Մատչելիության հղումներ

15 հազար գյումրեցի շուրջ կեսդարյա բուժսարքավորումներով է սպասարկվում պոլիկլինիկայում


45 տարեկան ռենտգեն սարքը դեռ մի քանի տարի էլ կծառայի գյումրեցիներին, մինչև կորոշվի թիվ 1 պոլիկլինիկայի ճակատագիրը՝ նոր շենք կտեղափոխվի, թե՞ հինը կվերանորոգվի։ Գյումրիում վեց պոլիկլինիկա է գործում, որոնցից երկուսը թե՛ շենքի, թե՛ սարքավորումների լուրջ խնդիր ունեն։

Կառավարությունը, որ մտադիր է այս տարվանից փուլ առ փուլ սկսել առողջության պարտադիր ապահովագրումը, շեշտը հենց առաջնային օղակի վրա է դնում։

Գործադիրի մինչև 2025 թվականը վերանորոգվող բուժհաստատությունների ցանկում Գյումրիի 2 պոլիկլինիկաներն ընդգրկվել են։ Եթե 2-րդ պոլիկլինիկան տեղում է վերանորոգվելու, 1-ի պարագայում թեպետ նախագծման համար կառավարությունն արդեն 15.5 միլիոն դրամ է հատկացրել, բայց դեռ անորոշ է Երկրագիտական թանգարանին հատկացված նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքից մի հատված թիվ 1 պոլիկլինիկային տրամադրելու հարցը։

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Լեյլի Ասլանյանն ասում է՝ երկու նախարարությունները քննարկել, համաձայնության եկել են, բայց դեռ վերջնական որոշումը չկա։

«Առողջապահության նախարարն ու կրթության, գիտության, մշակույթի նախարարը միասին քննարկել են, համաձայնության եկել են, որ շենքի մի հատված մենք տրամադրենք թիվ 1 պոլիկլինիկային, ու նախատեսված գումարը ներդրվի այդ հատվածի վերակառուցման և հագեցման վրա: Դեռևս քննարկումներն ընթանում են», - նշեց Ասլանյանը:

Նախքան առողջապահական պարտադիր ապահովագրության մեկնարկը թիվ 1 պոլիկլինիկան դժվար նոր շենք ու նոր սարքավորումներ ունենա։ Տնօրեն Խաչիկ Գալստյանն ասում է՝ ելքը գտել են, հիվանդներին ուղեգրում են ստացիոնար բուժհաստատություն, որտեղ ժամանակակից սարքավորումներ են։ Այս պոլիկլինիկայում 80-ականներից ի վեր երբևէ տեխնիկական վերազինում չի եղել, պնդում է տնօրենը։ Հին սարքերի պակաս պոլիկլինիկան չունի։

Բժշկական մյուս կաբինետներում էլ սարքավորումները սովետական են։ Պոլիկլինիկան նույնիսկ ջեռուցում չունի, էլեկտրական սալիկներով են սենյակները տաքացնում։ Բժշկական հիմնական ծառայությունները 2-րդ ու 3-րդ հարկերում են։ Նեղ աստիճաններով հիվանդները մի կերպ են բարձրանում։

Թիվ 1 պոլիկլինիկան այս պահին 15 հազարից ավելի բնակչության է սպասարկում։

XS
SM
MD
LG