Մատչելիության հղումներ

Հայաստանի հրամանով ե՞րբ չի միացել համատեղ ՀՕՊ-ը. ՌԴ-ը դեռևս չի արձագանքել վարչապետի հայտարարությանը


Ռուսաստանի և Հայաստանի դրոշները, արխիվ
Ռուսաստանի և Հայաստանի դրոշները, արխիվ

«Մեր նախընտրական ծրագրից են գրում և ծրագրից կառավարության, որ մեր անվտանգության ապահովման գործոն են հայ-ռուսական հարաբերությունները, ՀԱՊԿ-ը, ՀՕՊ համակարգը և այլն, ճիշտ եք ասում՝ գրել եք: Բայց եթե ՀԱՊԿ-ը ասում է՝ չէ, ես չեմ գալիս ձեզ օգնելու, եթե պայմանագիրը չի աշխատում: Դուք գիտե՞ք, որ դեպք է եղել, որ օրենքով սահմանված է, որ մեր հրամանով պետք է համատեղ ՀՕՊ-ը միանա, մեր հրամանով համատեղ ՀՕՊ-ը չի միացել», - վարչապետի այս հայտարարությունից հետո ծագած բազմաթիվ հարցերին կառավարությունից չեն պատասխանում՝ հայտարարելով՝ «թեմայի վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկատվությունը վարչապետը հնչեցրել է ԱԺ-ում»։

Երևանը պարզաբանում պահանջե՞լ է Մոսկվայից

Հայաստանի հրամանով ե՞րբ չի միացել համատեղ ՀՕՊ-ը ու այդ ժամանակ Հայաստանը զրկվե՞լ է հակաօդային պաշտպանության սեփական միջոցները կառավարելու հնարավորությունից, արդյոք Ռուսաստա՞նն է խոչընդոտել համատեղ ՀՕՊ աշխատանքին ու ինչպե՞ս։ Դրանից հետո արդյոք Երևանը պարզաբանում պահանջե՞լ է Մոսկվայից ու ի՞նչ պատասխան է ստացել, այս հարցերն անպատասխան են մնացել։ Մեկ շաբաթից ավելի է՝ ՌԴ-ը չի արձագանքել հայտարարությանը։

Հայաստանն ու Ռուսաստանն ունեն միավորված ՀՕՊ համակարգ։ «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» հայ-ռուսական համաձայնագիրը Հայաստանի խորհրդարանը վավերացրել է 2016-ի հունիսի 30-ին։ Այս փաստաթղթում առավել շատ խաղաղ ժամանակներում կողմերի անելիքի մասին կա խոսք, քան՝ պատերազմական։ Ընդհանրական նշվում է, որ ագրեսիայի անմիջական սպառնալիքի և պատերազմի ժամանակ ՀՕՊ միավորված զորքերը կատարում են մարտական առաջադրանքներ և կիրառվում են համատեղ գործողությունների պլանին համապատասխան: Պաշտպանական գերատեսչությունը այդ ժամանակ հայտարարում էր՝ կիրառման պլանները բաց փաստաթուղթ չէ։

Երբ 8 տարի առաջ ստորագրված փաստաթղթի վավերացման հարցն էր քննարկվում, ՊՆ-ից պարզաբանել էին՝ ԶՈՒ ՀՕՊ զորքերը ենթարկվում են Գերագույն հրամանատարին, որը պատերազմի ժամանակ, ըստ Հայաստանի Սահմանադրության, վարչապետն է։ Համաձայնագրի վավերացման դեմ հակազդեցություն կար, ընդդիմախոսների թվում էր նաև այսօրվա վարչապետ, այն ժամանակ՝ ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Արդյունքում նա դեմ քվեարկեց։

Ութ տարի առաջ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի բանավոր հավաստիացումներով չբավարարվելով՝ ռազմական գերատեսչությունը նաև գրավոր պարզաբանումներով էր փորձում համոզել թերահավատներին, թե սա համատեղ, այլ ոչ թե միասնական ՀՕՊ համակարգ է, այսինքն՝ Հայաստանի ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերը պահպանում են իրենց ինքնուրույնությունը, հայկական կողմը իր ՀՕՊ համակարգն ամբողջությամբ չէ, որ տրամադրում է միավորված տարածաշրջանային համակարգին:

«Մենք շատ մեծ անվտանգության փուչիկ ենք ստեղծում այսպիսի համաձայնագրերով: Սա անթույլատրելի է», - հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Այժմ Փաշինյանի թիմակիցները հրաժարվում են մանրամասնել՝ Հայաստանի հրամանով ե՞րբ համատեղ ՀՕՊ-ը չի միացել։

Կա Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի իշխանական անդամ Արմեն Խաչատրյանի այս տարվա հունվարի հայտարարությունը, նաև՝ 44-օրյա պատերազմի օրերին ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հավաստիացումները. - «ՀՕՊ-ն է աշխատում, հանգիստ եղեք»։

Պատերազմի 5-րդ օրը Աբովյանում լսված, մինչև՝ Երևան հասած պայթյունի ձայներից չմտահոգվելու՝ Արծրուն Հովհաննիսյանի փաստարկն էր. - «Ժողովուրդ ջան, ՀՕՊ-ի հրթիռները երբեմն մեծ աղմուկ են հանում, մի անհանգստացեք»։

Տիգրան Աբրահամյանը պարզաբանումների կարիք է տեսնում

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ից, նախկին իշխանական Հանրապետականի անդամ Տիգրան Աբրահամյանը տեղեկություն չուներ՝ այդ ո՞ր ժամանակահատվածի մասին էր Նիկոլ Փաշինյանը խոսում, պարզաբանումների կարիք է տեսնում, ընդ որում՝ իրավական հարթության մեջ։ Պատերազմի ժամանակ «Իսկանդեր»-ի պայթել-չպայթելու հայտնի քննարկումների ժամանակ էլ, նկատեց, թեման չի արծարծվել։

«Միացյալ ՀՕՊ համակարգերի գոյությունը ենթադրում էր, որ որոշում կայացնողը Հայաստանի Հանրապետությունն է և Հայաստանի Հանրապետության համապատասխան պաշտոնյայի որոշման դեպքում իրանք պետք է իրենց ռեժիմով գործեին: Այս դեպքում պետք է Ռուսաստանի դաշնությունը հստակ արձագանքի՝ կա՛մ հերքի, կա՛մ եթե նման բան տեղի է ունեցել, փորձի ներկայացնել հիմնավորումը, թե ինչ իրավիճակում դրանք չեն գործել: Միգուցե անհրաժեշտություն առաջանա որոշակի իրավական գործընթացների՝ հասկանալու, թե տեղում ինչ է տեղի ունեցել, հրամանները տեղ հասել են, չեն հասել, դրանք հասել են այն անձանց, որոնց պետք է հասնեին», - ասաց Աբրահամյանը:

Վարչապետի նկարագրած դեպքով քրեական գործ հարուցվե՞լ է

Վարչապետի նկարագրած դեպքով քրեական գործ հարուցվե՞լ է, մեղադրյալներ եղե՞լ են կամ կա՞ն, փորձեցինք պարզել Գլխավոր դատախազությունից։ «Ազատությանը» հարցին պատասխանել են կարճ՝ որևէ վարույթ այս հարցով չի քննվել։

Միավորված ՀՕՊ-ի մասին հայ-ռուսական համաձայնագիրը ուժի մեջ է յոթ տարի։ Եթե կողմերից մեկը մյուսին հինգ տարին լրանալուց առնվազն կես տարի գրավոր չի ծանուցում համաձայնագիրը դադարեցնելու մտադրության մասին, ապա դրա գործողությունը ևս 5 տարով ինքնաբերաբար երկարացվում է։ 2021-ի ամռանը Հայաստանը կարող էր պայմանագիրը դադարեցնելու որոշում կայացնել։ Դրանից առաջ 44-օրյա պատերազմն էր եղել, Սյունիքի ու Գեղարքունիքի տարածքներ 2021-ի ադրբեջանական մայիսյան ներխուժումը։ Բայց որևէ հրապարակային հայտարարություն հայ-ռուսական ՀՕՊ պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ չի եղել։

Գրավոր հարցմամբ վարչապետից էինք փորձել իմանալ՝ համաձայնագիրը դադարեցնելու քայլ ինչո՞ւ չի ձեռնարկել։ Այս, ինչպես նաև մյուս՝ արդյոք ՀՀ-ն այժմ մտածո՞ւմ է համաձայնագիրը դադարեցնելու մասին հարցին մեկ պատասխան է հնչել՝ «թեմայի վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկատվությունը վարչապետը հնչեցրել է ապրիլի 11-ին՝ ԱԺ-ում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG