Մատչելիության հղումներ

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը հրաժարականի դիմում է ներկայացրել


Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտոր Դիանա Գալոյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել։

Բուհից «Ազատության»-ը հաստատեցին տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Վերջին ամիսներին լրատվամիջոցները գրում էին՝ տնտեսագիտականի ռեկտորը 2017-ին Միացյալ Նահանգներում հագուստի խանութից գողություն է արել ու բռնվել։

Լոս Անջելեսի դատարանը նրան մեղավոր է ճանաչել։ Տարեվերջին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց՝ ուսումնասիրում են տեղեկությունը, հարցում են արել ու պատասխանի են սպասում։

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքով դատապարտված անձը, որի դատվածությունը մարված կամ հանված չէ, չի կարող պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակվել։

Գալոյանը ռեկտոր էր նշանակվել 2020-ին։ Նրա պաշտոնավարումը մեկնարկել էր խնդիրներով․ բուհի ռեկտորի ընտրությունները 2020-ի հուլիսին 17-ին էին, հենց այդ օրը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեն (ԲՈԿ) չեղյալ համարեց Դիանա Գալոյանի գիտական աստիճանը: ԲՈԿ-ը հայտարարել էր, թե Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա են թարգմանաբար օգտագործված հատվածներ ու արտագրություններ: Գալոյանն անօրինական էր համարել իր դոկտորական աստիճանն անվավեր ճանաչելը։

Ընտրություններից երկու ամիս անց էլ Կառավարությունը Գալոյանին ռեկտորի պաշտոնում դեռ չէր նշանակել։ Ռեկտորատն էլ սեպտեմբերի վերջին հայտարարեց, որ համալսարանում ուսումնական գործընթացը դադարեցված է, քանի դեռ ընտրություններում հաղթած Գալոյանը Կառավարության կողմից չի նշանակվել ռեկտորի պաշտոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG