Մատչելիության հղումներ

ՀՊՏՀ նորընտիր ռեկտորը անօրինական է համարում իր դոկտորական աստիճանն անվավեր ճանաչելը


Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) նորընտիր ռեկտոր Դիանա Գալոյանն անօրինական է համարում իր դոկտորական աստիճանն անվավեր ճանաչելը։ Բարձրագույն որակավորման կոմիտեն (ԲՈԿ) որոշումն ընդունել էր հուլիսի 17-ին՝ հենց այն նույն օրը, երբ Գալոյանն ընտրվեց Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում, մինչ այդ նա պաշտոնակատար էր։

Նորընտիր ռեկտորը համարում է, որ այդ քայլով Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը հաստատել է՝ շահադիտական նպատակներով է թիրախավորել իր անձը։

«Նախկինում ինքը ևս հնարավորություն է ունեցել նման որոշումներ կայացնելու, բայց չի կայացրել այդ որոշումը և ընդհանրապես օրենսդրությունը նաև ասում է՝ եթե որոշում կայացնելու համար կա վարչական մարմնի հայեցողությունը, ապա ինքը պետք է բոլոր նմանատիպ դեպքերի համար նույն մոտեցումը ցուցաբերի: Եթե ինքը կոնկրետ մի դեպքում այդ մոտեցումը չի ցուցաբերել, կոնկրետ իմ դեպքում է ցուցաբերել, ուրեմն ակնհայտ է, որ այստեղ եղել է որոշակի միտում ու հենց մրցույթի օրը դա անելու», - ասաց ՀՊՏՀ ռեկտորը:

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը հակադարձում է՝ ինքը ոչ մի շահադիտական նպատակ չունի, ասում է՝ եթե միտում էլ ունենար, ապա Գալոյանի դոկտորի գիտական աստիճանն անվավեր կարող էին ճանաչել մինչ ռեկտորի ընտրությունը։

«Իրեն գիտական աստիճանից կզրկեին ամսի 16-ին, ամսի 17-ին հրամանն ուժի մեջ կմտներ, և նա չէր կարողանա մասնակցել ընտրություններին: Այստեղ ներկայացրած որոշումը կապ չունի ռեկտորի ընտրությունների հետ», - ասաց Գոգյանը:

Սմբատ Գոգյանը Գալոյանին մեղադրում է գրագողության մեջ, ավելի վաղ Կրթության նախարարի հրամանով Դիանա Գալոյանի ատենախոսության ուսումնասիրության համար ստեղծված մասնագիտական հանձնաժողովը ևս արձանգրել էր՝ Տնտեսագիտական համալսարանի նորընտիր ռեկտորի ատենախոսության մեջ առկա են առանց հեղինակների և աղբյուրների նշման փոխառություններ: Գոգյանը նաև այս հանձնաժողովի աշխատանքն էր հարցականի տակ դրել՝ հայտարարելով, որ հանձնաժողովականներից միայն մեկն է ունեցել տնտեսագիտության գիտական աստիճան ու նրա ատենախոսության մեջ ևս գրագողություն է հայտնաբերվել։

«Հանձնաժողովի եզրակացության մեջ կետ կար, որտեղ ասվում էր, որ այն պնդումը, որ նա իր ատենախոսության ինչ-որ ենթագլուխ արտագրել է Blognews-ի ինչ-որ հոդվածից, մենք ուզում էինք լսել իր պարզաբանումները, միգուցե նա ասեր, որ այդ հոդվածի հեղինակն ինքն է, թեև անունը նշված չի, բայց միգուցե ինչ-որ ձև ինքը պարզաբաներ, թե ոնց է եղել, որ իր ատենախոսության մեջ հայտնվել են Blognews-ի ավելի շուտ հրապարակված նյութեր», - ասաց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահը:

Գոգյանը մայիսի կեսերին հայտարարեց, որ դիմում է գրել ԲՈԿ նախագահի պաշտոնից ազատվելու համար, նա իր այդ քայլը հիմնավորել էր նրանով, որ ոլորտի բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ, և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են, մասնավորապես ակնարկելով, որ իր հեռացման պատճառը նաև Տնտեսագիտական համալսարանի այն ժամանակ դեռ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի պաշտոնավարումն է։ ԲՈԿ նախագահը գրել էր, որ Գալոյանի աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, բայց համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով զբաղեցնում է իր պաշտոնը։

Չնայած պաշտոնից հեռացման դիմումին, վարչապետը դեռևս չի ստորագրել Գոգյանին ազատելու որոշումը։ ԲՈԿ ղեկավարի ներկայացմամբ՝ Դիանա Գալոյանը մինչ այս հնարավորություն է ունեցել հիմնավորելու, որ գրագողությամբ չի զբաղվել, սակայն հրաժարվել է մասնակցել Բարձրագույն որակավորման հանձնաժողովի լսումներին։ Այդ մասին իրենք ծանուցել են Գալոյանին:

Գալոյանն էլ պնդում է՝ ինքը տեղյակ չի եղել լսումների մասին։ Ոչ փոստով, ոչ էլ էլեկտրոնային հասցեով ծանուցում չի ստացել։ Իսկ ինչ վերաբերում է իր աշխատության մեջ հայտնաբերված առանց հղումների փոխառություններին, Գալոյանը դրանք պարզապես վրիպակի հետևանք է համարում։

«Ընդունում եմ, որովհետև 300 էջ աշխատանք եմ գրել, դա իրականացնում եմ տարիների ընթացքում և հնարավոր է, որ մի քանի տեղով վրիպած լինեմ, բայց և՛ մասնագիտական հանձնաժողովը, և՛ իմ ընդդիմախոսները, նաև սև ընդդիմախոսը հետագայում չեն արձանագրել որևէ խնդիր կապված իմ գիտական նորույթների հետ», - ասաց Դիանա Գալոյանը:

Հայաստան պետական տնտեսագիտական համալսարանի նորընտիր ռեկտորը պատրաստվում է բողոքարկել իրեն դոկտորի գիտական աստիճանից զրկելու որոշումը, մինչ այդ էլ Կրթության նախարարությունից են արձագանքում ստեղծված իրավիճակին՝ կուսումնասիրեն գործընթացը և կձեռնարկվեն համապատասխան գործողություններ: Դիանա Գալոյանի՝ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրվելը դեռ պետք է կառավարության նիստին հաստատվի։

Ավելի վաղ էլ գրագողության մեջ Բարձրագույն որակավորման կոմիտեն մեղադրել էր տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին, որն ավելի ուշ հեռացավ պաշտոնից։

XS
SM
MD
LG