Մատչելիության հղումներ

«Արդյո՞ք ժողովրդավարությունը կարող է ապահովել անվտանգություն և կայունություն»․ Փաշինյան


«Ես վերահաստատում եմ Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարության ճանապարհին՝ ի շահ ընդհանուր տարածաշրջանի, և ի շահ Հայաստանի Հանրապետության պետականության, նրա ինքնիշխանության և նրա միջազգային դերի», - այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանուն ժողովրդավարության երրորդ՝ առցանց գագաթնաժողովին, որը նախագահում է Կորեայի Հանրապետությունը:

Ընդգծելով, որ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը մնում է կառավարության առաջնահերթությունը՝ Փաշինյանը հարց է բարձրացրել՝ արդյո՞ք ժողովրդավարությունը կարող է ապահովել անվտանգություն և կայունություն:

Վկայակոչելով Freedom House-ի զեկույցները, որով Հայաստանը մի քանի տարի անընդմեջ դասվում է «Ազատ ինտերնետ» ունեցող երկրների շարքում, Ազատության միջազգային ինդեքսում դիրքի բարելավումը՝ մեկ տարվա ընթացքում 2 կետով, Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում 2023-ին դիրքերի բարելավումը 2 կետով՝ Փաշինյանն ասել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում բազմիցս զգացել են, թե ինչպես կարող են ժողովրդավարական ինստիտուտները ներքին կայունություն ապահովել, սակայն մյուս կողմից, Հայաստանը հարձակման է ենթարկվել որոշ արտաքին ոչ ժողովրդավարական ուժերի կողմից ռազմական և հիբրիդային միջոցներով։

Փաշինյանը շեշտել է՝ դրանք ուղղված են ոչ միայն Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու անկախության դեմ, այլև ժողովրդավարության։

Գործադիրի ղեկավարը նշել է, որ հենց սա էր նաև պատճառը, որ Հայաստանը որոշեց միանալ Միջազգային քրեական դատարանին՝ պաշտպանելու համար իր անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը:

«Հավատարիմ լինելով Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին՝ Հայաստանն իր անվտանգությունն առաջին հերթին տեսնում է տարածաշրջանում իր հարևանների հետ և դրա սահմաններից դուրս խաղաղ գոյակցության և համագործակցության մեջ: Այսպիսով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նպատակ ունի նպաստել Հարավային Կովկասի անվտանգությանը, կայունությանը և խաղաղությանը։ Այս նախագիծը համագործակցության միջոցով տարածաշրջանում կայուն խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու իմ կառավարության հանձնառության ևս մեկ ցուցիչ է», - եզրափակել է գործադիրի ղեկավարը։

Հայաստանը փետրվարի 1-ից պաշտոնապես միացել է Միջազգային քրեական դատարանին․ հոկտեմբերի 3-ին նախ Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Հռոմի ստատուտը, ապա օրեր անց նախագահ Վահագն Խաչատրյանն այն ստորագրեց, որից հետո արտաքին գործերի նախարարն այդ մասին տեղեկացրեց քրեական դատարանին։

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ Հռոմի կանոնադրությանը միանալով ցանկանում է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների համար։

Հռոմի ստատուտին միանալու քայլը հավելյալ լարվածություն է առաջացրել Երևանի ու Մոսկվայի հարաբերություններում, քանի որ այս դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։

XS
SM
MD
LG