Մատչելիության հղումներ

Էլեկտրոնային դեղատոմսերը՝ նոր խնդիրների պատճառ. փորձագետն առաջարկներ ունի


Երկուսուկես շաբաթ է, ինչ հակաբիոտիկ, հակահորմոնային, հակասնկային և մի շարք այլ դեղեր գնելու համար քաղաքացին պետք է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնի դեղատան աշխատակցին, որ կարողանա գնել դրանք:

Առողջապահության նախարարությունից պնդում են, որ դեռ անցած շաբաթվա տվյալներով՝ ավելի քան 90 հազար դեղատոմս է դուրս գրվել, համակարգն արդեն լավ է աշխատում, ծրագրի նպատակն էլ մարդու առողջությունը բարելավելն է: Հակառակ կարծիքին են «Ազատության» հետ զրուցած պացիենտները, որոնք օնլայն դեղատոմսը ստանալու դժվարություններին են բախվում։

Խնդիրները լուծելու համար ոլորտի փորձագետ Ծաղիկ Վարդանյանը հրապարակավ մի քանի առաջարկ է ներկայացրել կառավարությանը։ Ասում է՝ պետք է էլեկտրոնային դեղատոմսին զուգահեռ առնվազն երկու տարի թույլատրել նաև թղթային տարբերակի կիրառումը: Իսկ որ սա չտապալվի, առաջարկում է էլեկտրոնային դեղատոմս դուրս գրած բժիշկներին ամսական շուրջ 50 տոկոս բոնուս հատկացնել։

«Մարդկանց շահագրգռեն, նկատի ունեմ բժիշկներին, որպեսզի իրենք հիմնականում էլեկտրոնային դուրս գրեն և 1-2 տարի հետևել դինամիկան, տեսնել՝ ինչ է կատարվում։ Եթե դուք իրականում կկարողանաք ամբողջն անցնել էլեկտրոնայինի, հետևաբար անցեք», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

«Ծրագիրը շուրջ մեկուկես տարվա փորձնական փուլ է անցել, այդ ընթացքում թղթային ու էլեկտրոնային տարբերակները բարեհաջող կիրառվել են»,- կառավարության հաղորդաշարերից մեկում քննադատներին հակադարձել է առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։

Պաշտոնյան ընդգծել է՝ գործընթացը հեշտացվել է. թղթայինի դեպքում կնիքն ու ստորագրությունը հանվել են, քրոնիկ հիվանդների դեղերի դուրս գրման գործընթացը նույնպես մատչելի է դարձել. - «Փոփոխություն չկա բուժառու-բժիշկ հարաբերության մեջ, հնարավորություն է տրվել, որ այդ դեղորայքը միանգամից 180 օրվա համար դուրս գրվի, բուժառուն կարող է դիմել, 30 հատ վերցնել, հաջորդ ամիս ևս 30 կամ 40, այսինքն՝ մինչև ինքը վերջնական այդ 6 ամսվա մեջ իր նշանակված դեղաքանակը սպառի։ Եթե մենք նշանակել ենք երկարատևը և տեսնում ենք, որ օրինակ՝ 30 օրվա վերցրել է, արդեն 35-36-րդ օրն է, ու չկա լրացուցիչ ստացված դեղորայք, սա նաև ահազանգ է բժշկի համար, որպեսզի զանգահարի բուժառուին և հասկանա՝ ինչն է խնդիրը»։

Շուրջ տասը տարի Առողջապահության նախարարությունում տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրած Ծաղիկ Վարդանյանն ասում է՝ տասը մատի պես գիտի համակարգը, էլեկտրոնային համակարգի ներդրմանն ամբողջությամբ կողմ է, բայց պնդում է՝ փոփոխությունը պետք է շատ զգույշ արվի, որ չտուժի բուժառուն, ու խառնաշփոթ չառաջանա բժիշկների մոտ և դեղատներում:

Հիվանդը նախ պետք է հաղթահարի պոլիկլինիկաների հերթերը, հասնի բժշկին, հետո նոր գնա դեղատուն, իսկ հաճախ ըստ նրա՝ այդ հերթերից հոգնող մարդիկ միանգամից վճարովի կոնսուլտացիաների են գնում հիվանդանոցներ ու ընկնում լրացուցիչ ծախսի տակ: Փորձագետն ընդգծում է՝ պոլիկլինիկաների հիմնական մեխանիզմը դեռ խորհրդային տարիներից չի փոխվել, իրենց վրա դրվող այս ծանր բեռին չեն դիմանա։

«Մեկ էլ ավելացել է Ընտանեկան բժիշկ հասկացությունը, որը սովետմիության ժամանակ չի եղել։ Ես մի քանի պոլիկլինիկաներ ուսումնասիրել եմ Երևան քաղաքում և մոտ տարածքում, հագեցած չի այն տեխնիկայով, որը իրենց թույլ կտա շատ ավելի արագ աշխատել, այսինքն՝ ո՞նց եք մտածում, մտածում եք, որ տեղամասային բժիշկը պետք է ժամերով նստի մենակ դեղատոմս դուրս գրելու վրա, հա՞։ 3-4 հոգով հավաքվում են, փորձում են, հետո հեռավար միանում են Արմեդ համակարգին, զանգերն էլ այնտեղ շատ լարված են, հետո նորից եթե չի ստացվում, մայրիկն ասում է՝ դե, մի թղթի վրա գրեք, ես կգնամ, կգտնեմ», - ասաց նա։

Առողջապահության նախարարությունում այս պնդումները չեն ընդունում, ասում են՝ թերությունները շտկելով առաջ են գնում: Թվերով են պատասխանում. նախորդ շաբաթվա տվյալներով՝ համակարգին է միացվել Հայաստանում գործող դեղատների շուրջ 75 տոկոսը, կառուցվել ու վերակառուցվում են պոլիկլինիկաներ։

Մինչդեռ, Վարդանյանն ասում է՝ պոլիկլինիկաների հերթերը թեթևացնելու համար նեղ մասնագետների աշխատանքը պետք է վերափոխել, դեղատոմսով դուրս գրվող դեղերի թիվը 470-ից դարձնել 150, իհարկե աստիճանաբար ավելացնելով դրանք, տեղաշարժման խնդիրներ ունեցող բուժառուներին դեղը տուն հասցնելու հեռավար խորհրդատվության ծրագիր սկսել և այլն։

«Տպավորությունն այնպես է, որ ասել ենք, վերջ», - նկատեց նա։

Կառավարության որոշմամբ 2025-ին արդեն Հայաստանում գրանցված բոլոր դեղերն են լինելու դեղատոմսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG