Մատչելիության հղումներ

«Բաքվի հետ բանակցություններ վարել»․ Գերիների, անհետ կորածների հանձնաժողով


Լուսանկարը՝ ԱԱԾ մամուլի կենտրոնի
Լուսանկարը՝ ԱԱԾ մամուլի կենտրոնի

Արդեն մեկուկես տարի գործող Գերիների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով հանձնաժողովի նիստում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանն ընդգծել է Ադրբեջանի հետ բանակցություններ վարելու կարևորությունը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանձնաժողովի նախագահ Աբազյանը շեշտել է առաջնահերթությունները վերանայելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով համագործակցելու պատրաստակամության վերաբերյալ կողմերի հայտարարությունները:

Այլ մանրամասներ ԱԱԾ հաղորդագրությունում չկան, պարզ չէ՝ ադրբեջանական կողմի որ հայտարարությունը նկատի ունի ԱԱԾ տնօրենը։

Նիստին մասնակցած իշխանական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի խոսքով՝ Բաքուն վերջերս է անհետ կորածների հարցով համագործակցելու պատրաստակամություն հայտնել։ Երևանի համապատասխան հանձնաժողովն էլ համաձայնել է համագործակցել։

«Էդ ֆորմատը չի քննարկվել որպես այդպիսին, իսկ իրականում մեծ մասամբ նշանակություն չունի էլ, էլի, ինչ ֆորմատով կլինի տեխնիկապես, կարևորը՝ էդ աշխատանքը սկսվի: Որովհետև էդ աշխատանքից շատ բան է կախված մեր անհայտ կորածների փնտրտուքի մասով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գաբրիելյանը:

Անցած ամիսներին Բաքուն Երևանին մեղադրել էր անհետ կորածների մասին տեղեկություններ չտրամադրելու մեջ, իսկ հունվարի վերջին արդեն պահանջել՝ «հրատապ միջոցներ ձեռնարկել 4 հազար անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի և նրանց գերեզմանների մասին տեղեկություններ տրամադրելու ուղղությամբ»։

«Խոսում ենք բոլոր ժամանակների անհայտ կորածների մասին, ինչը որ, ըստ էության, պետք է ենթադրի էդ, այսպես կոչված, հնարավոր փոխանակումները», - նշեց Վիլեն Գաբրիելյանը:

Նիստին հրավիրված էր 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինվորի հորեղբայր Արսեն Ղուկասյանը, որի ղեկավարած կազմակերպությունը մինչև վերջերս այս հանձնաժողովի կազմում էր:

«Դու կտաս մեզ, մենք՝ ձեզ: Այսինքն, առևտրի ոնց որ հարթակ է բացվում, որ մենք տանք, դուք տվեք, ինչ-որ մի բան գոնե կարողանանք փոխանակենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղուկասյանը:

Նա կարծում է՝ Ադրբեջանի հանձնաժողովի հետ համագործակցությունը նոր հույս կտա անհետ կորածների հարազատներին: Գուցե մի սեղանի շուրջ նստելուց հետո ադրբեջանցի ծնողներն իրենց իշխանությունից պահանջեն որոնել կորած հայ զինվորներին. - «Իրենք էլ ամեն ինչ անեն, թեկուզ իրենց իշխանություններին ասեն՝ հարգելի իշխանություններ, բա էս մարդիկ, տեսե՞ք, իրենց պատրաստակամությունը հայտնում են, որ մեր 90-ականներից կորած բալի տեղը գտնեն, թեկուզ՝ սպանված, նորից եմ ասում, թեկուզ՝ մահացած, գոնե աճյունը վերադարձնեն՝ էդ մարդիկ տանեն հուղարկավորեն, շիրիմ ունենան, գերեզման ունենան»:

Ղուկասյանը պատմեց, որ հանձնաժողովի նիստին նաև գերիների հարցն են քննարկել, կարծիք է հնչել, թե միգուցե Բաքուն առաջիկայում վերադարձնի հայ ռազմագերիներից ոմանց, բայց ոչ մի մանրամասն չի ներկայացվել։ Ադրբեջանական բանտերում այժմ 23 հայ է պահվում, հայկական կողմը ադրբեջանցի գերիներ չունի։

«Ասացին, որ հնարավոր է, որ լինի, չի բացառվում: Տա Աստված, ես մենակ ցանկանում եմ, որ իրոք մի օր Ադրբեջանը բարի կամքի դրսևորում անի՝ գոնե մի հոգի կլինի, երկու հոգի կլինի, երեքին կտանք, թող գան էդ մարդիկ հասնեն իրենց տները, իրենց օջախներին, իրենց մայրերին», - նշեց Արսեն Ղուկասյանը:

Իշխանական պատգամավոր Գաբրիելյանն, իր հերթին, հավելեց՝ ժամկետների մասին խոսելն անհնար է. - «Նման բան գերիների մասով խոսվել է, գերիների մասով համապատասխան կառույցները ամենօրյա, 24-ժամյա ռեժիմով աշխատանք են կ ատարում: Ժամկետների մասին այս հարցում խոսելը, կարծում եմ, անշնորհակալ գործ է, բայց փաստը կայանում է հետևյալում, որ 44-օրյայից հետո մենք հարյուրավոր գերիներ ենք ունեցել, և էդ գերիները ժամանակ առ ժամանակ կարողանում ենք վերադարձնել Հայաստանի Հանրապետություն»:

Հայաստանը 2020-ի նոյեմբերից ի վեր Ադրբեջանին է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմիններ, ինչպես նաև՝ 90-ականների զոհված 140 ադրբեջանցիների ոսկրեր։ Ըստ Երևանի, 90-ականների սկզբից անհետ կորած են համարվում 993 հայեր, 44-օրյա պատերազմից հետո՝ շուրջ 200 զինվոր։

XS
SM
MD
LG