Մատչելիության հղումներ

«Նախաձեռնել ենք նոր՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության հավակնոտ օրակարգ»․ ԵՄ հանձնակատար


Յուտա Ուրպիլայնե
Յուտա Ուրպիլայնե

Եվրամիությունը հանձնառու է խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր հարթություններում, այսօր Եվրախորհդարանում հայտարարեց Միության միջազգային համագործակցության հանձնակատար Յուտա Ուրպիլայնենը։

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան կրկնեց այն, ինչ շաբաթներ առաջ հայտարարել էին Հայաստանի ու Եվրամիության արտգործնախարարները՝ բրյուսելյան հանդիպման ժամանակ․ Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները երբևէ այսքան ամուր չեն եղել, և առաջիկայում կարող են էլ ավելի խորանալ։

«Հոկտեմբերին այս խորհրդարանում Հայաստանի վարչապետը շատ հստակ ուղերձ հղեց՝ Հայաստանը պատրաստ է մոտենալ ԵՄ-ը այնքան, որքան որ միությունը թույլ կտա։ Ի պատասխան Եվրահանձնաժողովը հանձնարարեց գտնել ուղիներ՝ խորացնելու հարաբերությունները բոլոր հարթություններում։ Եվ անցած ամիսներին մենք աշխատել ենք այդ ուղղությամբ և նախաձեռնել ենք նոր՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության հավակնոտ օրակարգ», - հայտարարեց նա։

Ըստ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի՝ այդ օրակարգը հիմնված է լինելու երեք կարևոր ուղղությունների վրա․ «առաջին՝ մենք կօգնենք Հայաստանին՝ բարձրացնել դիմադրողականությունը և դիվերսիֆիկացնել տնտեսությունը։ Մենք նաև քննարկում ենք վիզաների ազատականացման հնարավորությունները, և քաջալերում ենք Հայաստանին իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ այդ ոլորտներում։ Երկրորդ՝ համագործակցություն անվտանգության ոլորտում՝ ԵՄ դիտորդական առաքելության ու Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով, և երրորդ՝ ներդրումների ավելացում, այդ թվում՝ տարածաշրջանային ծրագրերին Հայաստանի մասնակցության միջոցով», - ասաց հանձնակատարը։

Եվրոպացի դիվանագետն ընդգծեց՝ առաջիկայում սպասվող ճանապարհը հեշտ չի լինելու։

«Հայաստանի՝ անցյալում ընդունած որոշումները, որոնք հանգեցրել են քաղաքական, տնտեսական, անվտանգային կախվածության, չեն կարող հաղթահարվել մեկ օրում։ Բայց երկու կողմում էլ կա քաղաքական կամք՝ առաջ շարժվել՝ մեր գործընկերությունը խորացնելու և ընդարձակելու ուղղությամբ»,-ասաց նա։

Ողջունելով այդ որոշումը՝ Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների խմբի նախագահ Մարինա Կալյուրանդը հայտարարեց՝ հաջողության հասնելու համար Հայաստանը պետք է իր տնային աշխատանքն անի։

«Ես նկատի ունեմ ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն, Հայաստանի մեծ կախվածությունը Ռուսաստանից, ինչպես նաև ռուսական բազան Հայաստանում», - ասաց եվրոպացի պատգամավորը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG