Մատչելիության հղումներ

Սեպտեմբերյան ցույցերի մասնակից ուսանողներին պահելով կալանքի տակ՝ խախտել են նրանց կրթության իրավունքը. իրավապաշտպաններ


Ցուցարարների և ոստիկանների ընդհարումը Կառավարության շենքի դիմաց, Երևան, 21-ը սեպտեմբերի, 2024թ.
Ցուցարարների և ոստիկանների ընդհարումը Կառավարության շենքի դիմաց, Երևան, 21-ը սեպտեմբերի, 2024թ.

Իշխանությունները խախտել են սեպտեմբերյան ցույցերին մասնակցած շուրջ երկու տասնյակ ուսանողների կրթության իրավունքը՝ նրանց ամիսներով պահելով կալանքի տակ, պնդում են իրավապաշտպաններն ու փաստաբանները։ Ուսանողների մեծ մասը բաց են թողել դասերն ու հիմա ստիպված են տարբեր խոչընդոտներ հաղթահարել։

Արսեն Բաբայան, արխիվ
Արսեն Բաբայան, արխիվ

«Ընդ որում, ասեմ, որ նրանցից երկուսը սպորտսմեններ են ու հաջողված սպորտսմեններ: Օրինակ՝ իմ պաշտպանյալներից Մանվելը Պետրոսյան բավականին մեծ հաջողություններ ունեցող բռնցքամարտիկ է, որը նույնիսկ եվրոպական մրցաշարարերի ընթացքում բրոնզե կամ արծաթե մեդալ էր տարել Արցախ՝ առաջիններից էր, որ Արցախ էդպիսի մեդալ էր տարել: Նաև Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ուսանողներ էին: Եվ էս ընթացքում նրանք պարզապես զրկվեցին կրթություն ստանալու իրենց իրավունքից և մարզական հաջողություններ ունենալու հնարավորությունից», - «Ազատությանն» ասաց երիտասարդների փաստաբաններից Արսեն Բաբայանը:

Սեպտեմբերին արցախցիների տեղահանման օրերին Երևանում վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիաների մասնակից ուսանողներին դատարանները նոր-նոր սկսում են ազատել կալանքից։ Արսեն Բաբայանի խոսքով՝ ամենասկզբում կալանավորեցին նրանց, ովքեր մեղադրվում էին զանգվածային անկարգությունների համար։ Մեծ մասն արցախցի երիտասարդներ են, ու փաստաբանի տպավորությամբ՝ նրանց մեկուսացնելու որոշում կար։

«Խնդիր էր դրված, որպեսզի անմիջապես, առաջին, էդ հանրահավաքի մասնակիցներին և առավելապես արցախցիներին անմիջապես մեկուսացնեն, որ մյուսների աչքին, այսպես, երևա, և մյուսները վախենան», - նշեց փաստաբանը:

Մինչդեռ իշխանությունները, հակադարձելով այս պնդումներին, մշտապես հայտարարում են, որ իրավապահների գործերին չեն միջամտում։

Անցած ամիսներին փաստաբանները բազմիցս էին միջնորդել ազատել մեղադրյալներին, բայց դատարանը պնդել էր՝ ազատության մեջ կխոչընդոտեն գործի քննությանը, կազդեն գործով անցնողների վրա, որոնք ոստիկաններ են։ Ինչպե՞ս կարող էին ազդել նրանց վրա, հարցնում է փաստաբանը:

«Դատավորի նկատմամբ, ես չեմ կարող պնդում անել, թե ոչ օբյեկտիվ դատարանի հետ գործ ունենք, բայց ես կարող եմ վստահաբար պնդում անել, որ օբյեկտիվության չափը որոշակի խախտվել է», - ասաց Բաբայանը:

«Կալանքը կիրառվում է որպես մահակ»

Արդեն ազատության մեջ գտնվող ուսանողներն ու նրանց հարազատները չցանկացան հարցազրույցներ տալ՝ ասելով, թե հետագա խնդիրներ չեն ուզում։

Զարուհի Հովհաննիսյան, արխիվ
Զարուհի Հովհաննիսյան, արխիվ

«Դա գալիս է ապացուցելու իմ այն միտքը, որ կալանքը կիրառվում է որպես մահակ՝ անձանց վախեցնելու, սահմանափակելու նրանց իրավունքները, և իրավունքի իրացումից՝ արդար իրացումից, նաև՝ հավաքների ազատության իրավունքը, սահմանափակելու նպատակով», - «Ազատությանն» ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը կրթության իրավունքից զրկված ուսանողների մասին դեռ ամիսներ առաջ էր ահազանգել, երբ որպես դիտորդ այցելել էր Նուբարաշենի բանտ։ Տեղեկացել էր, որ այդ կալանավայրում 26 երիտասարդ կա։

«Ես որպես իրավապաշտպան չեմ կարծում, որ դա այնպիսի հանցագործություն է՝ ակցիայի ժամանակ ինչ-որ կարգազանցությունը, որ պիտի շփումներից անջատեն: Դա կոռուպցիոն հանցագործություն չէ, որտեղ շղթա պիտի բացահայտվի, և նրա շփումները պիտի այնպես սահմանափակեն, կամ քննիչը պետք է սահմանափակումներ մտցնի, որպեսզի անձինք չշփվեն այդ անձանց հետ», - ընդգծեց իրավապաշտպանը:

Երիտասարդները մեղադրվում են զանգվածային անկարգությունների մասնակցելու, ոմանք՝ սառը զենք պահելու, խուլիգանության համար։ Փաստաբանի պնդմամբ՝ մեծ մասի դեմ ցուցմունք են տվել միայն ոստիկանները, որոնք դատարանում տուժողի ու վկայի կարգավիճակ ունեն։ Մինչդեռ միայն ոստիկանի ցուցմունքով գործեր չպետք է քննվեն՝ Եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի որոշումներն է վկայակոչում Բաբայանը։

«Եվրոպական դատարանի նախադեպից հետո Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը մի քանի գործով արդարացրեց զանգվածային անկարգության մասնակցողներին, և հստակ դրվեց, որ, այո, չի կարող ոստիկանի տված ցուցմունքով անձը դատապարտվել», - ընդգծեց փաստաբանը:

Մյուս խնդիրը ապացույցներն են՝ այս դեպքում հենց ոստիկանների կողմից նկարահանված։

«Բերել են, օրինակ, մի տեսանյութ, որտեղ, Կառավարության շենքի վրայից տեսանկարահանած, կադրի էն վերևի հատվածում փոքր ինչ-որ բաներ են երևում՝ «այ, տեսե՛ք, տեսե՛ք, էս էլ ձեր պաշտպանյալն է»: Ասում եմ՝ «լավ, ո՞նց տեսար, որ մեր պաշտպանյալն է, ենթադրենք, թե ինքն է, ո՞նց տեսար, որ էդտեղ հենց ինքը էնտեղից հարվածեց, կամ շիշ նետեց», - ընդգծեց Բաբայանը:

Փաստաբանի փոխանցմամբ՝ ուսանողներից այս պահին դեռ կալանքի տակ է երկուսը, առաջադրված հոդվածներով նրանց առավելագույնը ութ տարվա ազատազրկում է սպառնում։

Զարուհի Հովհաննիսյանն անօրինական է համարում անգամ մեկօրյա կալանքը, հատկապես երբ ուսանողներն ամիսներ շարունակ դասերի չեն հաճախել։

Իրավապաշտպանը նաև կարծում է, որ նման մեթոդներով իշխանությունը ցանկանում է երիտասարդների նման հավաքներից զերծ պահել. - «Այսինքն՝ մենք ունենք այսպիսի մի ամբողջ փունջ իրավունքների խախտման, որը երիտասարդ սերնդին նաև կոչնակ է, կարծես թե, սահմանափակելու նրանց՝ ազատ հանրային միջոցառումների և հավաքների մասնակցելու իրավունքը»:

Գլխավոր դատախազության տվյալներով՝ սեպտեմբեր 19-ից անցկացված բողոքի ակցիաների գործերով կա 51 մեղադրյալ, նրանցից 20-ի գործն արդեն դատարանում է, իսկ մյուսների նախաքննությունը շարունակվում է։ Մեղադրանքը պաշտպանող Դատախազությունում վստահեցնում են՝ ապացույցները բավարար են մեղադրական դատավճիռներ ստանալու համար։

XS
SM
MD
LG