Մատչելիության հղումներ

«Տանը վատանում եմ, պիտի գնամ, ապտեկայից դեղ առնեմ, ինչքա՞ն սպասեմ». քաղաքացիները դժգոհ են փոփոխությունից


Տիկին Ջուլիետան պոլիկլինիկայից հեռանում է լացը կոկորդում. նյարդաբանական խնդիրը սրվել է, նյարդաբանի մոտ հերթ է, բժշկի երես չտեսավ, որ էլեկտրոնային դեղատոմս դուրս գրի։

«Ես տանը վատանում եմ, պիտի գնամ, ապտեկայից դեղ առնեմ, ինչքա՞ն սպասեմ, որ լույսը բացվի, կամ բժշկուհին օնլայն ուղարկի։ Էդպես բան չեն անում», - ասում է նա՝ հավելելով, - «Հիվանդ մարդը ո՞նց գա, օնլայնի սպասի, կարգով մարդը»։

Ալերգիայով մեկ այլ կին բժշկի մոտ է շտապում, որ էլեկտրոնային դեղատոմս ստանա, դեղը խմի, շունչը տեղը գա, հետո հեռացավ, քանի որ հերթ էր...

Մարտի 1-ից շուրջ 470 դեղ, այս թվում՝ հակաբիոտիկներ, հորմոնալ դեղեր միայն էլեկտրոնային դեղատոմսով են տրամադրվում։

Աողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանն ասում է՝ պոլիկլինիկաների տնօրենների հետ բազմաթիվ քննարկումներ են արել, հիվանդը հրատապ դեպքում առանց հերթագրման պիտի սպասարկվի։

«Ցուցումը տրված է եղել, որ որևիցե հիվանդ, որևիցե բուժառու չպետք է մնա առանց որևէ դեղորայքի», - ասաց նա, - «Իրենք տեղեկացված են, թե ինչպես պետք է կառավարեն հերթերը, որպեսզի առաջիկա ժամանակ մեր պացիենտներից որևէ մեկը չմնա առանց խոհրդատվության, դեղորայքի»։


Մարդիկ պնդում են՝ մինչև այս նորամուծությունն էլ պոլիկլինիկաներում մեծ հերթեր էին, նախարարության ցուցումները հերթերը չեն ցրում։

Առողջապահության փոխնախարարը համաձայն չէ, թե բոլոր պոլիկլինիկաներում է հերթ։ Ասում է՝ գուցե որոշ տեղերում կառավարման խնդիրներ կան, կարծում է՝ համակարգի ներդրման այս առաջին շաբաթը դժվար կլինի։

Դեղատներում ասում են՝ այցելուների կեսը նույնիսկ տեղյակ չէ փոփոխության մասին

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG