Մատչելիության հղումներ

Պուտինն Ուկրաինայում կանգ չի առնի. Բայդեն


Ջո Բայդենի ամենամյա ուղերձը ԱՄՆ Կոնգրեսում, Վաշինգտոն, 8 մարտի, 2024թ.
Ջո Բայդենի ամենամյա ուղերձը ԱՄՆ Կոնգրեսում, Վաշինգտոն, 8 մարտի, 2024թ.

Անցած գիշեր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսի երկու պալատների՝ Սենատի և Ներկայացուցիչների տան առջև հանդես է եկել երկրում առկա իրավիճակի մասին իր ամենամյա ուղերձով:

Նա ելույթը սկսել է Ուկրաինային աջակցելու անհրաժեշտության թեզով և հիշեցրել է ամերիկացիներին, որ ազատությունն ու ժողովրդավարությունը հարվածի տակ են հայտնվել թե՛ տանը և թե՛ դրսում:

«Պուտինը ներխուժեց Ուկրաինա, քաոս է տարածում Եվրոպայում և դրա սահմաններից դուրս: Եթե այս դահլիճում կա մեկը, ով կենթադրի, թե Պուտինն այնտեղ {Ուկրաինայում} կանգ կառնի՝ վստահեցնում եմ, որ կանգ չի առնելու: Ուկրաինան կարող է կանգնեցնել Պուտինին, եթե մենք սատարենք Ուկրաինային և տրամադրենք զենքը, որով նա կկարողանա պաշտպանվել»,- ասել է Բայդենը։

Գործող նախագահը հասցեական քննադատել է իր նախորդին՝ հանրապետական նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, ով, ըստ Բայդենի, «խոնարհվել է Ռուսաստանի առաջնորդի առաջ»։

«Դա վրդովեցուցիչ է, վտանգավոր է և անընդունելի: Մենք պետք է դեմ կանգնենք Պուտինին», - ասել է Բայդենը:

Նախագահի ելույթը Կոնգրեսում նաև նրա առաջին նախընտրական ուղերձն էր այսպես կոչված «սուպերերեքշաբթիից» հետո, երբ պարզ դարձավ, որ Թրամփը կրկին դառնալու է նրա մրցակիցը նոյեմբերին կայանալիք ընտրություններում:

Իր ելույթում Բայդենը ձևակերպել է նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, որոնցից առանցքայինը ժողովրդավարության պաշտպանությունն է։ Նա խոստացել է վերականգնել ամերիկուհիների հղիության արհեստական ընդհատման՝ աբորտի իրավունքը, եթե ընտրողները Կոնգրեսում մեծամասնություն շնորհեն դեմոկրատականներին: Նա խոստացել է նվազեցնել թոշակառուների համար դեղերի գները և հիփոթեքային արտոնություններ տրամադրել նրանց, ովքեր առաջին անգամ տուն կամ բնակարան են գնելու:

Անդրադառնալով ամերիկյան տնտեսությանը, Բայդենն ասել է, որ «ԱՄՆ-ին նախանձում է ամբողջ աշխարհը, քանի որ տնտեսությունն աճել է ավելի քան 3 տոկոսով, գնաճը նվազել է, գործազրկությունն էլ ռեկորդային ցածր մակարդակի վրա է:

Բայդենը հայտարարել է բյուջեի պակասուրդը նվազեցնելու մտադրության մասին, ինչի համար հարկ կլինի բարձրացնել կորպորացիաների և միլիարդատերերի հարկերը։

Խոսելով Մեքսիկայի հետ սահմանին առկա միգրանտների ճգնաժամի համար պատասխանատվության մասին՝ Բայդենն ասել է, որ իր կառավարությունը միգրանտների հոսքը կարգավորելու արդյունավետ մեխանիզմներ է առաջարկել, սակայն դրանք Թրամփի ճնշման ներքո արգելափակվել են հանրապետականների կողմից։

Բայդենը նաև կոչ է արել Իսրայելին՝ ապահովել Գազայի խաղաղ բնակչության անվտանգությունը և հայտարարել է, որ ԱՄՆ ծովով Գազա մարդասիրական օգնություն կհասցնի: Դրա համար, ըստ նախագահի, կկառուցվի հատուկ լողացող նավամատույց՝ օգնություն հասցնող նավերը բեռնաթափելու համար։

Դեմոկրատները ողջունել են Բայդենի եռանդուն ելույթը, մինչդեռ հանրապետականները քննադատել են նրան՝ «ամենամյա ուղերձը նախընտրական ելույթի վերածելու» համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG