Մատչելիության հղումներ

Անօդաչուներով հարվածներ Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքներին


Սումսկայա մարզը ռուսական հարվածից հետո, Ուկրաինա, 13-ը մարտի, 2024թ.
Սումսկայա մարզը ռուսական հարվածից հետո, Ուկրաինա, 13-ը մարտի, 2024թ.

Ռուսական անօդաչուների հարվածից Ուկրաինայում կրկին խաղաղ բնակիչներ են զոհվել։ Նախնական տվյալներով՝ միայն Կրիվոյ Ռոգում չորս խաղաղ բնակիչ է զոհվել, քառասունը՝ վիրավորվել, նրանց թվում՝ տասը երեխա։ Գիշերն էլ Սումսկայա մարզում է անօդաչուն խոցել բազմաբնակարան շենք. այստեղ ևս զոհեր ու վիրավորներ կան։

Ուկրաինան իր հերթին անօդաչուներով թիրախավորել է Ռուսաստանի տարածքը, այս գիշերվա հարձակումը թերևս ամենազանգվածայինն էր։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ 58 անօդաչու թռչող սարք է արձակվել ռուսական տարբեր շրջանների, այդ թվում՝ Ուկրաինայից հեռու գտնվող Լենինգրադի մարզի վրա։

Պաշտպանական գերատեսչությունը պնդում է, թե ՀՕՊ-ին հաջողվել է խոցել բոլոր անօդաչուները։ Սակայն, ռուսաստանցիները հարցեր են բարձրացնում համացանցում, թե ինչպես են այդ անօդաչուները հասնում, մասնավորապես, հազար կիլոմետր Ուկրաինայի հետ սահմանից հեռու Լենինգրադի մարզ։ Անօդաչուներն այս գիշեր կրկին նավթային պահեստ են խոցել, այս անգամ Ռյազանի շրջանում, նահանգապետի խոսքով, կան տուժածներ, հարվածից հետո մեծ հրդեհ է բռնկվել։

Ընդ որում, երկու օրվա ընթացքում սա արդեն երրորդ ռուսական նավթային օբյեկտն է, որը խոցվում է անօդաչու թռչող սարքերի կողմից։

Ուկրաինայի նպատակը ՌԴ ընտրություններին ընդառաջ քաղաքացիների կամքի արտահայտմանը միջամտելն է. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պրոպագանդիստ Դմիտրի Կիսելյովին երեկ տված հարցազրույցում մեկնաբանել է Ռուսաստանի սահմանամերձ շրջանների վրա հարձակումների հաճախակիացումը, այդ թվում՝ դիվերսանտների ռազմական գործողությունները, շեշտելով, թե ուկրաինական կողմն, իր կարծիքով, երեք նպատակ է հետապնդում։

«Գլխավոր նպատակը, ես դրանում կասկած չունեմ, եթե ոչ Ռուսաստանի նախագահական ընտրությունները խաթարելն է, ապա գոնե ինչ-որ կերպ միջամտել քաղաքացիների կամքի արտահայտման բնականոն գործընթացին։ Երկրորդ՝ տեղեկատվական էֆեկտն է։ Իսկ երրորդը՝ եթե գոնե ինչ-որ բան ստացվի, հնարավոր ապագա բանակցային գործընթացում ինչ-որ հնարավորություն, ինչ-որ փաստարկ, ինչ-որ հաղթաթուղթ ստանալու համար է. լավ, մենք դա կվերադարձնենք ձեզ, իսկ դուք սա կվերադարձնեք մեզ», - ասել է Ռուսաստանի նախագահը։

Ուկրաինայի տարածքից Բելգորոդի և Կուրսկի շրջաններ դիվերսիոն-հետախուզական խմբերի հերթական ներթափանցման փորձի մասին հաղորդվել էր նախօրեին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ բոլոր հարձակումները հետ են մղվել, սակայն «Ազատություն Ռուսաստանի լեգեոնի» մարտիկները պնդում են, որ իրենք դեռ Կուրսկի շրջանում են։

Ու թեև պատերազմը վերջին շաբաթներին գրեթե տեղափոխվել է նաև Ռուսաստանի տարածք, Պուտինը կրկին պնդել է, թե պատրաստ է բանակցությունների, սակայն արդեն գրավված տարածքներից ռուսական զորքերը հանելու մասին խոսք լինել չի կարող։

Պատերազմը շարունակելու պատրաստակամության մասին, չնայած սպառազինության կրիտիկական պակասին, խոսում է նաև ուկրաինական կողմը։ Այն դեպքում, երբ օրինակ՝ գերմանական Der Spiegel-ը գրել է, թե ուկրաինական որոշ ստորաբաժանումներ ներկայումս կարողանում են պահպանել իրենց դիրքերը, բայց միայն այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական կողմը չի հարձակվել ամբողջ ուժով։ Եթե հարձակումներն ուժգնանան, ապա անձնակազմի, զենքի ու զինամթերքի սուր պակասի պատճառով դրանք երկար ժամանակ չի հաջողվի կասեցնել։ Այս դեպքում ուկրաինական բանակի ստորաբաժանումները ստիպված կլինեն նահանջել, սակայն նահանջի դիրքերը նույնպես թույլ են զարգացած։

Ուկրաինային օգնության նոր փաթեթ

Այդուհանդերձ, երեկ որոշ դրական փոփոխություն է արձանագրվել Ուկրաինային օգնության հարցում։ Պենտագոնի մամուլի քարտուղար, օդային ուժերի գեներալ-մայոր Փեթ Ռայդերը հայտարարել, է թե Վաշինգտոնը մի քանի ամսվա դադարից հետո օգնության նոր փաթեթ է տրամադրում Կիևին։

«Այս փաթեթը օգնության 55-րդ մասնաբաժինն է և գնահատվում է մինչև 300 միլիոն դոլար և ներառում է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության, հրետանու և հակատանկային անհապաղ պահանջներին աջակցելու հնարավորություններ», - ասել է նա:

Վերջին անգամ Կիևը ամերիկյան օգնություն ստացել էր անցած տարվա դեկտեմբերին։

Երեքշաբթի հայտնի դարձավ, որ նաև Դանիան Ուկրաինային օգնության նոր փաթեթ կտրամադրի. Կոպենհագենը Կիև կուղարկի 336 միլիոն դոլար արժողությամբ արկեր և հրետանային համակարգեր։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG