Մատչելիության հղումներ

ԵՄ-ն կուսումնասիրի Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը


Եվրոպական միությունը (ԵՄ) վերահաստատել է իր շարունակական աջակցությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների հիմքի վրա։ Այս մասին ասված է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակության Հայաստան այցի վերաբերյալ ամփոփիչ հաղորդագրության մեջ։

Արտաքին հարաբերությունների խորհրդի նոյեմբերի 13-ի քննարկումների արդյունքներով՝ ԵՄ-ն նաև կամրապնդի Հայաստանում ԵՄ առաքելությունը, նշված է հայտարարության մեջ։

Եվրոպական միությունը և Հայաստանը նաև հետաքրքրված են ուսումնասիրել Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ երկխոսության հնարավոր մեկնարկի հեռանկարները:

Հանդիպումների ընթացքում լրացուցիչ հաստատվել է անվտանգության և պաշտպանության ոլորտներում երկխոսությունն ու համագործակցությունը շարունակելու Հայաստանի և ԵՄ-ի փոխադարձ հետաքրքրվածությունը։ Մասնավորապես՝ Եվրոպական միությունը լրացուցիչ կուսումնասիրի Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը։

Այցի կապակցությամբ ազդարարվել է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև ներդրումների համակարգման հարթակի մեկնարկը։

«Հարթակը կմիավորի ԵՄ-ին, Հայաստանի կառավարությանը և միջազգային ֆինանսական հաստատություններին, և այն կօգնի էլ ավելի մեծացնել ԵՄ ներդրումները Հայաստանում՝ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում, որի միջոցով Հայաստանում արդեն իսկ մոբիլիզացվել են մինչև 500 միլիոն եվրո ծավալի ներդրումներ։ Հարթակի առաջին հանդիպման ընթացքում ստորագրվել են երկու նոր ծրագրեր», - հայտնում են Միությունից։

Երևան այցելած Եվրամիության պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների, Միացյալ ազգերի կազմակերպության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG