Մատչելիության հղումներ

«Բայց ինչո՞ւ մենք պետք է վճարենք». կոնդեցիները թաղամասի օտարմանն առչնվող դժգոհություններ ունեն


Վերջնական օտարումից առաջ Երևանի ամենահին թաղամասերից մեկի՝ Կոնդի բնակիչները պետք է սեղմ ժամկետում սեփականության նոր վկայականներ ստանան, որտեղ հստակ նշված կլինեն նրանց տների սահմանները քառակուսի մետրերով: Ըստ քաղաքային իշխանության՝ սեփականության հին վկայականներում այլ թիվ է նշված, բայց շատ սեփականատերեր հավելյալ տարածքներ են տնօրինում:

Այդ տարբերությունն իրենց անունով գրանցելու համար կոնդեցիները պետք է կադաստրային գումար վճարեն: Քաղաքային իշխանության այս բացատրությունը կոնդեցիների մի մասը չի ընդունում, ասում են՝ եթե իրենց հին վկայականում գրված թվերը պետք է փոխվեն, թող Կոնդը օտարող քաղաքային իշխանությունը դա անվճար անի։

«Ավագանին որոշել է, որ պետք է կոնդեցիները բերեն, իրենց եղածի համար կադաստրային արժեքի երկու տոկոսը վճարեն։ Ասում եմ՝ բայց ինչո՞ւ մենք պետք է վճարենք, եթե փաստաթղթերը դուք կազմում եք, նույն փաթեթն եք չէ՞ կազմում, այդ նույն փաթեթն ի՞նչ կապ ունի մարդու քառակուսու հետ։ 257 դիմում է դեռ, 257 սեփականատեր, պակաս թերի չափագրումները, առկա չափերով, որոնք չափագրել են, դրանք շտկеն, բայց դրա դիմաց գումար չպահանջեն։ Այս ամբողջ ըմբոստությունը դրա հետ կապված է», - ասաց բնակիչներից մեկը։

17-րդ դարից պահպանված Կոնդ թաղամասն առաջիկայում վերակառուցվելու է: Տարածքը կճանաչվի հանրային գերակա շահ, դրանից կսկսվի քաղաքաշինական նոր ծրագրի իրագործումը, բացատրում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն ու շարունակում՝ ապագայում այդ բնակիչներն իրենց տների փոխարեն փոխհատուցում կստանան շուկայական արժեքի գնով, գումարած ևս 15 տոկոս: Բայց որպեսզի յուրաքանչյուր սեփականատիրոջ փոխհատուցման ստույգ չափը որոշվի, պետք է վիճահարույց հարցերը պարզվեն։ Բացի այն, որ սեփականության հին վկայականներում նշված քառակուսի մետրերը չեն համապատասխանում մարդկանց տիրապետած թվին, կան նաև դեպքեր, երբ հարևանների միջև նույն տարածքի համար վեճեր են առաջացել, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակը։

Եթե մարդիկ հրաժարվեն վճարել այդ գումարը, քաղաքային իշխանության հաջորդ քայլը ո՞րը կլինի, «Ազատություն»-ը հետաքրքրվեց քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանից։

Ասաց՝ հետո ավելի քիչ փոխհատուցում կստանան. - «Իր սահմանները չեն ճշտվում, նա վկայական չի ստանում, և այն վկայականը, որ հիմա ինքն ունի, դառնում է դրա սեփականատերը։ Դա խնդիր է լինելու բոլորի համար և իշխանության համար Երևանի, և կառուցապատողի, և քաղաքացու։ Քաղաքացին, ենթադրենք, եթե վաղը լինի օտարման գործընթաց, պատկերացրեք, որ ունի գույք, բայց չունի այդ գույքը, ենթադրենք»։


Այդ գումարները վճարելու համար կոնդեցիները առավելագույնը 3 ամիս ժամանակ ունեն:

«Կոնդեցիների բերած թղթերի հիման վրա ենք փորձում իրենց իրավունքն այդ հողամասի նկատմամբ վերահաստատել կամ գրանցել, վատ բան ե՞նք անում: Նրանք նույն տրամաբանությամբ կարող են հրաժարվել վճարել նաև ավտոբուսի, աղբահանության և այլ ծառայությունների դիմաց»,- հակադարձում է քաղաքաշինության վարչության պետը:

Իսկ ինչպե՞ս են հաշվարկվել, թե որ բնակիչը որքան պետք է վճարի. քաղաքային իշխանությունը հիմքում դրել է տարածքի կադաստրային արժեքը, այսինքն՝ 139-214 հազար դրամ 1 քմի դիմաց, գումարած 2 տոկոս: «Առանց այդ էլ ապրում ենք խոնավ ու կիսափուլ տներում, որտեղի՞ց վճարենք այդ գումարները», - շարունակում են դժգոհել կոնդեցիները։

Պատմական այս թաղամասն իր նեղ փողոցներով, տեղ-տեղ կտրուկ վեր բարձրացող և դեպի վայր իջնող ճանապարհներով դարձել է Երևան այցելող զբոսաշրջիկների սիրած վայրերից մեկը: Կոնդեցիներն ասում են՝ պատմական Երևանի պատառիկը նրանք այստեղ են տեսնում, հին քաղաքի մասին հիշեցնող գրեթե ոչինչ չի մնացել, հատուկենտ շենքեր են, իսկ որպես թաղամաս սա միակն է:

Չնայած սրան՝ «Ազատության»-ը հանդիպած կոնդեցիները նեղսրտում էին՝ տները փոքր են, անհարմար, խոնավ, պատերը չեն դադարում ճաքեր տալ: Համաձայն են իրենց տները զիջել կառուցապատողներին՝ պայմանով, որ փոխատուցվող գումարով իսկապես կկարողանան նոր տներ գնել ու մարդավայել ապրել:

«Էս տապալոկը քանդվում է վրաս, ամեն անգամ ես մտածում եմ՝ էսա կնստի.... եթե նորմալ գումար տան, այդ ժամանակ նոր դուրս կգանք, թող 250 հազար դոլարը հենց հիմա տան, ես վաղը դուրս եմ գալից, 6 հոգանոց ընտանիք ենք», - ասաց կոնդեցիներից մյուսը։

Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք քննարկվել է Կոնդի վերակառուցման հարցը, ներկայացվել են տարբեր նախագծեր, ու ինչ- որ փուլից դրանք կիսատ են մնացել տարբեր պատճառներով: Այս տարիներին, բնակիչների խոսքով, Կոնդը բաժանվել է 7 լոտերի, դրանցից մեկով վերջերս վաճառվեց թաղամասի հետևում գտնվող «Հայ փոստ»-ի շենքը: Գնորդը «Ռենշին» ընկերությունն է, որը մտադիր է այնտեղ առևտրի կենտրոն կառուցել։

Նախորդ տարեվերջին քաղաքապետարանը հայտարարեց, որ Կոնդի վերակառուցման ծրագիրը գործնական փուլ է մտել, 7 նախագիծ է հաղթել միջազգային բաց մրցույթում: Դեռ պարզ չէ՝ երբ կամփոփվի մրցույթի երկրորդ փուլն, ու ովքեր կլինեն պատմական թաղամասի կառուցապատողները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG