Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատրաստ է ցանկացած հնարավոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը դյուրացնելու համար․ Միլլեր


Վաշինգտոնը հստակ ասել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ուղին սեղանի շուրջ բանակցություններն են և ԱՄՆ-ը մշտապես ողջունել է երկխոսությունը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով վերջին օրերին սահմանին ու հայկական բնակավայրերի ուղղությամբ հնչած կրակոցներին։

ԱՄՆ պետքարտուղարը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ շփումներում հասկացրել է, որ երկու կողմերի միջև պետք է երկխոսություն լինի՝ ասել է Միլլերը՝ շեշտելով՝ Միացյալ Նահանգները պատրաստ է ցանկացած հնարավոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը դյուրացնելու համար և կշարունակի դա անել։

Հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների մասին հաղորդումները վերջին օրերին ակտիվացել են։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը սադրիչ է որակել Ադրբեջանի գործողությունները։ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտնել է, որ պարեկություն է իրականացրել Սոթքի, Վերին Շորժայի, Արավուսի և Մովսեսի տարածքներում, իրավիճակը եղել է կայուն և հանգիստ: Պաշտոնական Երևանը կոչ է արել Բաքվին դադարեցնել իրադրությունը սրելու գործողությունները՝ ընդգծելով՝ Հայաստանը տարածաշրջանում իրադրության սրմամբ հետաքրքրված չէ։ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն իր հերթին հայտարարել է, թե Բաքվի դեմ սպառնալիքները անմիջապես և խստորեն կճնշվեն։

XS
SM
MD
LG