Մատչելիության հղումներ

«Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու պլաններ չունի». Ալիև


Ադրբեջանը Հայաստանի վրա «հարձակվելու պլաններ չունի», հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի պատվիրակության հետ հանդիպմանը։

«[Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ] Բորելը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ապա կտեսնի դրա դառը պտուղները: Նախ՝ որտեղի՞ց Բորելին տեղեկությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա։ Նման պլաններ չունենք», - «ԱզերԹաջ» պետական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իլհամ Ալիևը։

«Սրանք պարոն [Ֆրանսիայի նախագահ Էմանյուել] Մակրոնի հորինվածքներն են։ Այս ամենը Ֆրանսիայի հակաադրբեջանական քաղաքականության մաս է կազմում՝ հիմնված մեր երկրի դեմոնիզացիայի վրա կապված այն բանի հետ, թե իբր Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա»,- նշել է նա։

Գերմանացի պաշտոնյաների հետ հանդիպմանը Ադրբեջանի առաջնորդը նաև Եվրոպայի խորհրդից դուրս գալու հնարավորության մասին է խոսել և պնդել՝ եթե ԵԽԽՎ-ն չվերականգնի ադրբեջանական պատվիրակության լիազորությունները, ապա Բաքուն կդադարեցնի իր անդամակցությունը ԵԽ-ին։

«Եթե մեկ տարվա ընթացքում մեր պատվիրակության իրավունքները չվերականգնվեն, այդ դեպքում մենք կարող ենք լրջորեն քննարկել Եվրախորհրդից ամբողջական դուրս գալու հարցը»,- ասել է Ալիևը։

XS
SM
MD
LG