Մատչելիության հղումներ

Ի վերջո Երևանում պետք է ոչ մի բուհ չլինի. վարչապետ


Ի վերջո Երևան քաղաքում երկարաժամկետում պետք է ոչ մի բուհ չլինի, և «Ակադեմիական քաղաքից» դուրս ոչ մի բուհ չպիտի լինի, այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բոլոր հայաստանյան բուհերը պետք է գործեն միայն «Ակադեմիական քաղաքում», - Դիլիջանում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին նշել է նա։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ բուհական ոլորտում պրոբլեմները խորն են։ Նա նշեց, որ Հայաստանում կա 60 բուհ, սակայն եթե այս բուհերը հավաստագրեն միջազգային ստանդարտներով, ՀՀ-ում ոչ մի բարձրագույն ուսումնական հաստատություն հավաստագրում չի ստանա։

«Այս առումով «Ակադեմիական քաղաքը» մեզ համար չափազանց կարևոր ու ռազմավարական ծրագիր է», - շեշտեց վարչապետը։

Բուհերի ներկայիս շենքերը, նրա խոսքով, հնարավոր է համախմբվեն մի կազմակերպության մեջ և տրվեն կառավարման միջազգային հեղինակություն ունեցող ընկերության՝ որպես տարածքներ, և այնտեղից ստացվող գումարը բուհական համակարգի ֆինանսավորմանը ծառայի։

«Ակադեմիական քաղաքը» բաղկացած է լինելու 6 ուղղություններից՝ կրթական, արվեստների, տեխնոլոգիական, դասական, բժշկական և սպայական։ Համանուն հիմնադրամը բուհերին վերջերս ուղարկել է ավանի տարածքում ձևավորվող աշխատանքային խմբերի կազմը։ Ըստ այդ փաստաթղթի՝ օրինակ՝ արվեստների կլաստերում Կոնսերվատորիային են միանալու Գեղարվեստի ակադեմիան, Թատերականը ու մի քանի մշակութային կառույցներ։ Կոնսերվատորիայում այս որոշման դեմ ստորագրություն է սկսվել։ Մի քանի օր առաջ «Ակադեմիական քաղաքում» այլ բուհերի հետ միավորվելուն դեմ էր արտահայտվել նաև Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը։

Հստակ չէ՝ երբ լիարժեք կսկսի գործել «Ակադեմիական քաղաքը»։ Թեև կրթության նախարարը 2030 թվականի մասին է խոսում, ավանի կառուցման գլխավոր հատակագիծը կազմած գերմանական ընկերության ներկայացուցիչը լրիվ այլ ժամկետ էր նշել՝ 15-20 տարի անց։

XS
SM
MD
LG