Մատչելիության հղումներ

«Եվրատեսիլ»-ում Իսրայելի երգը կարող է որակազրկվել՝ քաղաքական ակնարկների համար


«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Իսրայելի ներկայացուցիչ Էդեն Գոլանը
«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Իսրայելի ներկայացուցիչ Էդեն Գոլանը

Իսրայելը «Եվրատեսիլ»-ին նոր երգ չի ներկայացնի, եթե Եվրոպական հեռարձակողների միությունը չհաստատի երկրի կողմից առաջարկված «Հոկտեմբերյան անձրև» երգը:

Եբրայերեն մեջբերումներով անգլերեն երգը գրել են Ավի Օհայոնը, Քերեն Պելեսը և Ստավ Բեգերը։

Ըստ Haaretz պարբերականի՝ տեքստը ներառում է «Շնչելու օդ չմնաց» և «Նրանք բոլորը լավ երեխաներ էին, նրանցից յուրաքանչյուրը» տողերը: Երգում հիշատակվում է նաև «ծաղիկներ» բառը, որը համարվում է պատերազմում զոհված զինվորների ծածկագիր:

Երգը պետք է կատարի 20-ամյա Էդեն Գոլանն, ով Ռուսաստանում 2018 թվականին մասնակցել է «Ձայնը. Երեխաներ» (Голос. Дети) մրցույթին:

«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները «Հոկտեմբերյան անձրև»-ը որակել են որպես քաղաքական երգը, որը հղում է անում 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի վրա «Համաս»-ի կատարած հարձակմանը: «Համաս»-ը Միացյալ նահանգների և Եվրամիության կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաճվել:

«Եվրատեսիլ»-ը կարող է որակազրկել այդ երգը: Հարցի վերջնական որոշում դեռ չի կայացվել։

«Եվրատեսիլ»-ի կանոնների համաձայն, եթե որևէ երգ մերժվի, մասնակիցները կարող են այն ներկայացնել նոր տեքստով, ինչը պետք է արվի մինչև մարտի 11-ը։ Իսրայելական հեռարձակող Kan Corporation-ի համոզմամբ, երգը համապատասխանում է պայմաններին և տեքստը չի փոխվի:

Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Միկի Զոհարը սոցիալական ցանցում գրել է, որ հնարավոր որակազրկումը «սկանդալի սկիզբ կլինի»։

«Կոմպոզիցիան, որը կկատարի Էդեն Գոլանը, հուզիչ ստեղծագործություն է։ Այն իր մեջ պարունակում է այս օրերին մեր ժողովրդի հույզերն ու ապրումները։ Եվ այնտեղ քաղաքական հայտարարություններ չկան», - ընդգծել է նախարարը՝ կոչ անելով «Եվրատեսիլ»-ին «թույլ չտալ, որ քաղաքականությունն ազդի արվեստի վրա»։

«Եվրատեսիլ»-ի կանոնների համաձայն, ելույթները չպետք է պարունակեն քաղաքական կամ քարոզչական հայտարարություններ, անպարկեշտ արտահայտություններ կամ գովազդ։

2009 թվականին վրացական Stephane and 3G խումբը ցանկացել է կատարել «We Don’t Wanna Put In» երգը, որի վերնագիրն ակնկարկ է արել Ռուսաստանի այն ժամանակաշրջանի վարչապետ Վլադիմիր Պուտինին: Այդ երգի կատարումը «Եվրատեսիլ»-ում կասեցվել է:

Այս տարվա «Եվրատեսիլ»-ն անցկացվելու է Շվեդիայի հարավում գտնվող Մալմյո քաղաքում, եզրափակիչը տեղի կունենա մայիսի 11-ին։

Եվրոպական որոշ երկրների երաժիշտներ դեմ են Իսրայելի մասնակցությանը «Եվրատեսիլ»-ին՝ Գազայի պատերազմի պատճառով։ Ռուսաստանը վերջին երկու տարիներին չի մասնակցում մրցույթին: «Եվրատեսիլ»-ը հայտարարել է ռուսներին հեռացնելու մասին Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG