Մատչելիության հղումներ

Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տուժածի մայր


«Ուրալ» մակնիշի մեքենա, արխիվային լուսանկար
«Ուրալ» մակնիշի մեքենա, արխիվային լուսանկար

Քիթ-բերանը, կողերը՝ ջարդված, «հազիվ շնչում է, վերակենդանացման բաժանմունքում է պառկած», տատը նկարագրում է թոռան վիճակը, որին զինվորական հոսպիտալում տեսակցելուց հետո մի կերպ ուժ գտավ «Ազատության» հետ զրուցելու համար:

Պայմանագրային զինծառայող է թոռը, երեկ Սյունիքում ձորն ընկած զինվորական «Ուրալ»-ում է եղել՝ 20 վիրավորներից մեկն է: Վթարից չորս զինվոր է մահացել, վիրավորների մեջ կան ծանր վիճակում գտնվողներ։

Պատահարի ստույգ պատճառները դեռ հայտնի չեն:

Վերակենդանացման բաժանմունքում պառկած զինվորի մայրն ասաց՝ որդին չի հիշում, թե ինչպես է մեքենան դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու հայտնվել հարակից ձորակի տարածքում:

«Ասում է՝ մենակ հիշում են էն, որ շըխկ-թըխկ ու վերջ, ու մեկ էլ ուղղաթիռի տեղափոխման պահն է հիշում», - փոխանցեց մայրը։

Զինվորի մայրը նեղսրտած էր, չհասցրեց տուժածներին տեսակցության եկած պաշտպանության նախարարին հանդիպել, հարցեր ուներ, օրինակ՝ ինչո՞ւ է զինվորական մեքենաների անսարքության հարցը հաճախ մնում զինվորի ուսերին. - «Իրենք են իրենց գումարով այդ «Ուրալ»-ները վերանորոգել՝ զինվորները, երեխեքը.... ոչ մեկից ոչ մի օգնություն։ Քանի անգամ պատահել է նման դեպք։ Եղել է, ասել է, որ պատահել է, որ մաս է պակասել, մաս է պետք եղել, իրենք վերցրել, տարել են ու վերանորոգել ավտոմեքենան։ Բայց, ասում է՝ մեկը սարքում էինք, մեկն էր փչանում, էն մեկը սարքում էինք, էն մեկն էր փչանում։ Ի՞նչ պետք է անեին էս երեխեքը։ Թող զինվորին լավ նայեն։ Եթե նման անսարք տեխնիկա են օգտագործում, թող գոնե սարքին լինի։ Քանի՞ նման զոհ ու վիրավոր պիտի բերեն դաս չեղավ ոչ մի անգամ։ Ցավը շատ մեծ է, շատ բան կարող եմ ասել, բայց չեմ ուզում, թող իրենք իմանան», - ասաց նա։

«Տեղեկության իսկության վերաբերյալ համապատասխան ստուգումներից հետո լրացուցիչ կտեղեկացնենք»,- «Ազատությանը» փոխանցեցին Պաշտպանության նախարարությունից՝ արձագանքելով զինվորի ծնողի այն պնդմանը, որ հաճախ զինվորներն են իրենց գումարով նորոգում զինվորական մեքենաները:

Զինծառայողները բողոքում են, որ մեքենայի անսարքին լինելու հետևանքներն ամբողջությամբ կրում են իրենք. իրավապաշտպան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Նազելի Մովսեսյանն էլ է ասում՝ իրենք դեռ տարիներ առաջ են բարձրաձայնել այս հարցը, երբ զինծառայողն է լուծում զինվորական մեքենայի անսարքության հարցը։

«Շատ դեպքերում կան այնպիսի զինծառայողներ, ովքեր բողոքում են, որ հանդիսանալով զորամասի վարորդ՝ մեքենայի անսարքին լինելու հետևանքներն ամբողջությամբ կրում են իրենք, այսինքն՝ եթե մեքենայի որևէ մաս չի աշխատում, իրենք անձամբ պիտի հոգան ծախսերը և նորոգեն մեքենան։ Բնականաբար, սրանք խնդիրներ են, որոնք գալիս են նախորդ տարիներից և մինչև հիմա շարունակվում են։ Ցավոք սրտի, դեռևս դրա լուծումը չկա», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Անցած տարի բանակում 14 ավտովթար է տեղի ունեցել, 2022-ին՝ 17, 21-ին՝ 15: Սրանք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներն են։ Իրավապաշտպան այս կազմակերպությունը բանակում տեղի ունեցած դեպքերի վիճակագրություն է վարում՝ օգտվելով լրատվամիջոցներում և պաշտոնական աղբյուրներում հրապարակված տեղեկություններից։ Այս տարի սա առաջին դեպքն է, որի հետևանքով միանգամից 4 զինծառայող է մահացել: Երկրորդ դեպքն այսօր առավոտյան է տեղի ունեցել՝ Գեղարքունիքի մարզում զինվորական «ԿամԱԶ» է վթարվել։ Այս դեպքում, ըստ ՊՆ-ի, տուժածներ չկան:

Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանն ասում է՝ այսպիսի գործերի մանրամասները հիմնականում անհասնելի են մնում ինչպես իրենց, այնպես էլ հանրությանը. - «Այստեղ պետք է հասկանալ՝ խնդիրն ինչումն է կայանում՝ արդյոք վարորդները համապատասխան պատրաստվածություն ունեն նման մեքենաներ վարելու, թե ոչ, թե արդյոք արդյոք դա եղել է մարդկային գործոնը՝ վարորդները ոչ պատրաստված լինելը, թե այլ հանգամանքներ, թե եղանակային պայմաններ»։

ՊՆ-ից հայտնում են՝ տուժած 20 զինծառայողներից 13-ը տեղափոխվել են Երևանի և Սիսիանի զինվորական հոսպիտալներ, իսկ թեթև վնասվածքներ ստացած 7 զինվորները բժշկական լուրջ միջամտության կարիք չունեն:

Քնչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու հոդվածով: Այս տարվա չորս ամիսներին բանակում խաղաղ պայմաններում 10 զինծառայող է մահացել։

Լրացում. - Ռազմական գերատեսչությունն ավելի ուշ տարածած հաղորդագրության մեջ նաև նշում է՝ Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները հրապարակման մեջ տեղ գտած հայտարարությունների առնչությամբ կանցկացնեն ծառայողական քննություն, ինչպես նաև կկատարեն անհրաժեշտ ուսումնասիրություններ:

XS
SM
MD
LG