Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին կոչ է անում Վրաստանի նախագահին իրեն ներում շնորհել


Վրաստանի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի, կոլաժ
Վրաստանի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի, կոլաժ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանում կայացած հերթական նիստի ժամանակ դիմել է երկրի ղեկավար Սամոլե Զուրաբիշվիլիին՝ իրեն ներում շնորհելու կոչով։

«Տիկին Զուրաբիշվիլին կարող է օգտվել ներում շնորհելու իր իրավունքից և գրչի մեկ հարվածով իմ երեխաներին վերադարձնել իրենց հորը՝ վերականգնելով նաև քաղաքական հավասարակշռությունը Վրաստանում», - հայտարարել է նախկին նախագահը՝ հավելելով, թե «Սալոմե Զուրաբիշվիլին նման քայլի դիմելու համար բավարար համարձակություն ունի»։

8-ամյա բացակայությունից հետո ժամանելով Վրաստան՝ Միխեիլ Սաակաշվիլին 2021 թվականի հոկտեմբերի 1-ին ձերբակալվել է իր դեմ հարուցված մի շարք քրեական գործերի շրջանակում։ Նրա դեմ վրացական դատարանների կողմից կայացված և օրինական ուժ ստացած երկու դատավճիռ կա։ Միաժամանակ, Սաակաշվիլին մեղադրյալ է ևս մի քանի քրեական գործերով։ 2022 թվականի մայիսի 12-ից Վրաստանի նախկին նախագահը բուժվում է «Վիվամեդ» կլինիկայում` գտնվելով անազատության մեջ: Վրաստանի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քանիցս մերժել է Սաակաշվիլիին ներում շնորհելու ընդդիմության կոչերը:

XS
SM
MD
LG