Մատչելիության հղումներ

ԱՄՆ կաջակցի ցանկացած ձևաչափով միջնորդության, որը ընդունելի կլինի երկու կողմի համար


Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա որևէ տարաձայնություն չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, «Ազատության»-ը տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ շեշտելով՝ Վաշինգտոնի ցանկությունն է տեսնել առաջընթաց խաղաղ գործընթացի տարբեր մանրամասների վերաբերյալ, և պատրաստ են աջակցել դրան ցանկացած տարբերակով, որը ընդունելի կլինի երկու կողմի համար էլ։

Դեսպանի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․ հարցազրույցից մի հատված երեկ է հրապարակվել։

«Ազատություն»․ - Չնայած պետքարտուղար Բլինքենը վերջերս զանգահարեց նախագահ Ալիևին, ընդգծելու, որ իրավիճակի սրացումը արդարացում չունի, մենք շարունակում ենք տեսնել ապատեղեկատվության հոսք Ադրբեջանից, ինչպես նաև հրադադարի խախտումներ, ինչը հաստատվել է նաև մեր լրագրողների կողմից։ Այս շարունակական իրավիճակում, երբ Ադրբեջանը ակնհայտ անտեսում է դիվանագիտական հորդորներն ու միջազգային դատարանների վճիռները, Վաշինգտոնը պատժամիջոցներ կամ հարկադրանքի այլ միջոցներ կկիրառի՞ Ադրբեջանի նկատմամբ։

Քրիստինա Քվին․ - Նախ նշեմ՝ մենք շատ հստակ ասել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա որևէ տարաձայնություն չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, և մեր դիտարկմանբ՝ լինի դա հրադադարի խախտում, շատ ագրեսիվ հռետորաբանություն, թե ապատեղեկատվություն, այդ ամենը վնասում է խաղաղ գործընթացին։ Մեր ուշադրության կենտրոնում այս պահին գործընթացն առաջ մղելն է։ Մենք հյուրընկալում էինք արտաքին գործերի նախարարների մի շարք հանդիպումներ, ԵՄ-ն հյուրընկալեց որոշ հանդիպումներ առաջնորդների միջև, և մենք զգացինք, որ այդ հանդիպումներում որոշակի առաջընթաց կա: Վերջերս առաջընթացն ավելի դանդաղ է, և մենք հուսով ենք, որ այն կարող է իր հունի մեջ մտնել՝ ավելի արագ առաջ շարժվելու համար: Այն կարող է լինել ԱՄՆ-ի միջնորդության ներքո, մենք շատ ուրախ կլինենք դա անել, բայց, եթե երկու կողմերին էլ հարմար կլինի այլ միջնորդների հետ աշխատել, մենք ուրախ կլինենք աջակցել նաև դրան: Մեր ցանկությունն է տեսնել առաջընթաց խաղաղ գործընթացի տարբեր մանրամասների վերաբերյալ, և մենք պատրաստ ենք աջակցել դրան ցանկացած տարբերակով, որը ընդունելի կլինի երկու կողմի համար էլ։

«Ազատություն»․ - Ես հարցրի պատժամիջոցների մասին, քանի որ հստակ հիշում եմ Ձեր ելույթը, երբ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա։ Դուք այն ժամանակ ԱՄՆ դեսպանն էիք այդ երկրում, և հստակ ասացիք, որ Ռուսաստանի հետ նախկին հարաբերությունները չեն լինի, քանի դեր այդ երկիրը շարունակում է իր վնասարար դերը միջազգային ասպարեզում։ Նույնը մենք լսեցինք անցած սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց Ղարաբաղի վրա։ Փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայանը Կոնգրեսում հայտարարեց, թե Ադրբեջանի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի, քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել։ Բայց մենք ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում էական փոփոխություն չտեսանք, ոչ էլ պատժամիջոցներ։ Փաստացի երկու դեպքում էլ միևնույն իրավիճակն էր՝ Ամերիկայի կարմիր գծերը խախտվել էին, ԱՄՆ-ում նույն վարչակազմն էր, օգտագործվել էր նույն բառապաշարը, բայց եղան տարբեր արդյունքներ։ Ինչո՞ւ։

Քրիստինա Քվին․ - Նախ ասեմ, որ խոսքը, թե հարաբերությունները նախկինի պես չեն լինելու, ենթադրում է գործունեության և ներգրավվածության լայն շրջանակ: Եվ ես կասեի, որ սեպտեմբերից ԱՄՆ-ում որոշակի զսպվածություն է եղել Ադրբեջանի հետ ներգրավվածության և գործունեության առումով: Բայց միայն այն պատճառով, որ հարաբերությունները սովորականի պես չեն, չի նշանակում, որ մենք դադարում ենք խոսել այդ երկրի հետ: Այն, ինչ մենք փորձում ենք անել՝ ներգրավվելն է այնպես, որ հնարավոր լինի խրախուսել և նպաստել բանակցությունների սեղան վերադառնալուն: Ներգրավվածության իսպառ դադարեցումը մեզ այդ հարցում առաջ չի տանի: Մենք դեռ պետք է խոսենք մարդկանց հետ, դեռ պետք է փորձենք խրախուսել նրանց, փորձենք նրանց խթան տալ։ Դա այն է, ինչ մենք հենց հիմա փորձում ենք անել: Մենք խոսում ենք նաև տարածաշրջանային խաղացողների՝ Թուրքիայի և այլոց հետ՝ փորձելով նրանց ընդհանուր հայտարարի բերել՝ խաղաղ գործընթացում առաջընթացը խրախուսելու առումով: Դա հեշտ չի լինելու: Ջեյմս Բեյքերը ժամանակին ասել է՝ «դուք խաղաղության շուրջ ձեր բարեկամների հետ չեք բանակցում, այլ՝ հակառակորդների, ինչը երբեք հեշտ չի լինում», բայց դա այն գործընթացն է, որը, կարծում եմ՝ աներևակայելի կարևոր է։ Աներևակայելի կարևոր, իհարկե, Հայաստանի, բայց իրականում նաև ողջ տարածաշրջանի կայունության համար:

«Մենք որևէ մեկին չենք մղում վերադառնալ ԱՄՆ-ի միջնորդությանը»

«Ազատություն»․ - Պարոն Ալիևը համաձայնություն տվել՞ է շարունակել աշխատանքն ու բանակցությունները ԱՄՆ միջնորդությամբ։

Քրիստինա Քվին․ - Ես Բաքվում չեմ և չեմ խոսում նախագահ Ալիևի հետ, բայց կասեմ, որ, իմ ընկալմամբ, նա նույնպես, ինչպես ասել է հրապարակավ, ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել: Ինչպես ասացի, մենք ուրախ ենք, որ դա առաջ ընթանա ցանկացած միջնորդական ձևաչափով, որին կարող են համաձայնել երկու կողմերը: Ուստի մենք որևէ մեկին չենք մղում վերադառնալ ԱՄՆ-ի միջնորդությանը, եթե նրանք դա չեն ցանկանում, բայց դա չի նշանակում, որ առաջ գնալ անհրաժեշտ չէ: Մենք հուսով ենք, որ կողմերը կարող են գտնել առաջընթացի ուղի, որը ընդունելի կլինի երկուսի համար էլ, և մենք ուրախ ենք աջակցել դրան ամեն կերպ: Մեր հատուկ բանագնաց Լուիս Բոնոն շարունակում է անել այն, ինչ կարող է, որպեսզի շրջի տարածաշրջանում և խոսի մարդկանց հետ: Նա այստեղ էր անցյալ ամիս, խոսել է Հայաստանի կառավարության հետ, նաև մեկնել է Բաքու, խոսել է Ադրբեջանի կառավարության հետ։ Նա Բաքվում լավ, կառուցողական հանդիպումներ է ունեցել։ Հավանաբար, տեսել եք, որ մեր պետքարտուղար պարոն Բլինքենն էլ հեռախոսազրույց է ունցել նախագահ Ալիևի հետ անցյալ շաբաթ: Դա շատ կառուցողական հեռախոսազրույց էր, նրանք չեն խուսափել որևէ հարցի քննարկումից։ Այսպիսով, մենք շարունակում ենք ներգրավվել,և հուսով ենք խրախուսել և խթանել խաղաղ գործընթացի առաջխաղացումը:

«Մենք Հայաստանին խորհուրդ չենք տալիս խզել հարաբերությունները որևէ երկրի հետ»

«Ազատություն»․ - Ակնհայտ է, որ Հայաստանին վտանգ է սպառնում ոչ միայն հարևաններից, այլև Ռուսաստանից, որը ցանկացած փոփոխություն իր ազդեցության գոտում ընկալում է որպես գոյութենաբանական վտանգ՝ դրանից բխող ծանր հետևանքներով, որոնց ականատես եղանք Վրաստանում, հիմա էլ՝ Ուկրաինայում։ Հիմա, երբ Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին, արդեն իսկ Մոսկվայից լսում ենք նախազգուշացումներ։ Եթե Ռուսաստանն անցնի կոշտ քայլերի, Միացյալ Նահանգները կոնկրետ ի՞նչ քայլերի կարող է դիմել՝ պաշտպանելու Հայաստանը։

Քրիստինա Քվին․ - Ես չեմ ուզում քննարկել հիպոթետիկ բաներ, որոնք կարող են տեղի ունենալ։ Միգուցե այն, ինչ ես կարող եմ անել, մի փոքր խոսելն է այն մասին, թե ինչ ենք մենք հիմա անում, որպեսզի օգնենք Հայաստանին լինել ավելի ուժեղ և անկախ: Մենք Հայաստանին խորհուրդ չենք տալիս խզել հարաբերությունները որևէ երկրի հետ։ Մեր տեսակետը, իմ անձնական տեսակետը, որպես դիվանագետի, ով ծառայել է նախկին Խորհրդային Միության տարածքում, հետևյալն է՝ որքան շատ ընկերներ, դաշնակիցներ ունենաք, որքան ավելի շատ առևտրային գործընկերներ ունենաք, որքան ավելի շատ արտահանման շուկաներ ունենաք, այնքան ավելի ուժեղ կլինեք, որովհետեւ ոչ մի երկիր չի կարող այդ հարաբերությունների պատանդը դարձնել ձեզ: Ուստի, մենք փորձում ենք Հայաստանի հետ աշխատել այն ոլորտներում, որոնք Հայաստանն է մատնանշել, որպեսզի օգնենք նրան դիվերսիֆիկացնել իր շփումները։ Ոչ թե կտրել մեկը կամ մյուսը, այլ՝ դիվերսիֆիկացնել: Մենք մի քանի բան ենք անում այդ ոլորտում: Մեկն այն է, որ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն աշխատել են օգնելու Հայաստանին բարելավել սեփական բերքատվությունը, որպեսզի այդքան շատ ստիպված չլինեք հիմնական ապրանքներ ներմուծել: Օգտակար է նաև բերքի պահեստավորումը, քանի որ կարող եք գնել պարենային ապրանքներ, երբ դրանք ավելի էժան են, և պահել այնքան, մինչև դրանց կարիքը ունենաք, գուցե երբ դրանք ավելի թանկ կլինեն: Սրանք հիմնական բաներն են, որոնք օգնում են երկրին պարենի տեսանկյունից ավելի անկախ դառնալ ու ստիպված չլինել հույսը դնել այս կամ այն վրա: Մենք նաև փորձում ենք օգնել Հայաստանին էներգետիկ բալանսի առումով։ Օրինակ, Հայաստանը սկսում է ավելին անել վերականգնվող էներգետիկայի ոլորտում, և մենք փորձում ենք աշխատել՝ օգնելու այդ ճանապարհին: Մենք նաև փորձում ենք օգնել Հայաստանին մտածել, թե ինչ կարող է լինել Մեծամորի ատոմակայանի փակումից հետո՝ մոտ մեկ տասնամյակ անց: Մենք փորձում ենք ուղիներ փնտրել՝ Հայաստանը դարձնելու ավելի ուժեղ, ավելի անկախ և ունենալ տարբեր աղբյուրներ և առևտրային գործընկերներ, որոնք Հայաստանին թույլ կտան ունենալ ճկունություն և ազատություն՝ հույսը մեկի վրա չդնելու և ինչ-որ մեկի թելադրանքի տակ չլինելու համար:

«Ազատություն»․ - Անցած նոյեմբերին փոխպետքարտուղար Ջեյմս Օ'Բրայանը Կոնգրեսում ասաց, որ պետքարտուղարը հանձնարարել է անկախ հետաքննություն անցկացնել Ղարաբաղում տեղի ունեցածի շուրջ։ Մոտ վեց ամիս է անցել, արդյո՞ք փաստահավաք այդ առաքելությունն ավարտվել է, եթե այո՝ ինչ է պարզվել։

Քրիստինա Քվին․ - Մենք աշխատում ենք այդ փաստահավաք առաքելության վրա, ստացված տեղեկատվությունը դեռ զեկույց չի դարձել, ուստի ես ոչինչ չունեմ այդ մասին հայտնելու։ Բայց կարող եմ ասել, որ մինչ այդ մենք աջակցում ենք Ղարաբաղից տեղահանվածներին: Մենք շատ մտահոգված էինք այն մարդկանց անվտանգությամբ և բարեկեցությամբ, ովքեր ստիպված են եղել Լեռնային Ղարաբաղից Հայաստան փախչել: Եվ անձամբ ես իսկապես տպավորված եմ այն անհավանական աջակցությունից, որ ստացել է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը Հայաստանի ժողովրդից ընդհանրապես, ու նաև ակնհայտորեն Հայաստանի կառավարությունից: Ես ճամփորդում եմ ամբողջ Հայաստանով, և սեպտեմբերից ի վեր միշտ զրուցել եմ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ, որպեսզի տեսնեմ, թե ինչ կարիքներ ունեն, ապա զեկուցեմ դրա մասին: Ու ես լսում էի , որ թեև, իհարկե, դժվար է, ու ես չեմ պատրաստվում ձևացնել, որ դա հեշտ է, բայց նաև լսել եմ աջակցության անհավանական պատմություններ մարզերից, նույնիսկ Հայաստանի հեռավոր շրջաններից: Մարդիկ բացում են իրենց սրտերը, իրենց դպրոցները և փորձում են ամեն կերպ աջակցել մարդկանց: Այնուհանդերձ, կան որոշ մարտահրավերներ, և մենք շարունակում ենք միջոցներ տրամադրել այդ մարտահրավերներին դիմակայելու համար: Պետքարտուղար Բլինքենը Բրյուսելում հանդիպման ժամանակ նշեց, որ սեպտեմբերից ի վեր մենք մոտ 7.5 միլիոն դոլար ենք հատկացրել տեղահանվածներին աջակցելու համար, և մենք դիտարկում ենք մի շարք քայլեր: Առաջինը հոգեբանա-սոցիալական աջակցություն է։ Երբ ես զրուցում էի Լեռնային Ղարաբաղից եկածների հետ, նրանք՝ հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները, պատմում էին, որ տառապում են անորոշությունից, անհանգստությունից։ Նրանք կարող են օգտվել հոգեբանական աջակցությունից։ Այստեղ ենք մենք ներդնում մեր ռեսուրսների մի մասը, հատկապես ավագ սերունդների համար, ովքեր ակնհայտորեն բավականին մեծ տրավմայի են ենթարկվել: Նաև փորձում ենք աջակցել երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին: Ես հանդիպեցի մի քանի երիտասարդ տեղահանվածների, ովքեր ասացին, որ իրականում կցանկանային անգլերեն սովորել, և մենք փորձում ենք օգտագործել որոշ ռեսուրսներ Միացյալ Նահանգների մեր շատ ակտիվ և առատաձեռն սփյուռքի համայնքից, որն իսկապես ցանկանում է օգնել: Մենք փորձում ենք գտնել ուղիներ, որոնցով կարող ենք աջակցել անգլերենի ինտենսիվ դասընթացներ կազմակերպելուն երիտասարդ տեղահանվածների համար, ովքեր հնարավոր է ցանկանան աշխատել սպասարկման ոլորտում, զբոսաշրջության ոլորտում և դրա համար անգլերենի իմացության կարիք ունեն: Դա ընդամենը մեկ օրինակ է: Մյուս ոլորտը, որի վրա փորձում ենք կենտրոնանալ, և ես գիտեմ, որ ԵՄ-ն, ինչպես նաև մեր մյուս դոնորները, բավականին շատ բան են անում այս ոլորտում, կացարանների հարցն է։ Բնակարանային խնդիրը Հայաստանում երկարաժամկետ և բարդ խնդիր է,քանի որ շատ վայրերում բնակֆոնդը արդեն բավական սուղ է։ Ուստի,մենք աշխատում ենք ՝ աջակցելու բնակարանային այլընտրանքների զարգացմանը, որպեսզի տեղահանվածները կարող են ավելի երկար մնալ իրենց կացարաններում: Ժամանակավոր կացարաններում տեղավորվելը շատ կարևոր էր նրանց՝ այստեղ գտնվելու սկզբնական շրջանում, բայց նրանք պետք է փորձեն ավելի մշտական բնակավայրեր գտնել, և դա մի բան է, որով մենք փորձում ենք օգնել Հայաստանի կառավարությանը և սոցիալական մյուս ծառայություններին: Սրանք ընդամենը մի քանի հարցեր են, որոնց վրա մենք աշխատել ենք սեպտեմբերից:

«Ղարաբաղում տեղի ունեցածը տեղահանությո՞ւն էր, թե՞ էթնիկ զտում»


«Ազատություն»․ - Երկու ճշտող հարց․ Միացյալ Նահանգներում ունե՞ք հստակ գնահատական՝ Ղարաբաղում տեղի ունեցածը տեղահանությո՞ւն էր, թե՞ էթնիկ զտում։

Քրիստինա Քվին․ -Ո՛չ, չունենք։ Մենք խումբ ունեինք, որը հարցազրույցներ էր անում և զրուցում տեղահանվածների հետ, բայց նրանք դեռևս դրա վերաբերյալ որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել: Բայց կարող եմ ասել, թերևս դրա հակառակ կողմից, որ, ըստ միջազգային իրավունքի, նրանք, ովքեր փախել են, պետք է կարողանան վերադառնալ և ապրել ապահով միջավայրում: Միացյալ Նահանգները խստորեն աջակցում է վերադարձի իրավունքին, և մենք, իհարկե, պատրաստակամ ենք աշխատել այլ միջազգային կազմակերպությունների հետ՝ փորձելով տեսնել, թե արդյոք կարող ենք գտնել ճանապարհ, որ ինչ-որ պահի նրանց համար հնարավոր լինի վերադառնալ Ղարաբաղ։

«Ազատություն»․ - Դուք խոսեցիք ֆինանսական աջակցության մասին, պետքարտուղարն էլ Բրյուսելում այդ մասին հայտարարեց, բայց որևէ խոսք չեղավ այդ մարդկանց՝ հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի մասին։ Արդյո՞ք սա նշանակում է, որ Միացյալ Նահանգների՝ աշխարհում մարդու իրավունքների ջատագովի համար, Ղարաբաղի և այնտեղի ժողովրդի հարցը համարվում է փակված, և ուշադրությունը կենտրոնանում է ֆինանսական օգնության տրամադրման վրա, որպեսզի այդ մարդիկ վերաբնակվեն Հայաստանում։

Քրիստինա Քվին․ - Չէի ասի, թե մենք ամբողջությամբ լուծված ենք համարում այդ հարցը։ Ակնհայտ է, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք ամբողջությամբ լուծված չեն: Եվ ինչպես ասացի, մենք իսկապես պաշտպանում ենք վերադարձի իրավունքը։ Պետք է ասեմ, սակայն, որ բավականին շատ տեղահանվածների հետ զրուցելուց հետո մենք տեսնում ենք, որ նրանք վերադառնալն անվտանգ չեն համարում: Մենք պետք է ընդունենք, որ նրանք իրենց անվտանգ չեն զգում, և միջավայրը, որն անհրաժեշտ կլիներ նրանց վերադառնալու և անվտանգ զգալու համար, ներկայումս գոյություն չունի: Դա է պատճառներից մեկը, որ մենք կենտրոնանում ենք այստեղ նրանց աջակցելու վրա, քանի որ դա հենց հիմա իրատեսական տարբերակն է: Բայց դա չի նշանակում, որ մենք բացառում ենք այդ հնարավորությունը ապագայում, ու մենք շատ բաց ենք աշխատելու միջազգային հանրության հետ՝ ուղիներ քննարկելու համար:

«Ազատություն»․ - Դուք նշեցիք միջազգային համայնքի հետ աշխատանքը,ես կուզեի հարցնել Ադրբեջանի կառավարության մասին։ Պատրաստվո՞ւմ եք այս հարցը բարձրացնել և պահանջել Ալիևից, որ երաշխավորի այդ մարդկանց անվտանգ ու արժանապատիվ կյանքի իրավունքը սեփական հայրենիքում։

Քրիստինա Քվին․ - Դե, կարծում եմ, ի վերջո, եթե լուծում գտնվի նրանց վերադառնալու և անվտանգ զգալու համար, ապա Ադրբեջանի կառավարությունը պետք է էականորեն ներգրավված լինի դրանում: Այնպես որ, հիմա ես պատասխանը չունեմ, բայց կարող եմ ասել, որ մենք, անշուշտ, բաց ենք այդ զրույցի համար:

«Անհամբերությամբ եմ սպասում աշխատելու նաև Երերույքի տաճարի նախագծի վրա»

«Ազատություն»․ - Վերջին հարցը՝ գոյություն ունի ԱՄՆ դեսպանների հիմնադրամ, որը զբաղվում է մշակութային ժառանգության պահպանությամբ աշխարհի տարբեր անկյուններում։ Վերջին նախաձեռնությունը, որի մասին դուք հայտարարեցիք, վերաբերում էր Երերույքի տաճարի վերականգնմանը Շիրակում։ Ադրբեջանում աշխատող Ձեր գործընկերը չունի՞ նման ծրագրեր՝ Ղարաբաղի մշակութային ժառանգությունը պահպանելու, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականով վտանգի տակ է, բայց մուտքն այդ տարածաշրջան դեռ սահմանափակված է։

Քրիստինա Քվին․ - Շնորհակալություն, որ շեշտեցիք դա: Ես շատ հպարտ եմ ու կարծում եմ, որ ընդհանուր առմամբ ԱՄՆ դեսպանատունը շատ հպարտ է, որ մենք կարողացել ենք հաջողությամբ իրականացնել մի շարք ծրագրեր Հայաստանում մշակութային ժառանգության պահպանության հարցում: Ես իսկապես անհամբերությամբ եմ սպասում աշխատելու նաև Երերույքի տաճարի նախագծի վրա: Հաջորդ փուլում, երբ մենք նոր առաջարկներ ենք ներկայացնում այս նախագծերի համար, մենք խնդրել ենք, որպեսզի Ղարաբաղի հոգևոր ժառանգությունն էլ դիտարկվի որպես նախագծային առաջարկներից մեկը։ Մենք նաև մեծապես աջակցում ենք մշակութային ժառանգության պահպանմանը Լեռնային Ղարաբաղում և դրա հարակից տարածքներում, որտեղ էլ, գիտեմ, որ նման ժառանգություն կա։ Մենք փորձել ենք խոսել նաև միջազգային կազմակերպությունների միջոցով, որոնք անմիջականորեն զբաղվում են այս հարցով, որպեսզի փորձենք խրախուսել նրանց դիտարկել այս հարցը: Եվ, անշուշտ, Բաքվում մեր դեսպանատունը այդ հարցում հավանաբար առաջատարը կլինի՝ փորձելով գտնել այն ուղիները, որոնցով կարող են օգնել:

Հաճելի էր Ձեզ տեսնել: Շնորհակալություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG