Մատչելիության հղումներ

Զուրաբիշվիլին չի հավատում Սաակաշվիլիին բանտում թունավորելու և խոշտանգելու մասին պնդումներին


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի հավատում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտում թունավորելու և խոշտանգումների ենթարկելու մասին նրա կողմնակիցների պնդումներին:

Այդ հարցը Զուրաբիշվիլին մեկնաբանել է Մեծ Բրիտանիա կատարած այցի ընթացքում՝ BBC-ին տված հարցազրույցում։

«Ես չեմ հավատում դրան», - ասել է Վրաստանի նախագահը և ավելացրել. - «Չեմ կարծում, որ նա բանտում կմահանա»:

Միաժամանակ Զուրաբիշվիլին ընդգծել է, որ թույլ չի տա, որ Սաակաշվիլին մահանա կալանքի պայմաններում, ասելով, որ ամենօրյա կապի մեջ է համապատասխան ատյանների հետ և տեղեկություններ է ստանում Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին:

Անդրադառնալով նախկին նախագահին ներում շնորհելու հնարավորությանը՝ Զուրաբիշվիլին ասել է, թե հարցը բաց է մնում, սակայն գոյություն ունեն նրան ազատելու այլ ուղիներ, օրինակ՝ արտահանձնումը։

«Դա կարող է տեղի ունենալ», - ասել է Զուրաբիշվիլին:

Սաակաշվիլին լքել է Վրաստանը 2013 թվականին: Հայրենիքում նրա նկատմամբ չորս քրեական գործ է հարուցվել, որոնցից երկուսով նա հեռակա դատապարտվել է 3 և 6 տարվա ազատազրկման։

2021 թվականի հոկտեմբերին՝ տեղական ընտրությունների նախօրեին, Սաակաշվիլին գաղտնի վերադարձել է Վրաստան, սակայն ձերբակալվել է։ 2022 թվականի մայիսին նա առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղափոխել է Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր հիվանդանոց, որտեղ էլ նա առայսօր մնում է: Տասնյակ գործող և պաշտոնաթող լիդերներ Թբիլիսիին կոչ են արել ազատել Սաակաշվիլիին:

XS
SM
MD
LG