Մատչելիության հղումներ

Մոսկվան պնդում է՝ պատերազմի սպառնալիքի մասին Փաշինյանի հայտարարությունը Արևմուտքի քաղաքականության հետևանքն է


Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Տավուշի մարզի բնակիչների հետ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատերազմի սպառնալիքների մասին հայտարարությունը և պնդել՝ Արևմուտքի քաղաքականության հետևանքն է։

«Ահա ինչին են հասցրել Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնից նոր կուրատորները: Խնդրում եմ նկատել՝ տվյալ հայտարարությունը ոչ մի ձևով կապ չունի Ռուսաստանի հետ։ Սա Երևանի ներկայիս իշխանությունների բացառիկ իրավասությունն է և արևմտականների հետ նրանց խորհրդակցությունների հետևանքը», - տելեգրամյան իր ալիքում գրել է ռուսաստանցի դիվանագետը։

1997-ին Հայաստանն ու Ռուսաստանը Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր կնքեցին։ Հենց այս պայմանագրով՝ Ռուսաստանը պարտավորվեց Հայաստանի հանդեպ ագրեսիայի դեպքում միջամտել։

Հայաստանի արևելյան սահմանագոտում 2021-ի նոյեմբերին ինտենսիվ մարտեր էին՝ զրահատեխնիկայի, հրետանու ներգրավմամբ։ Հայաստանը իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով դիմեց ռազմավարական դաշնակցին՝ հիշեցնելով հենց այս պայմանագիրը։ Սակայն աջակցություն չստացավ։ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին ու չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։ Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։

Իր վերջին ասուլիսի ժամանակ, սակայն, Փաշինյանը հայտարարեց՝ եթե հնչի պատասխանը հարցի, թե որն է Հայաստանում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին և համապատասխանի հայկական կողմի պատկերացումներին, կնշանակի՝ ռազմական դաշինքի հետ խնդիրները լուծված են: Հակառակ դեպքում, վարչապետը դարձյալ զգուշացրեց, Հայաստանը դուրս կգա դաշինքից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG