Մատչելիության հղումներ

Լավրով. «Մենք ամեն դեպքում Հայաստանի հետ դաշնակիցներ ենք»


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուաստանի արտգործնախարարն այսօր չի բացառել, որ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև առաջիկայում կլինեն շփումներ՝ երկկողմ հարաբերությունների վիճահարույց հարցերը քննարկելու համար։ Թե կոնկրետ երբ կարող են Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը հանդիպել, Լավրովը չի հստակեցրել։

Մինչ այդ, Կրեմլը հայտարարել էր, որ առաջիկա երկուշաբթի Ադրբեջանի նախագահն է մեկնում Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման։

Ռուսական պետական լրատվամիջոցների ղեկավարներին տված հարցազրույցում Լավրովը մոտ տասը րոպե խոսել է Հայաստանի հետ հարաբերություններից, կրկին պնդել, թե Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները փորձում են դուրս մղել ռուսներին տարածաշրջանից։ Ընդ որում, Արևմուտքի մասին խոսել է առանց դիվանագիտական բառապաշարի՝ նրանց գործողությունները որակելով «լկտի ու անպատկառ»։ Հայաստանի վարչապետի մասին խոսելիս երկու անգամ հիշատակել է նրա վերջին ելույթը խորհրդարանում, որտեղ Փաշինյանն ասել էր, թե Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի պետականության, տնտեսության զարգացման ու ինքնիշխանության վրա դժվար է թերագնահատել:

«Նա ասաց, որ գնահատում են այն դրականը, որ եղել է և կա երկկողմ հարաբերություններում։ Կարծում եմ՝ սրանք շատ կարևոր խոսքեր են, Ինձ թվում է, որ դրանք շատ կարևոր խոսքեր են, քանի որ սա ինչ-որ չափով արձագանք է Արևմուտքի՝ ԱՄՆ-ի և Եվրամիության, նախ և առաջ՝ Հայաստանին Ռուսաստանի Դաշնությունից արագացված տեմպերով պոկելու անպատկառ գործողություններին», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Չնայած Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին, դիմել, որ ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից՝ չբացառելով, որ անգամ Գյումրիից ռազմակայանի դուրսբերման հարց կդնի, Ռուսաստանի արտգործնախարարն այսօր պնդել է. - «Մենք ամեն դեպքում Հայաստանի հետ դաշնակիցներ ենք»։

«Նախ՝ իրավաբանորեն է այդպես , և ես կարծում եմ, որ ոչ միայն իրավաբանորեն։ Կարծում եմ, որ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են Ռուսաստանի նշանակությունը Հայաստանի անվտանգության ու տնտեսական զարգացման համար», - հայտարարել է Լավրովը:

Որպեսզի առավել հստակ դառնա այդ «նշանակությունը», ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը խոսքի առյուծի բաժինը նվիրել է թվերին ու տնտեսական վիճակագրությանը՝ առևտրաշրջանառությունից մինչև գազի գին ու անգամ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի վճարած հարկեր.

«Անցած տարին՝ Հայաստանի ապրանքաշրջանառությունը եղել է 20 և մի փոքր ավելի միլիարդ դոլար, որից 37 տոկոսը ԵԱՏՄ-ն է, 13 տոկոսը՝ ԵՄ-ն, 3 տոկոսը՝ ԱՄՆ-ը։ «Գազպրոմ Արմենիա»-ն 1000 խմ գազի դիմաց 177 դոլար է սահմանել, Արևմուտքում երկու-երեք անգամ ավելի են վճարում, և եթե ուզում են Հայաստանն իրենց գազով տաքացնել, չգիտեմ՝ ինչպես կլինի։ Եթե, ինչպես ամերիկացիներն ասացին, ուզում են փակել ատոմակայանը և փոխարինել արևմտյան փոքր, մոդուլային ռեակտորներով... Հուսով եմ, որ հայերը հասկանում են Մեծամորի ատոմակայանում արտադրվող էներգիայի կարևորությունը։ Հարավկովկասյան երկաթուղին բոլոր այս տարիների ընթացքում ուղևորների փոխադրման համար գործել է արտոնյալ գներով։ Իսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը Հայաստանի բյուջեի գլխավոր հարկատուն է»:

Լավրովը նաև կրկնել է վերջին տարիներին Մոսկվայից պարբերաբար հնչող մեղադրանքները, թե ՀԱՊԿ-ը պատրաստ էր Հայաստանի սահմանի պահպանության համար լրացուցիչ սպառազինություն փոխանցել, զորավարժություն անցկացնել, ինչպես նաև սահմանին առաքելություն տեղակայել։ Հայաստանը մերժել էր այդ առաջարկը՝ պահանջելով, որ ռազմական կառույցը հստակ հայտարարի՝ որն է իր պատասխանատվության գոտին Հայաստանում։ «Դրա համար Երևանը պետք է նախ որոշի, թե որտեղով են անցնում Հայաստանի սահմանները», - նշել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ հավելելով, որ Հայաստանի իշխանությունն այժմ ակտիվորեն զբաղվում է այդ հարցով։

«Իհարկե, երբ ասում են, որ ՀԱՊԿ-ը չի կարողանում որոշել, թե որտեղ է գտնվում իր պատասխանատվության գոտին Հայաստանում, Հայաստանն ինքը դեռ չի որոշել», - հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել Լավրովի այս հայտարարություններին, որոնք հնչում են մի քանի շաբաթից՝ մայիսի սկզբին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովի ու Պուտինի երդմնակալության ֆոնին։ Հայաստանն առայժմ չի հստակեցրել՝ մասնակցելու է արդյոք հանդիսավոր այդ արարողություններին, և եթե այո՝ ինչ ձևաչափով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG