Մատչելիության հղումներ

ՌԴ-ն վերջին շրջանում ամենախոշոր հարձակումն է իրականացրել Ուկրաինայի էներգետիկ համակարգին․ Գալուշչենկո


Ուրբաթ գիշեր Ռուսաստանը զանգվածային հրթիռակոծության է ենթարկել Ուկրաինայի տարածքը, կան զոհեր և վիրավորներ։

Ռուսաստանը վերջին շրջանում ամենախոշոր հարձակումն է իրականացրել Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։

«Նպատակը ոչ թե պարզապես վնասելն է, այլ նախորդ տարվա նման երկրի էներգետիկ համակարգը խափանել փորձելը», - նշել է նախարարը։

Այսօր առավոտյան ուկրաինական կողմը հաղորդեց նաև, որ ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին, կան վիրավորներ, ԱԷԿ-ը «անջատման եզրին է»։

Գալուշչենկոն հաստատել է, որ հրետակոծության հետևանքով հոսանքազրկվել է Զապորոժիեի ատոմակայանը մատակարարող էլեկտրահաղորդման գծերից մեկը։ Հիմա կայանը միացված է ուկրաինական էներգահամակարգին՝ ավելի ցածր հզորության միայն մեկ էլեկտրահաղորդման գծով։ «Սա չափազանց վտանգավոր է և կարող է հանգեցնել արտակարգ իրավիճակի», - ասել է Energoatom ընկերության ղեկավար Պյոտր Կոտինը:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հաղորդել է, որ մարտի լույս 22-ի գիշերը ռուսական զորքերը 63 «Շահեդ» տեսակի անօդաչու թռչող սարք և 88 տարբեր հրթիռներ են արձակել, 151 օդային թիրախներից 92-ը ոչնչացվել են:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս հայտնել է, որ գիշերը հարվածներ են հասցվել «էլեկտրակայաններին և էներգամատակարարման գծերին, ջրաէլեկտրակայաններին, սովորական բնակելի շենքերին, նույնիսկ տրոլեյբուսի»։

«Ռուսական հրթիռները ուշացումներ չունեն, ինչպես, օրինակ, մեր պետությանն օգնության փաթեթները: «Շահեդ»-ները չունեն անվճռականություն, ինչպես որոշ քաղաքական գործիչներ: Կարևոր է հասկանալ ուշացումների և հետաձգված որոշումների արժեքը: Patriot համակարգերը պետք է պաշտպանեն Խարկովն ու Զապորոժիեն», - հայտարարել է Զելենսկին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG