Մատչելիության հղումներ

«Որոշ երկրների կողմից Հայաստանին զինելու ջանքերը վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացին». Բայրամով


Արխիվ
Արխիվ

«Հայաստանի կողմից խաղաղությանն ու կայունությանը չծառայող երրորդ կողմերին տարածաշրջանում ներգրավելը» սպառնալիք է խաղաղության գործընթացի համար, իրանցի գործընկերոջ հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Ջեյհուն Բայրամովը Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին ասել է, թե «որոշ պետությունների կողմից Հայաստանին զինելու ջանքերը» ևս վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացի համար։

Սաուդյան Արաբիայի Ջադդա քաղաքում Իսլամական համագործակցության կազմակերպության՝ Գազայի խնդրին նվիրված հրատապ նիստի շրջանակում կայացած հանդիպման վերաբերյալ իրանական պետական IRNA գործակալության հաղորդագրությունում տվյալ թեմային անդրադարձ չկա։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ռազմականացման պնդմանն ի պատասխան՝ Անթալիայի ֆորումին ասել էր, որ Հայաստանը դա չի անում, այլ պարզապես պաշտպանում է իրեն, ինչը տրամաբանական է՝ հաշվի առնելով, որ անվտանգության առումով անհանգստություն կա Ադրբեջանի պատճառով:

«Մենք ագրեսիվ վարքագիծ կամ նման մոտիվացիա չունենք մեր հարևանների նկատմամբ, հարգում ենք նրանց տարածքային ամբողջականությունը, միաժամանակ մենք իրավունք ունենք կառուցել մեր պաշտպանությունը», - ասել էր նա՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը գնել ու գնում է զենք տարբեր երկրներից։

Ի տարբերություն Երևանի՝ Բաքուն ձեռք է բերում ոչ միայն պաշտպանական սպառազինություն, հավելել էր Ռուբինյանը:

Վարչապետ Փաշինյանը ևս մի քանի անգամ ասել է, որ ուժեղ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի իրավունքն է. - «Եթե դու ուժեղ և մարտունակ բանակ ունես լեգիտիմ նպատակներ իրագործելու համար, ոչ մեկը քեզ չի կարող ասել՝ ինչո՞ւ ես դու քո բանակն ուժեղացնում»:

XS
SM
MD
LG