Մատչելիության հղումներ

Պաշտոնավարման վեցերորդ տարում Փաշինյանը շնորհավորական ուղերձ չհղեց Արցախյան շարժման տարեդարձի առիթով


«Կեցցե՛ ազատ Արցախը, Կեցցե՛ ազատ Հայաստանը». 5 տարի առաջ Նիկոլ Փաշինյանն այս խոսքերով էր ավարտել Ղարաբաղյան շարժման հերթական տարեդարձի իր ուղերձը։ 2020-ի պատերազմից առաջ՝ այս օրը հղած շնորհավորանքում Հայաստանի վարչապետը դեռ հավատում էր Արցախի ազատության հնարավորությանը։

«Ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացումը և ժողովրդավարական ազատություններն ինչպես 1988-ին, այնպես էլ այսօր շարունակում են մեզ համար մնալ հստակ նպատակակետ: Եվ մենք համոզված ենք, որ միասնական ջանքերով հասնելու ենք մեր նպատակներին, քանի որ հավատարիմ ենք այն պայքարին ու ձգտումներին, որոնք անշրջելի են դարձնելու Արցախի բռնած ազատության ճանապարհը», - նշել է Փաշինյանը։

21-ի այս օրը 44-օրյա պատերազմից 3 ամիս էր անցել և վարչապետը պատրաստակամություն էր հայտնում առաջ շարժվել ազգային իղձերի ու երազանքների իրականացման ուղիով։ Երեք տարի անց, երբ բանավեճի մեջ է մտել Սահմանադրությունից անկախության հռչակագիրը հանելու շուրջ, հենց ինքն է հարցնում՝ ո՞րն է այդ իղձը:

«Խորն է մեր ցավը, անբուժելի են մեր վերքերը: Սակայն, մեր սուրբ նահատակների հիշատակը և նրանց գործը պահանջում են, որ մենք մեր ողջ կարողությամբ լծվենք մեր ապագայի կառուցմանը, Արցախի վերածնունդը ապահովելուն», - ընդգծել է նա:

Եթե 21-ին վարչապետը Արցախի հանրապետության ապագայից էր խոսում, ճիշտ մեկ տարի անց օգտագործում էր Արցախի հայության իրավունքների պաշտպանություն ձևակերպումը։ 2022-ին իր ուղերձում արդեն խաղաղության դարաշրջան բացելը համարեց Արցախի իրավունքների միջազգային ճանաչման երաշխիքը։

«Հայաստանի Հանրապետությունն արտաքին քաղաքականություն չի ունեցել, ունեցել է Լեռնային Ղարաբաղի քաղաքականություն, Հայաստանի Հանրապետությունն անվտանգության օրակարգ չի ունեցել, ունեցել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության օրակարգ և այլն և այդպես շարունակ: Այն ռեսուրսները, որ մենք պետք է դնեինք Հայաստանի Հանրապետություն ստեղծելու վրա, դրել ենք Լեռնային Ղարաբաղի հանրապետություն ստեղծելու վրա», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Եվ եթե դեռ անցած տարի վարչապետ Փաշինյանը ղարաբաղյան շարժումը «մեր պետականության վերականգնման առաջին քայլն» էր համարում, ամիսներ անց արդեն խոսում էր ոչ թե իղձերի, այլ՝ իր խոսքով, փոշիացված ռեսուրսների մասին։ Հայտարարում էր՝ «Հայաստանի ռեսուրսները ծախսվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ստեղծելու վրա, խնդիր, որի լուծումն, ի սկզբանե, ողջ միջազգային հանրությունը կանխարգելել է»:

«Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ և Հայաստանի Հանրապետության պետական շահերը պետք է առաջնորդեն մեզ», - ասել է Փաշինյանը:

Պաշտոնավարման վեցերորդ տարում Հայաստանի Հանրապետության վարչապետը նախընտրեց նախորդ տարիների ճամփով չգնալ ու շնորհավորական ուղերձ չհղեց Արցախյան շարժման տարեդարձի առիթով:

XS
SM
MD
LG