Մատչելիության հղումներ

Կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնում


Դավիթ Գյուրջինյան, արխիվ
Դավիթ Գյուրջինյան, արխիվ

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում։

Ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթը տեղի է ունեցել այս տարվա մարտի 20-ին։ Նիստին մասնակցել են խորհրդի 20 անդամներից 18-ը։ Քվերակությունը տեղի է ունեցել փակ-գաղտնի ընթացակարգով, Գյուրջինյաննն ընտրվել է միաձայն։

Կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ արդեն մեկ տարի Գյուրջինյանը բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է և «հաջողությամբ է իրականացրել այդ աշխատանքը»։

Գյուրջինյանն ընտրվել է 5 տարի ժամկետով։

Մեկ տարի առաջ Բրյուսովում բողոքի ակցիաներ ու դասադուլներ էին ընդդեմ Գյուրջինյանի նշանակման։ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանել էր՝ Գյուրջինյանը ԺՊ է նշանակվել մինչև հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու հիմնադրի կողմից ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը։

Բուհի ռեկտորի պաշտոնը թափուր էր 2023-ի հունվարից։ Բրյուսովում կառավարման ճգնաժամը հասունացավ ռեկտորի 2022-ի դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո։ Ընտրություններին առաջադրվել էին գործող ռեկտոր Կարինե Հարությունյանն ու Դավիթ Գյուրջինյանը, վերջինս 4 ձայնով զիջեց Հարությունյանին։ Նա, սակայն, չէր կարողանում ստանձնել բուհի ղեկավարի լիազորությունները, քանի որ հոգաբարձուների խորհրդի նախագահը չէր ստորագրել ընտրության նիստի արձանագրությունը։

Ընտրություններից շաբաթներ անց Գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ քրեական վարույթներ են հարուցվե ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանության և հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքերի առթիվ։ Արդյունքում կասեցվեց ռեկտորի նշանակման գործընթացը։

Ընտրության նիստի արձանագրությունը պետք է ստորագրեր խորհրդի նախագահը, իսկ խորհրդի նախագահը փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էր, որ ընտրությունից երեք օր անց կրթության նախարար Վահրամ Դումանյանի հետ ազատվեցին պաշտոններից։

Գյուրջինյանը ոստիկանների ուղեկցությամբ ներկայացավ բուհի դասախոսական կազմին։

XS
SM
MD
LG