Մատչելիության հղումներ

Ըստ Մոսկվայի՝ Ռուսաստանն ու Հայաստանը մնում են եղբայրական երկրներ


Չնայած այսօր հարաբերություններում առկա դժվարություններին՝ Ռուսաստանն ու Հայաստանը մնում են եղբայրական երկրներ, aif.ru-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա ընդգծել է, թե Հայաստանը Ռուսաստանի համար «նույնիսկ ավելին է, քան եղբայրական երկիր լինելը, թեև երկու երկրներն էլ այժմ ապրում են հարաբերությունների բավականին բարդ շրջան»։

«Այստեղ ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում։ Այս հայերի տնտեսական ակտիվությունը դեռ ապահովում է Հայաստանի ընդհանուր բյուջեի շատ մեծ տոկոսը՝ տարեկան մինչև մի քանի միլիարդ դոլար», - ասել է Պեսկովը՝ շարունակելով․ - «Հուսով ենք՝ Երևանը քաղաքական կամք կդրսևորի՝ շարունակելու հարաբերությունների զարգացումը, և մենք հաջողությամբ կանցնենք այս դժվարին շրջանը»։

Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը դուրս կգա ռազմական դաշինքից, եթե կազմակերպությունը չպատասխանի Երևանի բարձրացրած հարցերին։ Իր վերջին ասուլիսին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե հնչի պատասխանը հարցի, թե որն է Հայաստանում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին և համապատասխանի հայկական կողմի պատկերացումներին, կնշանակի՝ ռազմական դաշինքի հետ խնդիրները լուծված են: Հակառակ դեպքում, վարչապետը դարձյալ զգուշացրեց՝ Հայաստանը դուրս կգա դաշինքից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG