Մատչելիության հղումներ

ՔՊ-ն Գյումրիի քաղաքապետին մեղադրում է մրցույթներում կողմնակալության մեջ. Սամսոնյանը չի ընդունում


Գյումրիի համայնքապետ Վարդգես Սամսոնյանը, արխիվ
Գյումրիի համայնքապետ Վարդգես Սամսոնյանը, արխիվ

Գյումրիում ընդդիմություն դարձած «Քաղաքացիական պայմանագիրը» քաղաքապետին մեղադրում է իր առաջնորդած «Բալասանյան» դաշինքի հետ փոխկապակցված ընկերություններին մրցույթներում առավելություն տալու համար։

Ավագանու այսօրվա նիստում խմբակցության ղեկավարը բերեց վերջերս մեծ աղմուկ հանած շների ստերջացման «Կումնի» ՍՊԸ-ի օրինակը։ Քնարիկ Հարությունյանն ասաց՝ ըստ իրենց ձեռքի տակ եղած փաստերի՝ ընկերության հիմնադիր Հարություն Վիրաբյանը կապ ունի Բալասանյանների հետ։

«Շահում են մարդիկ, որոնք ուղղակիորեն փոխկապակցված են ձեզ հետ, ձեր կուսակցության հետ, և իրենք ընդամենը փող են լվանում։ Լավ է, որ քրեական գործ կա», - ասաց նա։

Գյումրիի համայնքապետը չհերքեց փոխկապակցվածության հանգամանքը, միայն արձագանքեց, թե քրեական վարույթ է հարուցված։

«Քանի որ իրավական գործընթաց է գնում, թող մեղավորը պատժվի, կարողանա ամբողջ օրենքի խստությամբ իր պատասխանը տա, խնդիր չեմ տեսնում», - նշեց Վարդգես Սամսոնյանը։

Հարցին՝ ընդունո՞ւմ է իր նախկին կոալիցիոն դաշնակիցների մեղադրանքները, պատասխանեց. - «Չեմ ընդունում։ Եթե փոխկապակցված եղել էր, համապատասխան կառույցներ կան, թող գան, հարցնեն, կարգավորեն, օրենքի դեմ բոլորս պիտի պատասխան տանք»։

Անցած տարեվերջին ՔՊ-ն խզեց կոալիցիոն հուշագիրը «Բալասանյան» դաշինքի հետ ու դրանից հետո կոշտ քննադատում է Գյումրիի գործող իշխանություններին։ Արդյոք հող են նախապատրաստո՞ւմ քաղաքապետին անվստահություն հայտնելու համար, Վարդգես Սամսոնյանը հորդորեց հարցը չքաղաքականացնել։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հղում

XS
SM
MD
LG