Մատչելիության հղումներ

Հազարավոր մարդկանց ուղեկցությամբ Ռուսաստանում հրաժեշտ տվեցին Նավալնիին


Այսօր ցերեկը Մոսկվայի Բորիոսովոյի գերեզմանատանը հողին հանձնեցին Պուտինի կոշտ ընդդիմախոս, վերջին տասը տարիներին Ռուսաստանի ամենհայտնի ընդդիմադիր, հեռավոր հյուսիսի գաղութում մահացած Ալեքսեյ Նավալնիի դին։ Թեև շատերը կարծում էին, թե ռուսաստանցիները կվախենան մասնակցել նրա հոգեհանգստին ու հուղարկավորությանը, առավոտից եկեղեցու բակում ու գերեզմանատանը հազարավոր մարդիկ էին հավաքվել։

Ոստիկանների ու անգամ հեռվում տեղակայված դիպուկահարների հսկողության ներքո նրանք վանկարկում էին Նավալնիի անունը ու շեշտում՝ նրա պես ու նրա հորդորով ոչնչից չեն վախենում։

Նավալնիի ընտանիքն ու թիմակիցներն ավելի վաղ գրել էին, թե իշխանությունները խոչընդոտել են անգամ նրա հուղարկավորությունը․ հարազատներին օրեր շարունակ չէր հաջողվում սգո սրահ գտնել։ Ի վերջո, որոշվեց հոգեհանգիստն անցկացնել եկեղեցում՝ Մարինոյում, ուր ապրել է Նավալնին մինչև թունավորումը՝ 2020 թվականի օգոստոսին։

Նավալնիի հոգեհանգստին մասնակցում էին նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներ Բորիս Նադեժդինը, Եկատերինա Դունցովան, Եվգենի Ռոյզմանը, արևմտյան երկրների դեսպանները Ռուսաստանում։

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին

Նավալնիի կինը, երեխաները, եղբայրը, նրա մտերիմ թիմակիցները չեն կարողացել մասնակցել հուղարկավորությանը։ Նրանց բոլորի դեմ քրեական գործեր են հարուցված Ռուսաստանում։

Յուլիա Նավալնայան
Յուլիա Նավալնայան

«Լյոշա՛, շնորհակալություն 26 տարվա բացարձակ երջանկության համար։ Այո, նույնիսկ վերջին երեք տարիների երջանկության համար։ Սիրո համար, ինձ միշտ աջակցելու համար, ինձ ծիծաղեցնելու համար նույնիսկ բանտից, այն բանի համար, որ դու միշտ մտածում ես իմ մասին։

Ես չգիտեմ, թե ինչպես ապրել առանց քեզ, բայց ես կփորձեմ անել այնպես, որ դու ուրախանաս ու հպարտանաս ինձ համար։ Չգիտեմ՝ կկարողանամ գլուխ հանել, թե ոչ, բայց կփորձեմ», - այսօր գրել է Յուլիա Նավալնայան, ով քաղաքական գործչի մահվանից հետո հայտարարել է Նավալնիի գործը շարունակելու մասին։ Նավալնիի թիմակիցները, ընդիմադիրների մեծ մասը Յուլիայի այս որոշումը ողջունել են։

Նավալնիի այրին, թիմակիցները, ինչպես նաև արևմտյան առաջնորդները հայտարարել են, որ նրա մահվան համար պատասխանատու է Ռուսաստանի նախագահը։ Վլադիմիր Պուտինը մինչ օրս՝ Նավալնիի մահվանից երկու շաբաթ անց, որևէ մեկնաբանություն չի արել, իսկ նրա մամուլի քարտուղարն այսօր ասել է, թե Պուտինը ոչինչ չունի ասելու Նավալնիի հարազատներին։ Ավելին, Դմիտրի Պեսկովի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր Նավալնիի հուղարկավորության օրը կմասնակցեն չարտոնված հավաքների, պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ։

Այսօր էլ Նավալնիի թիմակիցները կրկին հայտարարել են, որ ընդդիմադիր գործիչը բնական մահով չի մահացել, և որ նրան սպանել են Բեռլինի բանտում սպանության համար իր պատիժը կրող ռուս լրտեսի հետ փոխանակումը կանխելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG