Մատչելիության հղումներ

Լրագրողական էթիկայի նորմերի խախտում չկա. Դիտորդ մարմինը՝ Գարեգին Խումարյանի հոդվածի մասին


Մի քանի տասնյակ կազմակերպություններ ընդգրկող Էթիկայի դիտորդ մարմինը Հանրային հեռարձակողի դիմումի հիման վրա եզրակացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի մասին Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հոդվածում լրագրողական էթիկայի նորմերի խախտում չկա։

Դիտորդ մարմնի անդամ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելքիայնի խոսքով՝ այս կարծիքը որևէ իմպերատիվ բնույթ չունի, իսկ թե ինչ ազեդցություն այն կունենա կողմերի վրա, ենթադրել չեն կարող։

Հանրային հեռարձակողի խորհուրդն էր ավելի քան մեկ ամիս առաջ պնդել, թե Հանրային ռադիոյի տաղավարում Փաշինյանի հարցազրույցին իր տեսակետները հակադրած Խումարյանն առերևույթ չարաշահել է լիազորությունները, հետևաբար իրենք քննության կառնեն Խումարյանի գործողությունների համապատասխանությունը էթիկական և իրավական նորմերին։

Սահմանադրություն ու Անկախության հռչակագիր փոխել-չփոխելու հետևանքների մասին էր վարչապետը խոսել ռադիոյում՝ ալեգորիկ ձևակերպումներով՝ կարմիր հագուստի և ցլերի օրինակներ բերելով։

«Շատ հեշտ է ոչինչ չանել, իսկ հետո ասել, թե ցլերն ուժեղ են։ Եկեք հանվենք։ Գուցե այդպես նրանք մեզ ոտատակ չտան։ Անցած շաբաթ այս տաղավարում մեզ առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք։ Մեզ ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ», - իր հոդվածում գրել էր Խումարյանը՝ եզրակացնելով՝ այս սիլլոգիզմը պիտի ավարտվեր «եկեք ուժեղանանք» եզրահանգմամբ, փոխարենը հնչեց «եկեք դադարենք հայ լինել»-ը»։

Հանրային ռադիոյի տնօրենը հենց սկզբից համաձայն չէր Հանրային հեռարձակողի խորհրդի գնահատականների հետ, այսօր «Ազատության» հետ զրույցում ընդամենը շնորհակալություն հայտնեց Դիտորդ մարմին։

«Մեր մասնագիտությանը ծանոթ ցանկացած մարդու համար շատ կանխատեսելի էր, որ այդտեղ էթիկայի որևէ խախտում չկա ու, բնականաբար, չի հայտնաբերվելու, բայց ուզում եմ օգտվելով առիթից շնորհակալություն հայտնել Էթիկայի դիտորդ մարմնի գործընկերներին ծավալուն ու բարեխիղճ և շատ որակյալ աշխատանքի համար: Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ մեր մասնագիտությունը, մեր համայնքը պետք է գնա ինքնակարգավորման ճանապարհով», - նշեց Խումարյանը:

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանն էլ է շնորհակալ իր կոլեգաներին, թեև զերծ կմնա մեկնաբանությունից, հատկապես, որ լինելով նաև Դիտորդ մարմնի անդամ, չի մասնակցել այս վեճի քննությանը։ Ընդամենը լրացուցիչ պարզաբանումներ է ներկայացրել։

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահն ասում է, որ փաստացի այս դեպքի քննությունը հանձնել են Դիտորդ մարմնին։ Հարցին՝ ի՞նչ հետևանքներ է հիմա քննությունը ենթադրում հենց Խումարյանի համար, Շիրինյանը կարճ արձագանքեց. - «Մենք եթե հետևանք նախատեսեինք, արդեն նախատեսած պրծած կլինեինք»:

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամները նաև հայտարարել էին՝ «ամբողջ աշխարհում պետության առաջին դեմքերի հետ հարցազրույցները չեն ենթադրում բանավեճ»։ Դիտորդ մարմինն այս ձևակերպման մեջ խնդիր է տեսնում՝ շեշտելով, որ այն չի նպաստում հանրության մեջ կարծիքների ազատ փոխանակման և բանավեճի մշակույթի զարգացմանը։

Հանրային հեռարձակողի խորհրդի թիրախում հայտնված Գարեգին Խումարյանի պաշտոնավարումը լրանում է ապրիլին, նա վերահաստատեց՝ մասնակցելու է Հանրային ռադիոյի տնօրենի նոր մրցույթին։

XS
SM
MD
LG