Մատչելիության հղումներ

«Սա նշանակում է համատարած հսկողություն». պետությունը կվերահսկի քաղաքացիների բանկային հաշիվները


Եթե ունեք բանկային հաշիվ, իմացեք՝ պետությունը վերահսկելու է այն, իմանալու են, թե ինչքան գումար ունեիք հաշվին տարվա սկզբին ու ավարտին ու որքան գումար է նստել ու ելքագրվել մեկ տարվա ընթացքում։

Հարկայինը կարող է նաև ավելի մանրամասն տվյալներ պահանջել, եթե այդպիսի հարցում ստանաք՝ առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում բանկային քաղվածքը պետք է փոխանցեք, եթե չանեք՝ հարկայինը դատարան կդիմի։ Այս կարգավորումները շուտով օրենքի ուժ կստանան. մնում է հանրապետության նախագահը ստորագրի:

Առանձնապես առանց աղմուկի ու քննադատության Ազգային ժողովն այս շաբաթ 64 կողմ, 31 դեմ ձայնով ամբողջությամբ ընդունեց մի նախագիծ, որով Հայաստանի բոլոր քաղաքացիների բանկային տվյալները հասանելի են դառնում հարկայինին:

«Հարկային վարչարարությունն արդյունավետ իրականացնելու համար հնարավորինս լայն տեղեկությունների շրջանակ է անհրաժեշտ մեկտեղել և ինտեգրել ռիսկերի կառավարման համակարգին, որպեսզի վարչարարությունը լինի թիրախային ու առավել արդյունավետ: Այս նախագծով կարգավորվում է հարկային մարմնին բանկային գաղտնիք կազմող որոշակի տեղեկություններ հասանելի դարձնելու հարցը», - պարզաբանեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

Պետական եկամուտների կոմիտեն Կենտրոնական բանկի միջոցով առևտրային բանկերից բոլոր հաշիվների վերաբերյալ ամփոփ տեղեկություն կստանա։ Տվյալների առաջին փաթեթը հարկայինին կփոխանցվի արդեն այս տարի՝ մինչև հոկտեմբերի մեկը։ Կարգավորումները փուլային եղանակով կկիրառվեն եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը զուգահեռ. նախ կստուգվեն պետական ու համայնքային ծառայողների, ձեռներեցների հաշիվները, հետո կանցնեն աշխատողներին, 2025-ից կուսումնասիրվեն ռեզիդենտ բոլոր քաղաքացիների հաշիվները:

Հարկայինը մինչ այս փոփոխությունը բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ կարող էր պահանջել իրավաբանական անձանցից, այն էլ միայն վերջիններիս համաձայնության կամ դատարանի որոշումից հետո։ Այս կարգավորումներով արդեն բոլորից կարող են պահանջել:

Ի՞նչ հիմքով է հարկայինի նման պահանջ ներկայացնելու։ Քաղաքացին իրավունք չի՞ ունենալու չհամաձայնել ու վիճարկել այն. ընդունված նախագծում ոչ մի պարզաբանում չկա, միայն գրված է՝ «հարցումները կատարվելու են հարկային հսկողության շրջանակներում»։

Ըստ էության սա համատարած հսկողություն է նշանակում, շեշտում է փաստաբան Արսեն Սարդարյանը:

«Այն անձը, ում այդ պահանջը ներկայացվում է, պարտավոր է անմիջապես տրամադրել քաղվածքն ու գրավոր համաձայնություն բանկից այդ քաղվածքի ճշտությունը ստուգելու: Քաղվածք, նշանակում է բոլոր այն անձանց, ում հետ առևտրային գործունեություն է իրականացվել, անձնական փոխհարաբերություններից ելնելով է փոխառություններ իրականացվել և այլն: Այսինքն՝ անձի ամբողջ ֆինանսական շարժը հայտնվում է հարկային տեսուչի, հարկային մարմնի առջև», - նշեց Սարդարյանը:

Ֆինանսական մուտքերին ու ելքերին հասանելիություն պետական մարմիններն ունեն տարբեր երկրներում, հարցն այն է, թե «մեծ եղբոր» խոշորացույցը մինչև ուր կարող է հասնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG