Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին որոշել է ներում շնորհել ակտիվիստ Լազարե Գրիգորիադիսին։ Նա 9 տարվա ազատազրկման էր դատապարտվել նախորդ տարվա մարտին զանգվածային ցույցերի ժամանակ ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» (դյուրավառ հեղուկով լցված շշեր) նետելու և իրավապահների մեքենաներից մեկը հրկիզելու համար:
«Ես համարում եմ, որ այս երիտասարդը ինը տարի չի կարող կրել իր պատիժը, ես դեռ չեմ ստորագրել ներումը, բայց որոշումն արդեն կայացված է»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նա պարզաբանել է, որ Գրիգորիադիսը ազատ կարձակվի մի քանի ժամվա կամ օրերի ընթացքում։
Գրիգորիադիսի դատավճիռը կայացվել է երեկ՝ ապրիլի 12-ին, Թբիլիսիում։ Գրիգորիադիսն իրեն մեղավոր չի ճանաչել։ Նրա փաստաբանները քրեական գործն անվանել են շինծու և քաղաքական դրդապատճառներով։ Դատավճռի հրապարակումից հետո նրա աջակիցները և հասարակական կազմակերպությունների ղեկավարները գնացել են նախագահ Զուրաբիշվիլիի նստավայր և պետության ղեկավարին ներկայացրել ակտիվիստին ներում շնորհելու միջնորդություն:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վերջերս նորից է շրջանառության մեջ դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վիճահարույց նախագիծը՝ չնայած երկրի ներսում և արևմտյան գործընկերների շրջանում այդ նախաձեռնության վերաբերյալ հնչեցված աննախադեպ խիստ քննադատությանը։