Մատչելիության հղումներ

«Հայփոստի» շենքի տեղում Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի


«Հայփոստի» շենքի տեղում Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի։ Որոշումը կայացնողը կառավարությունն է, փաստաթղթի վերջում էլ մի կետ են ավելացրել՝ գույքին հարակից` մինչև 12 հազար քմ մակերեսով հողամասն ճանաչել պետության կարիքների համար բացառիկ` գերակա հանրային շահ։

«Հայփոստի» տրասֆորմացիան կառավարությունը համարում է մեգանախագիծ. ընդհանուր արժեքը ավելի քան 200 մլն դոլար է։ Վարչապետն ու Էկոնոմիկայի նախարարը գործադիրի նիստում թվարկում էին առավելությունները. 123 հազար քառակուսի մետ տարածքով շենք- շինություններ են կառուցվելու, 4 և 5 աստղանի հյուրանոցներ, կոնֆերանս դահլիճներ, բիզնես կենտրոն:

Ծրագրի 20 տոկոսը Հայաստանի կառավարությանն է, մոտ 30 տոկոսը՝ «Հայփոստին»։ Իրականացնողը «Ռենշին» է, ըստ վարչապետի, նախագիծը հենց ընկերությունն է բերել, «Համաշխարհային առևտրի կենտրոն» ցանցի անդամ է։

«Իհարկե այս մասշտաբի ներդրումը նաև լուրջ ազդակ է Հայաստանում համապատասխան ներդրումային միջավայրի գոյության մասին», - նշել է Փաշինյանը:

«Թե ի՞նչ ազդեցություն է ունենալու այդ նախագիծը Երևան քաղաքի ֆիզիկական միջավայրի վրա՝ ոչ մի հաշվարկ, ոչ մի նույնիսկ ակնարկ չկա դրան», - ասաց ճարտարապետ Սևադա Պետրոսյանը:

Պետրոսյանը կառավարության տնտեսական օգուտների խոստումներին զուգահեռ թվարկում է արդեն իսկ կանխատեսելի վնասներն ու վտանգները. - «Մեծ նախագծերը, մեծ ներդրումներն իրենց հետ բերում են մեծ բեռնվածություններ քաղաքում: Քաղաքն առանց այդ էլ չունի որևէ ի զարգացման հայեցակարգ կանոնակարգման մեխանիզմ, գործիքաշար՝ ինչպես կորաղ են այդ հոսքերը կառավարել: Սարյան փողոցում բացվեց 10 ռեստորան՝ կաթվածահար է լինում մեքենաների շարժը. մենք չգիտենք ինչ է կառուցվելու ո՛չ Կոնդում, ո՛չ փոստի շենքի տեղում: Տակը գոյություն ունեն թունելներ, որոնք կապում են Երևանի կենտրոնը Հրազդանի ձորին: Ամեն դեպքում մեծ բեռնվածություններ են լինելու, չգիտենք ինչպես է դա կառավարվելու»:

Համացանցում ժամանակին հայտնվել էր քննարկվող ծրագրի նախագիծը. փոստի հենց ետնամասում վեր խոյացած մի երկնաքեր... այն ժամանակ խոսվում էր 40 հարկի մասին. լուրը ո՛չ հերքվեց, ո՛չ հաստատվեց։ Կառավարության արդեն հաստատած նախագծում հարկերի մասին հստակ տեղեկատվություն չկա, միայն վարչապետի ակնարկն է՝ հսկա կառույց է լինելու:

«Հայփոստը» հենց Կոնդի դիմաց է։ Կառավարության որոշման ամենավերջում սևը սպիտակի վրա գրված է՝ հարակից` մինչև 12 հազար քմ մակերեսով հողամասը գերակա շահ ճանաչելու գործընթաց պետք է սկսվի։ Բայց ոչ մի հստակություն՝ գործադիրը փակագծերը չի բացում, թե ինչ կլինի օտարվելիք տարածքի հետ։

«Երևի կգան մինչև այս տները, որը նշանակում է, որ եկեղեցու՝ որպես հուշարձան, հուշարձանի ազդեցության գոտու սահմանին կլինեն մինչև «Դվին» հյուրանոց, կառուցապատման կարգավորման հատուկ գոտի է, այսինքն՝ այս հողամասը, որ ենթադրաբար սա էլ լինում է 12 հազար քառակուսին», - նշեց ճարտարապետը:

Երևանի քաղաքապետի թեկնածու, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, երբ դեռ փոխվարչապետ էր, մեծ ծրագրեր ուներ Կոնդի հետ կապված։ Մի խումբ ուրբան-ակտիվիստներ դեռ այն ժամանակ մտահոգ էին՝ փոստի շենքի շուրջ առաջացած աղմուկը պատահական չէ. հինը շենքը նորով փոխարինելու առաջարկը խնդրից ուշադրությունը շեղելու ձև է։ Թիրախում, ըստ նրանց, Երևանի ամենահին ու պատմական թաղամասը՝ Կոնդն է։

«Կարդալով կառավարության որոշումը՝ պարզ է դառնում, որ դա վերաբերում է ոչ միայն փոստի շենքին, ինքն իրենով դա արդեն մեկ խնդրահարույց առարկա է, բայց նաև դա վերաբերում է Երևանի հնագույն թաղամասերից մեկի՝ Կոնդի մոտ 12 հազար քառակուսի մետր տարածքին, որում ապրում են առնվազն 30 ընտանիք, և մենք վերադառնում ենք հին ու բարի մեթոդներին ընդամենը ինչ-որ ներդրումային ծրագրի համար՝ զրկելով մարդկանց իրենց գույքից և կառավարության որոշմամբ այդ գույքը նվիրել տնտեսվարողի», - ընդգծեց Սևադա Պետրոսյանը:

Արդեն 30 տարի է՝ Կոնդի բնակիչները խոստումներով են ապրում. ոմանք արդեն փոխհատուցումը ստացել ու սպասում են բուլդոզերների այցին, կան, սակայն, դեռ պայքարողներ... Փոստի շենքի տրասֆորմացիայի մասին լսել էին, սակայն հարակից տարածքի օտարման մասին նոր քննարկումներ պետական այրերի հետ դեռ չեն ունեցել:

Փոքրիկ, գողտրիկ տները պահպանելու պահանջ- պայքարը կառավարության մի գրիչի հարվածով, սակայն, հօդս է ցնդում, նկատում էին և՛ բնակիչները, և՛ ուրբան-ակտիվիսները՝ ընդգծելով երկնաքերերը շուտով կուտեն հին Երևանի վերջին փոքրիկ պատառիկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG