Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Չինաստանը վետոյի են ենթարկել ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ-ի ներկայացրած Մերձավոր Արևելքի հարցով բանաձևը


ԱՄՆ - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Նյու Յորք, 22-ը մարտի, 2024թ.
ԱՄՆ - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Նյու Յորք, 22-ը մարտի, 2024թ.

Ռուսաստանը և Չինաստանը վետո են սահմանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգների ներկայացրած Մերձավոր Արևելքի հարցով բանաձևի վրա: Նախագծում նշվում է «անհապաղ և կայուն հրադադարի հրատապ անհրաժեշտությունը», սակայն պահանջ կամ կոչ դրանում չկա։

Փաստաթղթին կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի 15 անդամներից 11-ը։ Ռուսաստանից և Չինաստանից զատ փաստաթղթին դեմ է արտահայտվել նաև Ալժիրը։ Գայանան ձեռնպահ է քվեարկել։ Մեծ Բրիտանիան, Մալթան, Մոզամբիկը, Կորեայի Հանրապետությունը, Սլովենիան, ԱՄՆ-ը, Սիերա Լեոնեն, Ֆրանսիան, Շվեյցարիան, Էկվադորը և Ճապոնիան կողմ են քվեարկել։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փաստաթուղթը պետք է պարունակի «պահանջ» կամ «կոչ», բայց ոչ «անհրաժեշտության սահմանում»։

Համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան քվեարկությունից առաջ կոչ է արել Անվտանգության խորհրդի երկրներին չաջակցել ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևին։ Նա նշել է, որ խորհրդի առջև է եղել ՄԱԿ-ի ԱԽ մի շարք ոչ մշտական անդամների պատրաստած մեկ այլ նախագիծ։ Նեբենզյան համոզված է, որ այն կարող է ընդունվել, քանի որ հստակ կոչ է անում դադարեցնել կրակը, ինչպես նաև անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր պատանդներին։

XS
SM
MD
LG