Մատչելիության հղումներ

Ռուսաստանում վերջին հրաժեշտն են տալիս Նիկոլայ Ռիժկովին


Մոսկվայի Քրիստոս Փրկիչ տաճարում այսօր տեղի է ունեցել ԽՍՀՄ նախկին վարչապետ, նախկին սենատոր Նիկոլայ Ռիժկովի հրաժեշտի արարողությունը։

Քաղաքացիական հոգեհանգստին մասնակցել են Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Ռուսաստանի փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը, Ռուսաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը, Պետդումայի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Ժուկովը և բարձրաստիճան պետական ու կուսակցական այլ գործիչներ:

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանն ընթերցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։

«Կյանքից հեռացել է ականավոր քաղաքական գործիչ, ում ավանդն իսկապես եզակի է հայ-ռուսական ժողովուրդների դարավոր հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում։ Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովը հայրենիքին, նրա ընտրած ուղու և անձնուրաց ծառայության վառ օրինակ էր»,- ասվում է ուղերձում:

Ռիժկովն առաջիններից էր, ով օգնության ձեռք մեկնեց հայ ժողովրդին՝ իր վրա վերցնելով 1988 թվականի ձմռանը Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքների համակարգումը։

«Իր ծառայությունների համար Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովը դարձավ սակավաթիվ գործիչներից մեկն, ով արժանացել է բարձրագույն պարգևի՝ Հայաստանի ազգային հերոսի կոչմանը՝ ի նշան հայ ժողովրդի երախտագիտության»,- նշված է Փաշինյանի ուղերձում։

Ռիժկովը մահացել է փետրվարի 28-ին՝ 95 տարեկան հասակում։ 1985 - 1990 թվականներին ղեկավարել է ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը։ 1995-2003 թվականներին եղել է Պետդումայի պատգամավոր, 2003-2023 թվականներին՝ սենատոր։ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին 94-ամյա Նիկոլայ Ռիժկովի սենատորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են, նա հայտնել է, որ կշարունակի աշխատել որպես Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի խորհրդական։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG