Մատչելիության հղումներ

Մինչև «Ակադեմիական քաղաքը» չկառուցվի, որևէ բուհ չի տեղափոխվի. Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե


Շրջանառվող լուրերը, թե Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան փակվում է, ուռճացված են։ Կրթության նախարարությունից հայտնում են՝ բուհը փակելու նպատակ չունեն, «Ակադեմիական քաղաք» են կառուցում, և միայն այդ տրամաբանության մեջ շենքը մի օր կդատարկվի։

«Ակադեմիական քաղաքը» մինչև չկառուցվի, մինչև ամեն ինչ պատրաստ չլինի, որևէ մեկը չի կարող ինչ-որ շենքից դուրս գալ ու տեղափոխվել», - ասում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ում հայտարարությունից առաջ Կոնսերվատորիան էր այսօր հաղորդագրություն տարածել։

Փաստացի առաջինն են, որ դեմ են արտահայտվում բուհերի միավորման կառավարության նախաձեռնությանը։

«Երևանի պետական կոնսերվատորիայի գիտխորհրդի նիստում հանգամանորեն ներկայացվել են այս նախագծի հետ բուհ-ի անհամաձայնության հիմնավորումներն ու առաջարկները։ Կոնսերվատորիայի ղեկավարությունը հասկանում և կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքն ու անկեղծ մտահոգությունները Հայաստանի միակ մասնագիտական երաժշտական բարձրագույն հաստատության ապագայի վերաբերյալ», -ասված է հայտարարության մեջ։

Կառավարությունը որոշել է «Ակադեմիական քաղաք» կառուցել Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածքում, կօգտագործվի նաև «Հայֆիլմ» կինոստուդիան։ 6 կլաստեր, այսինքն՝ 6 ուղղություն է նախատեսված՝ կրթական, արվեստների, տեխնոլոգիական, դասական, բժշկական և սպայական։

Մի քանի օր առաջ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը բուհերին ուղարկել էր խոշորացման և ինտեգրման գործընթացի շրջանակում ձևավորվող աշխատանքային խմբերի կազմը։ Սա է թերևս նոր անհանգստության պատճառ դարձել, քանզի աշխատանքային խմբերի բաժանումից արդեն իսկ ենթադրվում է՝ որ բուհը որին է միանալու։ Օրինակ՝ Թատերականը, Գեղարվեստի ակադեմիան, Կոնսերվատորիան, ևս մի քանի մշակութային կառույցներ մի կլաստերում են։

Կոնսերվատորիայում աշխատողներն անհանգիստ են, սոցցանցերում գրում են, թե ինչու է կարևոր, որ բուհը մնա իր տեղում՝ Կոմիտասի արձանի թիկունքում, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ու պարարվեստի ուսումնարանի հետ մի գծի վրա և ի վերջո՝ Օպերայի կողքին։ Ասում են՝ սա արդեն իսկ ակադեմիական քաղաք է։

Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասվում շենքերին. բուհերի զգալի մասը մայրաքաղաքի գեղեցիկ շենքերն են՝ հենց Երևանի սրտում։ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը պնդում է՝ դրանք հյուրանոցների կամ ժամանցի այլ վայրերի չեն վերածվելու։ Իսկ թե ինչ է լինելու շենքերի հետ՝ դեռ միայն բարի ցանկություններ կարող են հնչել։

«Բուհական ստարտափները կարող են բան անեն, այլ՝ գիտատար էլի կազմակերպություններ կան, որոնք տեսականորեն կարող են վարձակալեն այդ տարածքները։ Բաց է, ես չեմ կարող լուծումներ հիմա ասեմ, որովհետև այդ լուծումների համար մենք մասնագետ ենք վարձելու։ Շենքային առհասարակ խոսակցություններին վերջ տալու համար, նաև կառավարության կողմից կա հանձնարարական հստակ՝ կազմակերպել ազատված գույքի մենեջմենթի մեխանիզմ, այսինքն՝ այն գույքը, որն ազատվում է քաղաքում, այդ գույքի օգտագործումը բերի համապատասխան եկամուտներ «Ակադեմիական քաղաքին» առանց օտարման և առանց վաճառքի», - ասաց նա։

Ըստ Հայոցյանի՝ առնվազն 4 կլաստեր պետք է պատրաստ լինի 6 տարուց։ Նախարար Ժաննա Անդրեասյանն էլ ավելի վաղ ասել էր, որ մեգանախագիծը ողջ ծավալով կսկսի գործել 2030 թվականի հունվարից։ Ակադեմիական ավանի կառուցման գլխավոր հատակագիծը կազմած գերմանական ընկերության ներկայացուցիչը, սակայն, օրեր առաջ Հանրայինի եթերում լրիվ այլ ժամկետներ էր նշել՝ 15-20 տարի։

«Ակադեմիական քաղաքը» նախևառաջ կրթության որակի մասին պետք է լինի, ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Նա չի տեսնում, որ քննարկումներն այդ ուղղությամբ գնան։

«Հաշվարկն այն է, որ միավորենք բուհերը, կրճատենք մարդկանց թիվը, և այդ խնայված գումարով բարձրացնելով աշխատավարձը՝ փորձենք դրսից, այլ տեղերից բերել նոր դասախոսներ», - «Ազատությանն» ասաց նա, - «Այդ փոփոխությունները, որ ասվում է՝ մարդկային կապիտալի հետ կապված, կարելի էր նաև Երևանի կենտրոնում մնալով էլ անել»։

Մասնագետների կարծիքով՝ քանի դեռ չկա ակադեմիական քաղաքի բովանդակությունը, աշխարհագրության փոփոխությունից կրթության որակը չի բարձրանա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG