Մատչելիության հղումներ

Պոլիկլինիկաներում նեղ մասնագետների պակասը լրացնելու ժամանակավոր ձևը Շիրակի մարզում գտել են


Շիրակի մարզի պոլիկլինիկաներից մեկում, փետրվար, 2024թ.
Շիրակի մարզի պոլիկլինիկաներից մեկում, փետրվար, 2024թ.

Մարզային պոլիկլինիկաներում մի շարք նեղ մասնագետների պակաս կա։ Շիրակի մարզի առողջապահության ոլորտը համակարգող Լեյլի Ասլանյանն ընդունում է խնդիրը ու պնդում, թե բացը լրացնելու ժամանակավոր ձևը գտել են։

«Նեղ մասնագետների խնդրի բացը մենք փորձում ենք լրացնել նույն նեղ մասնագետի՝ տարբեր բուժհաստատություններում համատեղ աշխատանքով, այսինքն՝ այդ համատեղություններով մենք հնարավորինս ծածկում ենք դաշտը», - «Ազատության» հետ զրույցում նշեց Ասլանյանը՝ հավելելով, որ դա միայն իրենց խնդիրը չէ. - «Մասնագետների պատրաստման այդ կարևորագույն խնդիրը նաև նախարարության խնդիրն է»:

Առողջապահության նախարարությունն էլ որոշել է նեղ մասնագետների պատրաստման ու մարզեր գործուղման ծրագիր իրականացնել։

«Ընտրում են մասնագիտություն, որի կարիքը ունի մարզը, և իրենք պայմանագիր են կնքում Առողջապահության նախարարության հետ և պարտավորվում են երեք տարի աշխատել մարզում», - ասաց Լեյլի Ասլանյանը:

Ի վերջո, մարզում ի՞նչ մասնագետի կարիք կա. - «Սրտաբաններ, ակնաբույժներ, քիչ-կոկորդ-ականջաբաններ, վիրաբույժներ՝ էս նեղ մասնագետների խնդիրը ունենք, բոլորը աշխատում են համատեղ»:

Նեղ մասնագիտությամբ բժիշկներ կան, որ միանգամից համատեղության կարգով մի քանի պոլիկլինիկաներում կամ հիվանդանոցներում են աշխատում։ Նրանց աշխատասենյակների դռներին փակցված է, թե օրվա որ ժամին կարող են պացիենտներ ընդունել։

Տեսախցիկից այն կողմ բժիշկներն ընդունում են, որ բուժհաստատությունից բուժհաստատություն գնալ-գալն ազդում է մատուցած ծառայության վրա, բայց նաև հավելում են, թե ձեռնտու է, քանի որ ավելի շատ են վարձատրվում։ Սակայն այս գրաֆիկն անհարմարություններ է ստեղծում նաև պացիենտների համար։

«Ազատության» հեռուստառեպորտաժը՝ ստորև.

XS
SM
MD
LG