Մատչելիության հղումներ

Հաղորդվում է Իրանին Իսրայելի հարվածների մասին


Իրան - Պայթյունները Սպահանի ռազմակայանի մոտ, 19-ը ապրիլի, 2024.
Իրան - Պայթյունները Սպահանի ռազմակայանի մոտ, 19-ը ապրիլի, 2024.

Մի քանի լարված օրերից հետո, այսօր հաղորդվեց, որ Իսրայելը վաղ առավոտյան պատասխան հարվածն է հասցրել Իրանին։ Սոցցանցերի որոշ օգտատերեր հարվածելու օրվա ընտրությունը պատահական չեն համարում՝ նշելով, որ դա տեղի ունեցավ Իրանի առաջնորդ Ալի Խամենեիի ծննդյան օրը։

Իրանական լրատվամիջոցները հաղորդում են երկրի կենտրոնական մասում գտնվող Սպահան քաղաքում լսված պայթյունների մասին։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմակայաններից մեկը գտնվում է Սպահանի մոտ, այդ շրջանում նաև միջուկային օբյեկտներ կան։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտները չեն վնասվել։ Գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսսին կողմերին ծայրաստիճան զսպվածության կոչ է արել, ընդգծելով, որ ռազմական հակամարտությունների ժամանակ միջուկային օբյեկտները երբեք չպետք է թիրախավորվեն։

Իսրայելի հարվածների մասին հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների։ Նրանք պնդել են, որ Միացյալ Նահանգները Իսրայելի հարվածների համար «կանաչ լույս» չի վառել, բայց տեղեկացված է եղել, իսրայելցիները հինգշաբթի օրն ասել են, որ առաջիկա օրերին պատասխան հարվածն են հասցնելու Իրանին։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իտալիայի Կապրիում կայացած Մեծ յոթնյակի հանդիպումից հետո ասել է, որ ԱՄՆ-ը հանձնառու է պաշտպանել Իսրայելի անվտանգությունը, և ընդգծել՝ Միացյալ Նահանգները որևէ հարձակողական գործողություններում ներգրավված չէ։

Նա ասել է, որ Մեծ յոթնյակը կենտրոնացած է լարվածությունը թուլացնելու, ցանկացած պոտենցիալ հակամարտություն թուլացնելու աշխատանքների վրա։

Ֆինլանդիայում գտնող Եվահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել։

«Մենք պետք է հնարավորն անենք, որպեսզի բոլոր կողմերն այդ տարածաշրջանում զերծ մնան սրացումներից։ Մենք տեսանք մոտավորապես 300 անօդաչուների և հրթիռների զանգվածային հարձակում Իրանի կողմից Իսրայելի վրա։ Բացարձակապես անհրաժեշտ է, որ տարածաշրջանը մնա կայուն, և բոլոր կողմերը ձեռնպահ մնան հետագա գործողություններից», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Իսրայելը մինչ այս պահը պաշտոնապես չի հայտարարել, չի հաստատել, թե հարվածել է Իրանին։ Իրանը նույնպես հաղորդելով երկրի տարածքում անօդաչուներ խոցելու մասին՝ ուղիղ չի ասում, թե Իսրայելը հարվածել է Իրանին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ուրբաթօրյա նամազից հետո լրագրողներին ասել է, որ թե՛ Իսրայելի, թե՛ Իրանի հայտարարություններին չի կարելի վստահել. - «Նրանցից ոչ մեկը չի խոստովանում, իմաստավոր որևէ հայտարարություն չկա»։

Իրանական լրատվամիջոցների համաձայն՝ առնվազն երեք պայթյուն է լսվել Սպահանում։ Նրանք պնդում են, որ հակաօդային պաշտպանության համակարգն է աշխատել ու ոչնչացրել անօդաչու թռչող սարքերը։

Թեհրանի, Սպահանի և Շիրազի ու երկրի արևմտյան շրջաններում ընկած մի շարք օդանավակայաններ վաղ առավոտյան ժամերին փակ էին, թռիչքները հետաձգվել են։ Մոտավորապես երկու ժամ անց թռիչքները վերականգնվել են։ Տեղական ժամանակով ժամը 10:30 նստեցման կտրոններ են տվել Թեհրան-Թբիլիսի չվերթի ուղևորներին։

Ապրիլի լույս 14-ի գիշերը Իրանը մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսության՝ Իսրայելի կողմից ռմբակոծման: Ապրիլի 1-ի այդ ռմբակոծման հետևանքով իրանցի 7 զինվորական է զոհվել, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու հրամանատարներ։

Իրանի հարձակումը լուրջ հետևանքներ չունեցավ՝ անօդաչու թռչող սարքերի ու հրթիռների գերակշիռ մասը Իսրայելն ու դաշնակիցները ոչնչացրեցին օդում։

Այսօր համաշխարհային շուկայում նավթի գինը կայունացել է։ Վերջին օրերին, երբ սպասվում էր Իսրայելի հարվածը Իրանին, նավթի գինը տատանվում էր, կտրուկ բարձրացել էր, բայց շուկան հիմա զգում է, որ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների լուրջ սրացումների վտանգը թուլացել է՝ գոնե այս պահին, և նավթի գինը կայունացել է։ Սա թերևս այսօրվա իրավիճակի ինդիկատորն է, կուտակված գոլորշին ասես բաց թողնվեց առանց լուրջ հետևանքների։

XS
SM
MD
LG