Մատչելիության հղումներ

Տեղեկություններ Ռուսաստանի տարածքում մարտերի մասին


Ուկրաինացի զինծառայողը D-20 հաուբիցի մոտ՝ Դոնեցկի տարածաշրջանում, 12-ը մարտի, 2024թ.
Ուկրաինացի զինծառայողը D-20 հաուբիցի մոտ՝ Դոնեցկի տարածաշրջանում, 12-ը մարտի, 2024թ.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր զինված ուժերն ու սահմանապահներն այսօր առավոտյան խափանել են Ռուսաստանի տարածք ներթափանցելու՝ ուկրաինական կազմավորումների փորձը:

Ուկրաինական Տելեգրամ ալիքները և պատերազմական ռուս բլոգերներն ավելի վաղ հայտնել էին Կուրսկի և Բելգորոդի շրջաններում հնարավոր ճեղքման մասին։ Նախնական տվյալներով՝ «Ազատություն Ռուսաստանին» լեգեոնի, Ռուսաստանի կամավորական կորպուսի և Սիբիրյան գումարտակի զինված կազմավորումները սահմանը հատել են համատեղ գործողությամբ։ Այդ կազմավորումները հիմնականում բաղկացած են ռուսներից, որոնք կռվում են Ուկրաինայի կողմից։

Կուրսկի շրջանում, ըստ ստացվող տեղեկությունների, մարտեր են եղել Տյոտկինո գյուղի տարածքում։ Համացանցում նաև հայտնվել է մի տեսանյութ, որտեղ նշվում է, որ ուկրաինական տանկը շրջում է Բելգորոդի Գորկովսկի գյուղի ծայրամասով:

Կողմերի տեղեկություններն այս ամենի մասին իրարամերժ են։ Ուկրաինական աղբյուրները պնդում են, թե այդ խմբերը հաջողությամբ ճեղքել են սահմանը և մտել են Ռուսաստանի տարածք, ռուսական աղբյուրները գրում են ճեղքման փորձի տապալման մասին։

Միաժամանակ, այսօր Ռուսաստանի 9 մարզեր հայտնվել են անօդաչուների թիրախում։ Օրյոլի և Նիժնի Նովգորոդի մարզերում անօդաչուները խոցել են նավթի պահեստներ, երկու մարզում էլ մեծ հրդեհ է բռնկվել։

Բելգորոդի մարզում բացի անօդաչուներից ռուսական հակաօդային պաշտպանությունը նաև հրթիռներ է խոցել։ Ցերեկն էլ անօդաչուները հարվածել են Բելգորոդ քաղաքի ադմինիստրացիայի շենքին, երկու կին վիրավորվել է:

Ռուսաստանի նախագահի խոսնակն այսօր ընդունել է, որ երկրի քաղաքացիական օբյեկտներին հարվածելու փորձերը շարունակվում են, սակայն միաժամանակ պնդել է, թե ռուս զինվորականներն անում են ամեն ինչ՝ դրանց հակազդելու համար։

«Մեր զինվորականներն անում են այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ ՀՕՊ համակարգերն աշխատում են: Կիևի ռեժիմի կողմից քաղաքացիական օբյեկտներին հարվածելու ահաբեկչական փորձերը շարունակվում են։ Մեր զինվորականները զգոնության մեջ են: Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է», - հայտարարել է Դմիտրի Պեսկովը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, հայտնել է, որ բանակը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի մարզի Նևելսկոյե գյուղը։ Այս գյուղը Դոնեցկից մոտավորապես 5 կիլոմետր արևմուտք է։ Բնակավայրում եղել է ուկրաինական զինված ուժերի բազա, ռուսները փորձում են այն գրավել 2023 թվականից։ Ռազմական վերլուծաբանների կարծիքով՝ Նևելսկոյեի գրավումը ռուսական բանակի համար հնարավորություն է բացում հյուսիսից հարձակվելու Կրասնոգորովկա քաղաքի վրա, որտեղ մինչև պատերազմի սկսվելը ապրում էր 15 հազար մարդ։

Չնայած այս բարդ իրավիճակին՝ Ուկրաինայի նախագահը ֆրանսիական մեդիային տված հարցազրույցում ասել է, թե ուկրաինացի զինվորականները կանգնեցրել են ռուսական բանակի հարձակումը երկրի արևելքում։

«Իրավիճակը շատ ավելի լավ է, քան եղել է վերջին երեք ամիսների ընթացքում։ Մենք դժվարություններ ունեինք հրետանային զինամթերքի բացակայության, օդային շրջափակման, ռուսական հեռահար զենքի և ռուսական անօդաչու թռչող սարքերի մեծ խտության պատճառով», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:

Միևնույն ժամանակ, նա զգուշացրել է՝ իրավիճակը կարող է փոխվել «մեկ ամսից կամ մեկ շաբաթից», եթե Ուկրաինայի զինված ուժերը բավարար աջակցություն չստանան։

Արևմուտքում էլ մտահոգություններ կան, որ ռուսները նման ինտենսիվությամբ կարող են դեռ առնվազն երկու տարի պատերազմել Ուկրաինայում։ ԱՄՆ հետախուզության ղեկավարները երեկ զգուշացրել են ամերիկացի օրենսդիրներին, որ Ուկրաինային ռազմական օգնության հետաձգումը թույլ կտա Ռուսաստանին ավելի շատ տարածքներ գրավել:

Ըստ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսի՝ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուց հրաժարվելը «պատմական սխալ» կլինի։

«Առանց լրացուցիչ օգնության, ինձ թվում է, շատ ավելի մռայլ ապագա է սպասվում: Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, 2024 թվականին զգալի դիրքեր կկորցնի», - ասել է Բըրնսը:

Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ առանց ամերիկյան լրացուցիչ օգնության Ուկրաինան կարող է կորցնել 2022 թվականին հակահարձակման ժամանակ վերադարձրած տարածքների մի մասը։ «Եթե Ուկրաինային օգնություն չտրամադրվի, ապա մենք կտեսնենք «նոր Ավդեևվկա», - ասում է Ուիլյամ Բըրնսը:

Իսկ ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Ավրիլ Հեյնսը հայտարարել է, թե այս օգնությունը հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանում արկերի արտադրությունն աճում է, բայց այդ՝ Մոսկվան զինամթերք է գնում Հյուսիսային Կորեայից և Իրանից:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG