Մատչելիության հղումներ

Երևանի ավագանին կքննարկի տրանսպորտի գնի հարցը. Մարությանին շենք չթողեցին, նա սուբսիդավորման կոչ է անում


Երևանի ավագանու նիստերից մեկը, արխիվ
Երևանի ավագանու նիստերից մեկը, արխիվ

Երևանի ավագանին այսօրվա նիստում, մի շարք հարցերի թվում, կքննարկի նաև Երևանի տրանսպորտի ուղեվարձի նոր նախագիծը:

Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ում Երևանի ավագանին մեկ ամիս առաջ զրկեց նաև մանդատից, նիստից առաջ, լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց, որ տրանսպորտի թանկացմանն իրենց խմբակցությունը («Ազգային առաջընթաց») կտրականապես դեմ է։

«Ազգային առաջընթաց»-ը Մարությանին այսօր հրավիրել էր նիստին՝ ելույթի համար, սակայն նրա մուտքը քաղաքապետարան արգելվեց:

Մեկ ամիս առաջ քաղաքապետարանը ներկայացրեց տրանսպորտի թանկացման նախագիծ, որը խիստ քննադատության արժանացավ թե՛ գների բարձր լինելու, թե՛ տարբեր ժամկետներում երթևեկության քանակների սահմանափակումների պատճառով: Նախագիծը հանվեց Երևանի ավագանու նիստի օրակարգից՝ այն լրացուցիչ քննարկելու խոստումով:

Մարությանն այսօր ասաց, որ առաջարկում է ներդնել միասնական տոմսային համակարգը, իշխանության առաջարկած տոմսային փաթեթներին զուգահեռ ներդնել նաև 100 դրամանոց քարտը:

«Թող մարդիկ լիցքավորեն այդ քարտը որքան կցանկանան, ամեն հպումից գանձվի 100 դրամ: Թող մարդիկ այլընտրանքի հնարավորություն ունենան։ Իսկ առհասարակ լուծման միակ տարբերակը սուբսիդիան է», - ասաց նախկին քաղաքապետը։

Հայկ Մարությանի ճեպազրույցը Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ, 12-ը մարտի, 2024թ․
Հայկ Մարությանի ճեպազրույցը Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ, 12-ը մարտի, 2024թ․

Երևանի քաղաքապետարանն օրեր առաջ ներկայացրեց նախագծի փոփոխված տարբերակը․ նախատեսվում է նախորդի համեմատ գների իջեցում, ինչպես նաև տվյալ ժամկետում անսահմանափակ երթևեկելու հնարավորություն: Նախատեսվում է՝ 30 օրվա համար 8 հազար 800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ, 90 օրվա համար 23 հազար 600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ, 365 օրվա համար 88 հազար դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։ Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։ Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր։

Նախկին նախագծով՝ մեկ ամսվա քարտն արժենալու էր 11 հազար դրամ, տրանսպորտից հնարավոր էր լինելու օգտվել 60 անգամ, «90 օր» տարբերակը, համապատասխանաբար՝ 25 հազար դրամ՝ 180 անգամ տրանսպորտից օգտվելու համար, տարեկան փաթեթը՝ 110 հազար դրամ` 1000 անգամ տրանսպորտից օգտվելու համար:

XS
SM
MD
LG