Մատչելիության հղումներ

Հայ-իրանական հարաբերությունների ընդլայնումը համահունչ է տարածաշրջանում խաղաղությանը․ Աբդոլահիան


Հայաստանի հետ բոլոր ոլորտներում բարիդրացիական հարաբերությունների ընդլայնումը ձեռնտու է երկու երկրներին և համահունչ տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը, հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ Թեհրանում Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ հանդիպման ժամանակ։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կրկին շեշտել է «օտար երկրների միջամտությունից զերծ մնալու» Իրանի դիրքորոշումը։

Աբդոլլահիանը կարևորել է տարբեր քաղաքական, տնտեսական, առևտրային, գիտական և մշակութային ոլորտներում համագործակցության ամրապնդման և խթանման ուղղությամբ համատեղ ջանքերի շարունակականության կարևորությունը։

Հայաստանը կարևորում է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը, իր հերթին, ըստ իրանական կողմի, հայտարարել է Կոստանյանը՝ վերահաստատելով՝ այն նպաստում է տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը։

Կոստանյանն արդյունավետ է որակել Իրանի արտգործնախարար Ալի Բաղերի Քանիի հետ բանակցություններն ու ներկայացրել քաղաքական խորհրդակցությունների նոր փուլի շրջանակում իրանցի գործընկերոջ հետ ունեցած բանակցությունների մասին զեկույցը:

Հայաստանի փոխարտգործնախարարը նշել է, որ պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները տարբեր մակարդակներում:

Մարտի 9-ին Իրանի և Հայաստանի արտգործնախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Թեհրանում։ Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, իրանական պատվիրակությունը ղեկավարել է փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանինը։

Հայկական կողմի փոխանցմամբ՝ խորհրդակցությունների ընթացքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նշվում է, որ քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին վերաբերող ամենակարևոր հարցերը։

Անցած տարեվերջին Իրանի արտգործնախարար Աբդոլահիանը Երևանում վերահաստատել էր՝ Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ողջունում է Երևանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ»-ի գաղափարը։

Տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը տարածաշրջանը վերածելու է ուժերի բախման կետի և ավելի շատ մարտահրավերներ է ստեղծելու խաղաղության և կայունության համար, Իրանի ռազմական գերատեսչության ղեկավարն էր օրերս զգուշացրել Հայաստանի պաշտպանության նախարարին, ով ևս գտնվում էր Իրանում։ Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը վերահաստատել էր Թեհրանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային անվտանգությունը պետք է պահպանեն տարածաշրջանի երկրները, այլ մոտեցում Թեհրանի համար ընդունելի չէ։

XS
SM
MD
LG