնդրում եմ սադրանքների չտրվել։ Մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չենք փռելու սեղաններին և տեսախցիկների առաջ ցույց տանք։ Բայց մեր ակնկալիքը և մեր ընկալումն այն է, որ մենք խաղաղության ենք գնում։ Սա նաև խաղաղության գործընթացի համար շատ կարևոր անկյունաքար է», - ասաց Փաշինյանը։

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ավելի վաղ հայտարարել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների դիտակետերը տեղադրվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով։

Նա նշել է, որ դրանք տեղադրվել են Ռուսաստանի հաշվին Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, որպեսզի օգնեն կայունացնել իրավիճակը 2020 թվականին։

Կոպիրկինը նաև ընդգծել է, որ հայկական կողմը երբեք չի որոշել օրինականացնել ռուսական դիտակետերի տեղակայումը։

Դեռ 1997-ին Հայաստանն ու Ռուսաստանը Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր են կնքել և հենց այս պայմանագրով՝ Ռուսաստանը պարտավորվել է Հայաստանի հանդեպ ագրեսիայի դեպքում միջամտել։

Հայաստանի արևելյան սահմանագոտում 2021-ի նոյեմբերին ինտենսիվ մարտեր էին՝ զրահատեխնիկայի, հրետանու ներգրավմամբ։ Հայաստանը իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով դիմեց ռազմավարական դաշնակցին՝ հիշեցնելով հենց այս պայմանագիրը։ Սակայն աջակցություն չստացավ։ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին ու չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։ Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։

Չնայած դժգոհություններին՝ Հայաստանը դեռ ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է: Այս պահին միակ գործնական քայլն այն է, որ Երևանը որոշել է օգոստոսի 1-ից հրաժարվել է «Զվարթնոց»-ում ռուս սահմանապահների ծառայությունից:

Մոսկվայից արձագանքել են, թե ռուս սահմանապահների ու 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է: Մինչդեռ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որի թիմի օրոք ռուսները ծառայության անցան նաև հայ-ադրբեջանական սահմաններին, իր կասկածներն էր հայտնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG