Մատչելիության հղումներ

«Շատ սահմանափակ միջազգային ներկայությունը Արցախում զրոյի է հասցվում». ռուս խաղաղապահները հեռանում են ԼՂ-ից


Ռուս խաղաղապահներն Արցախում, արխիվ
Ռուս խաղաղապահներն Արցախում, արխիվ

44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները սկսել են դուրս գալ այնտեղից։ Տեղեկությունը պաշտոնապես հաստատեցին նախ Կրեմլից։

Մոտ 2 հազար թվաքանակով զորակազմի տեղակայման ժամկետը, ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, պետք է ավարտվեր 2025-ին։ Ինչո՞ւ են խաղաղապահները ժամկետից մեկուկես տարի շուտ դուրս գալիս հայաթափված Լեռնային Ղարաբաղից, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի բացատրել, բայց ընդամենը մի քանի օր առաջ Բաքվից հայտարարել էին, թե «պլանավորվում է ռուս խաղաղապահներին ներգրավել օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքների ականազերծման գործընթացին»։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի փոխանցմամբ՝ զորակազմի դուրսբերման որոշումը կայացվել է բարձրագույն ղեկավարության մակարդակով։ «Գործընթացն արդեն սկսվել է։ Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցները՝ այս որոշումը կյանքի կոչելու համար», - այսօր հայտարարել է Հաջիևը:

Մինչդեռ անցած տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին հայտարարել էր, թե ռուս խաղաղապահները կհեռանան 2025 թվականին:

«Ես հավատում եմ, որ Մոսկվան կկատարի կնքված համաձայնագրի դրույթները: Իմ եղբայր Իլհամ Ալիևը ևս ուշիուշով հետևում է տարածաշրջանում տիրող իրավիճակին», - ասել էր էրդողանը:

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի կարծիքով՝ թեև ռուս խաղապահների նկատմամբ լուրջ դժգոհություն ու հիասթափություն կար հատկապես անցած տարի Արցախի շրջափակման, Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և արցախահայերի զանգվածային տեղահանության ընթացքում, երբ նրանք որևէ կերպ չմիջամտեցին, այդուհանդերձ, զորակազմի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում ինչ-որ զսպվածություն էր ենթադրում։

Արցախի այժմ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյան, արխիվ
Արցախի այժմ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյան, արխիվ

«Տվյալ դեպքում՝ գերտերության, որը որոշ չափով էլի ակնկալիք կամ հույս առաջացնում էր, որ գոնե որոշ չափով զսպող հանգամանք կարող է լինել՝ թե՛ այնտեղ գտնվող հայերի, թե՛ հնարավոր վերադարձող հայերի և թե՛ հատկապես այնտեղ գտնվող մեր գույքի պաշտպանության մասով: Եվ հիմա էլ, երբ ռուս խաղաղապահները դուրս են գալիս, մի քանի օր առաջ էլ Կարմիր Խաչը հայտարարեց, որ Ստեփանակերտի իրենց գրասենյակը տեղափոխել են Բարդա, սա նշանակում է, որ շատ սահմանափակ միջազգային ներկայությունը Արցախում զրոյի է հասցվում՝ այն դեպքում, որ միջազգային որևէ մուտք էլ թույլ չէր տալիս Ադրբեջանը, այսինքն՝ լրիվությամբ դառնում է զրո միջազգային դիտարկման ներքո, և այնտեղ կարող են տեղի ունենալ շատ ավելի մեծ, շատ ավելի արագ հանցագործություններ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Բեգլարյանը:

Այս պայմաններում արդյոք իրատեսակա՞ն է խոսել արցախցիների վերադարձի մասին։ Նախկին պաշտոնյան կարծում է, որ Արևմուտքն ու Ռուսաստանը անկախ իրենց տարաձայնություններից գոնե այս հարցում պետք է որևէ համաձայնության գան. - «Սա նաև լրացուցիչ թեստ է, թե միջազգային համագործակցության, պաշտպանության, անվտանգության և խաղաղության մեխանիզմները արդյո՞ք ամբողջապես վիժեցված են, թե գոնե ինչ-որ դեպքերում, ինչ-որ մակարդակներում կարող են արդյունավետ կիրառվել»:

Ռուս խաղաղապահների հեռանալը, ըստ ադրբեջանական պետական լրատվամիջոցների, սկսվեց Քելբաջարի շրջանում գտնվող Դադիվանքից։ Մասնավորապես նշվում էր, որ խաղաղապահները փակել են այնտեղի իրենց դիրքը, և ապրիլի 15-ից վանքն արդեն Ադրբեջանի ոստիկանության պահպանության ներքո է։

«Դեռ հույս ունեինք, որ ռուսական խաղաղապահները իրենց առաքելությունը կիրականացնեն»

«Այդ ամենը կարծես թե մենք ներքուստ զգում էինք, բայց չէինք կարողանում ոչ միայն արտահայտվել, այլ չէինք ուզում համակերպվել մեր ներքին ձայնին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 17-ը ապրիլի, 2024թ.
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 17-ը ապրիլի, 2024թ.

Նրա խոսքով՝ թեև հայ հոգևորականները պատերազմից հետո էլ ծառայում էին Դադիվանքում, բայց կորցնելու վախը միշտ կար։ Դադիվանքի վերջին վանահայրն ու երկու սարկավագները միջնադարյան համալիրից դուրս եկան անցած հոկտեմբերին, երբ ադրբեջանական հարձակումից հետո Արցախն արդեն հայաթափվել էր։

«Եվ սա վերջիվերջո մարմնացում ստացավ այն գործընթացներին զուգահեռ, որը տեղի ունեցավ արցախահայության հետ, և անշուշտ, մեր հոգևորականները արցախահայության հետ տեղահանվեցին, բայց մենք մտածում էինք նաև, դեռ հույս ունեինք, որ ռուսական խաղաղապահները իրենց առաքելությունը կիրականացնեն: Այդուհանդերձ, մենք ցավում ենք, անշուշտ, մեր պատմական, համաքրիստոնեական նշանակություն ունեցող այդ վանքը պիտի վտանգված լինի, ինչպես մեր մյուս բոլոր կոթողներն ու մշակութային արժեք ունեցող եկեղեցիներն ու վանքերը: Ցավ ապրելով պիտի արտահայտվենք այսպես», - նշեց Վրթանես եպիսկոպոսը:

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել Արցախի առնվազն 1456 նշանավոր հուշարձաններ, այդ թվում՝ 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր: Արցախցիները մեկ անգամ չէ, որ ահազանգել են այդ հուշարձանների ոչնչացման վտանգի մասին:

«Եվ այս քողի տակ իրենք ամբողջը ոչնչացնում և վերացնում են՝ վերածելով, այսպես ասած, մի հատ քաոսի, մի հատ ամբողջական վերացում դնելով դրա տակ», - ընդգծեց Արցախի թեմի առաջնորդը:

Պատերազմից հետո ՄԱԿ-ի գիտության և մշակույթի կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ոչ մի անգամ տարածաշրջան չի այցելել։ Հայկական կողմը պատերազմից հետո առաքելության այցելության այցը խիստ հրատապ էր համարում հայկական եկեղեցիների պղծման լուրերի ֆոնին։

Բաքվից էլ հորդորել են առաքելություն ուղարկել Հայաստան։

«Այդ մարդիկ ունենան այդ լսելու ունակությունը, տեսնելու ունակությունը և դատապարտելու ունենան ցանկություն և նաև քաջություն», - ասաց Վրթանես եպիսկոպոսը:

«Ղարաբաղում պատմամշակութային ժառանգությունը վտանգված է», - ՅՈՒՆԵՍՕ-ի պաշտոնական էջում Ղարաբաղի մասին տեղեկատվությունը սուղ է, բայց հստակ վերահաստատում են առաքելություն ուղարկելու առաջարկը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG