Մատչելիության հղումներ

«Տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը հակառակ արդյունքն է ունենալու»․ Իրանի պաշտպանության նախարարը՝ Պապիկյանին


Իրանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին, երեկ Թեհրանում, Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Իրանի ռազմական գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին՝ շեշտելով՝ բոլոր հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներից է։

Ըստ իրանական Mehr գործակալության՝ Աշթիանին Իրանի աջակցությունն է հայտնել տարածաշրջանային խաղաղությանը՝ վերահաստատելով․ - «Իրանի վճռական դիրքորոշումն է աջակցել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը և միջազգայնորեն ճանաչված սահմանների չփոփոխմանը»:

Նա նաև ընդգծել է, որ կովկասյան տարածաշրջանում Իրանը հավատարիմ կմնա այս քաղաքականությանը և կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ կապերին։

Աշթիանի նաև վերահաստատել է Իրանի ավելի վաղ արտահայտած ևս մեկ դիրքորոշում՝ տարածաշրջանային անվտանգությունը պետք է պահպանեն տարածաշրջանի երկրները, այլ մոտեցում Թեհրանի համար ընդունելի չէ։

IRNA գործակալությունն էլ նշում է, որ Աշթիանին, մասնավորապես շեշտել է՝ «տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը հակառակ արդյունքի է հանգեցնելու` տարածաշրջանը վերածվելու է ուժերի բախման կետի և ավելի շատ մարտահրավերներ է ստեղծելու տարածաշրջանային խաղաղության և կայունության համար»:

Պապիկյանի երեկ է մեկնել Թեհրան։ Հայկական կողմի փոխանցմամբ, Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները, խոսել միջազգային և տարածաշրջանային հարցերի մասին՝ վերահաստատելով իրենց դիրքորոշումները Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ:

Պապիկյանը երեկ հանդիպել է նաև Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ, քննարկել ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

Անցած տարվա դեկտեմբերի վերջին Հայաստանում էր Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ Նա Երևան էր եկել Ադրբեջանի ու Ռուսաստանի պաշտոնակիցների հետ հայ -ադրբեջանական կարգավորումը քննարկելուց հետո։

«Իրանը ուզում է, որ Հայաստանի խաղաղությունն ու կայունությունը ապահովված լինի առանց արտաքին ուժերի միջամտության ու տարածաշրջանային երաշխավորների շնորհիվ՝ Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի միջոցով հաստատվի հայ-ադրբեջանական խաղաղությունը», - Երևանում հայտարարեց Իրանի արտգործնախարարը։

Աբդոլահիանը վերահաստատեց՝ Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ողջունում է Երևանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ»-ի գաղափարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG