Մատչելիության հղումներ

«Բաքվի հետ բանակցություններ վարել»․ Գերիների, անհետ կորածների հանձնաժողով


Կարևոր է Ադրբեջանի համապատասխան կառույցի հետ բանակցություններ վարել՝ հաշվի առնելով համագործակցելու պատրաստակամության վերաբերյալ կողմերի հայտարարությունները, Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի մարտի 12-ի նիստի ժամանակ հայտարարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը՝ շեշտելով՝ անհրաժեշտ է առաջնահերթությունները վերանայել։

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ նիստի ընթացքում անդրադարձ է եղել միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ համագործակցության, ինչպես նաև գերեվարված ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի շուրջ ընթացող բանակցություններին։

Նիստից այլ մանրամասներ չեն հաղորդվում, նշվում է, որ ներկա են եղել նաև Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը և անհայտ կորած անձանց ծնողների շահերը ներկայացնող Արսեն Ղուկասյանը:

Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող Հայաստանի միջգերատեսչական հանձնաժողովն տարեսկզբին արձագանքելով Ադրբեջանի մեղադրանքներին, թե հայկական կողմը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին, Ադրբեջանի համապատասխան կառույցին առաջարկել էր ակտիվացնել համագործակցությունը:

Բաքուն հայտարարել էր՝ Երևանը «պետք է հրատապ միջոցներ ձեռնարկի 4 հազար անհայտ կորած ադրբեջանցիների ճակատագրի և վերջին 30 տարվա ընթացքում ադրբեջանցիների գերեզմանների տեղի մասին տեղեկություններ տրամադրելու ուղղությամբ»։

Համագործակցության պատրաստակամության մասին հայկական կողմի հայտարարությունից հետո Ադրբեջանի արձագանքը չուշացավ՝ Բաքուն հայտարարեց, որ պատրաստ է համագործակցել Երևանի հետ երկու կողմից անհետ կորածների որոնման աշխատանքներում և որ անհրաժեշտ է ներգրավել 1990-ականներին հայկական կողմի ռազմական գործողությունները ղեկավարող պաշտոնայներին, որոնք տեղեկությունների ունեն «ադրբեջանցիների զանգվածային թաղումների վերաբերյալ»։

Ըստ Երևանի՝ 993 Հայաստանի քաղաքացիներ և ԼՂ հայեր համարվում են անհետ կորած 90-ականների սկզբից, և որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում և դրանից հետո Հայաստանը լրջորեն հետաքրքրված է նրանց ճակատագրերի պարզաբանմամբ:

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG