Մատչելիության հղումներ

«Չենք կարող Մոսկվային դիտարկել որպես վստահելի դաշնակից Հարավային Կովկասում»․ Պետքարտուղարություն


Միացյալ Նահանգները աջակցում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շարունակական ժողովրդավարական զարգացմանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, «Ամերիկայի ձայնի» հարցին ի պատասխան, արձագանքելով RAND-ի հրապարակմանը, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը՝ շեշտելով՝ այն ողջ տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության հիմնական սկզբունքն է, և հենց այդ նպատակով է, որ ԱՄՆ ընդլայնում է ներգրավվածությունը Հայաստանի հետ լայն շրջանակով հարաբերություններում։

Ողջունելով ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը խաղաղություն և կայունություն է բերում Հարավային Կովկասի ազգերին՝ Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը միևնույն ժամանակ ընդգծել է՝ չեն կարող Ռուսաստանին դիտարկել որպես վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր Հարավային Կովկասում կամ այլուր։

«Ականատես ենք եղել Ռուսաստանի շարունակվող, ավերիչ ագրեսիային Ուկրաինայի դեմ, Վրաստանի ինքնիշխան տարածքի շարունակական բռնազավթմանը և տարածաշրջանում ու ողջ աշխարհում ապակայունացնող գործողություններին: Ուստի, չենք կարող Ռուսաստանին դիտարկել որպես վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր Հարավային Կովկասում կամ այլուր», - ասված է պատասխանում։

Անցած տարվա սեպտեմբերին ռուս խաղաղապահներն էին Լեռնային Ղարաբաղում, երբ Ադրբեջանն ագրեսիա իրականացրեց, ավելի քան 100 հազար հայեր ստիպված լքեցին իրենց տները, ընդհանուր առմամբ, ագրեսիայի հետևանքով ավելի քան 200 մարդ զոհվեց։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հատարարեց, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանին երկրում ժողովրդավարության ամրապնդման և հարևանությամբ կայունություն հաստատելու ջանքերում։

Ինչ վերաբերում է Իրանին՝ Պետքարտուղարությունն ընդգծել է, որ հետևողականորեն խրախուսել է Հարավային Կովկասի երկրներին համապարփակ գնահատել Իրանի մտադրությունները և զգուշությամբ շարունակել իրանական ռեժիմի հետ կապված բոլոր գործարքները:

Օրերս ամերիկյան հեղինակավոր կորպորացիան հրապարակել էր «ԱՄՆ-ն չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը՝ չնայած Ադրբեջանի սպառնալիքներին, բայց կարող է օգնել» վերտառությամբ վերլուծությունը: Վերլուծաբանները նշել էին, թե Միացյալ Նահանգները պետք է ավելի զգույշ ռազմավարություն վարի՝ թե՛ իր, թե՛ Հայաստանի շահերից ելնելով։ Այն պետք է Հայաստանին ապահովի իրեն պաշտպանելու միջոցներով՝ միաժամանակ հստակ ակնկալիքներ դնելով իր պարտավորությունների սահմանների վերաբերյալ:

XS
SM
MD
LG