Մատչելիության հղումներ

Ադրբեջանը քանդում է Արցախի Վերածննդի հրապարակի պետական շենքերը


Ադրբեջանն Արցախի Վերածննդի հրապարակից սրբում է պետական շենքերը։ Բաքվի լրատվամիջոցների տարածած վերջին կադրերում խորհրդարանի շենքի մի մասն է մնացել, քանդող տեխնիկան աշխատում է։

«Ինքն իրեն չվստահող ինչ-որ պատանիի պահվածք է, որովհետև անընդհատ ուզում է ընդգծի, որ Ղարաբաղն Ադրբեջան է», - «Ազատության» հետ զրույցում ասում է Արցախի ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը։

Իսկական տերը այդպես չի վարվում, ընդգծում է քանդվող շենքում պատգամավոր աշխատած Հարությունյանը։ Սպիտակ մարմարից էր Արցախի խորհրդարանի շենքը, գմբեթաձև մետաղյա կոնստրուկցիայով։ Ճարտարապետն արդեն հանգուցյալ է, նրա հետ արցախցի ճարտարապետ Մհեր Մելքումյանն է աշխատել։

Պատմում է՝ հեղինակն ի սկզբանե ուզում էր վարչական շենքը եկեղեցու պես լիներ. - «Տեղական իշխանություններն առաջարկեցին, որ փոխենք, որովհետև տպավորությունը եկեղեցական էր, իսկ այդտեղ ադմինիստրատիվ բան է նստելու, ու որոշեցին, որ գմբեթը չդնեն ընդհանրապես, հետո առաջարկություն եղավ, որ բերեք ժամանակակից կոնստրուկցիաներ դնենք մետաղական»։

Ադրբեջանի կռիվը միայն գմբեթի հետ չէ, Արցախ պետության օրենսդիր մարմնի շենքի հետ է, նկատում է Արամ Հարությունյանը։ Նա մեծ տեղահանման վերջին օրը՝ սեպտեմբերի 29-ին, հասցրել է մտնել իր աշխատասենյակ։

«Ինչը հայկական էր, որ գիտեի՝ իրենց կողմից պղծվելու է միանշանակ, դրանք հանել եմ, այսինքն՝ Մոնթեի նկարը, մեր դրոշը և այլն», - հիշում է նա։

Ազգային ժողովի շենքի քանդման 10 վայրկյանանոց կադրերում արցախցիները նկատել են՝ չկա նույն հատվածում գտնվող Ազատամարտիկների շենքը. - «Այնտեղ հավաքվում էին մարդիկ, ովքեր հաղթել են առաջին պատերազմում, և կարծում եմ՝ միգուցե սա էր պատճառը, որ Ադրբեջանն այս շենքի նկատմամբ նման վերաբերմունք դրսևորեց», - ասում է Արամ Հարությունյանը։


Այն, ինչ հայերինն է, ջնջել ու գրել «Ղարաբաղն Ադրբեջան է»՝ հայկականության ապամոնտաժման այդ տեսարանները վկայում են՝ կեղծ են ադրբեջանական պնդումները ինտեգրման մասին։ Ըստ Հարությունյանի՝ նրանք արցախցիների վերադարձի մասին խոսում են միայն միջազգային հանրության ականջը շոյելու համար։

«Սա վառ ապացույցն է նրա, որ նրանք քանդում են ամեն ինչ, ինչ հայկական է, որպեսզի նաև մեր մտքերից այս գաղափարը հետ գնա ու ջնջվի վերջնականապես», - շեշտում է նա՝ հավելելով՝ Ստեփանակերտում մնացած շուրջ երկու տասնյակ հայերն էլ պատանդներ են, որ ծառայում են Բաքվի քարոզչությանը։

Ադրբեջանական տարածած վերջին տեսանյութում հնդկական կինոյի սցենար է՝ հայն ու ադրբեջանցին՝ վաղեմի ծանոթներ, պատահաբար հանդիպում են Ստեփանակերտում 40 տարի անց։ Ադրբեջանցին նույնիսկ հայերենն է հիշում։ Հայը ադրբեջանական լրատվամիջոցների հայտնի հայն է՝ Միշա Գրիգորյանը՝ «գիբսի Միշիկը», որ շարունակում է զարմանալ, թե ինչու հայերը հեռացան և ինչու չեն վերադառնում։ Մեկ այլ տեսանյութում 70-ամյա Լարիսա Ստեփանյանն է Ստեփանակերտի նկուղներից մեկում մնացել։ Նա Հադրութի իր հարևանուհուն, որ հիմա Հայաստանում է, հետ Արցախ է հրավիրում, ասում՝ բոլորն են գալու։

Տիկին Աիդան՝ հարևանուհին, գիտի, թե ինչ կարող է խոսել Լարիսան ադրբեջանցիների աչալուրջ հսկողությամբ. - «Իանք էնա կողքին լավ-լավ բաներ պիտի ասի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG